Փողերի անանցանելիություն. ինչպե՞ս հասկանալ, որ կինն ունի նման խնդիր և ինչպե՞ս է հնարավոր բուժել

Ախտորոշում

Հարցերին պատասխանում է «Շենգավիթ» ԲԿ-ի  «Մարդու վերարտադրողական առողջության  կենտրոն»-ի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանը:

Ի՞նչ խնդիր է սա

 

Կանանց անպտղության դեպքերի մոտ 20%-30%-ը լինում է փողաորովայնամզային գործոնի պատճառով: Փողաորովայնամզային գործոնի մասին խոսում ենք այն դեպքում, երբ կա երկու փողերի անանցանելիություն կամ մեկ փողի անանցանելիություն կամ կա արտահայտված կպումային պրոցես փոքր կոնքի խոռոչում:

 

Որո՞նք են առաջացման պատճառները

 

Առաջացման պատճառներն են`

·        ինֆեկցիաները (խլամիդիոզ, գոնորեա), որոնք հանդիսանում են փողերի փակման պատճառներից հիմնականը

·        Գենիտալ էնդոմետրիոզ  

·        Կյանքի ընթացքում ունեցած որովայնի խոռոչի բորբոքային հիվանդությունները, հատկապես պերիտոնիտը

·        Կյանքի ընթացքում փոքր կոնքի հատվածում ունեցած վիրահատությունները (յուրաքանչյուր վիրահատությունից հետո կա հավանականություն, որ կարող է փողաորովայնամզային գործոնով պայմանավորված անպտղություն առաջանալ):

 

Որո՞նք են ախտանշանները

 

Որպես այդպիսին՝ գանգատներ չեն լինում, և կինը չի իմանում, որ ունի փակ փողեր:

 

Ո՞ր դեպքում է անհնար հղիությունը

 

Փողերի բորբոքային հիվանդության տեսակ է հիդրոսալպինքսը, որի դեպքում փողերը փակ են և դրանց մեջ հավաքված է հեղուկ: Իսկ եթե թարախային հեղուկ է հավաքված` պիոսալպինքս է կոչվում, որը հազվադեպ է հանդիպում, կինն ունենում է լուրջ գանգատներ:

Այս հիվանդությունների դեպքում նույնիսկ արտամարմանային բեղմնավորմամբ հղիանալու հավանականությունը շատ փոքր է, ուստի խորհուրդ ենք տալիս կատարել փողերի հեռացում, որից հետո` արտամարմանային բեղմնավորում:

 

Ինչպե՞ս է կատարվում ստուգումը

 

Երբ զույգը դիմում է մեզ, դաշտանային ցիկլից անմիջապես հետո կատարում ենք հիստերոսալպինգոգրաֆիա  ռենտգեն հետազոտությունը, որի միջոցով ստուգվում է փողերի անցանելիությունը: Այն համարվում է փողերի ստուգման առաջնակի ստանդարտ թեստ, բայց երբեմն կարող են լինել կեղծ դրական պատասխաններ, երբ փողերը փակ են թվում հատկապես պրոքսիմալ (սկզբնական)  հատվածներում: Այդ դեպքում կարելի է հետազոտությունը կրկնել 1 ամիս անց:  

 

Ինչպե՞ս է բուժվում 

 

Եթե հիստերոսալպինգոգրաֆիայի ժամանակ հայտնաբերում ենք փողերի փակվածություն (կախված` որ հատվածն է փակ, քանիսն է փակ), առաջարկում ենք ինչ-որ մի մեթոդ: Եթե փողերը փակված են սկզբնական (պրոքսիմալ) հատվածներում, առաջարկում ենք արտամարմանային բեղմնավորում, եթե վերջնական (ամպուլյար) հատվածներում` ուրեմն կինը կամ դիմում է լապարոսկոպիկ միջամտության, կամ արտամարմանային բեղմնավորման: Լապարոսկոպիան վիրահատական միջամտություն է, որը կատարվում է գինեկոլոգ-վիրաբույժների կողմից: Փողերը լապարոսկոպիայով բացելուց հետո սպասում ենք մեկ տարի, եթե այդ ընթացքում հղիություն տեղի չի ունենում, հավանական է, որ կպումային պրոցեսը փողերի շուրջ կամ փողերի մեջ վերսկսվել է, և դրանք նորից փակվել են: Ուստի մեկ տարի հետո, եթե կա փողերի փակվածություն, կատարվել է լապարոսկոպիա և կինը չի հղիացել, մենք կրկնակի վիրահատություն խորհուրդ չենք տալիս, այլ խորհուրդ ենք տալիս միանգամից կատարել արտամարմանային բեղմնավորման:

Գովազդ