10 տարվա անպտղությունից հետո զույգն աղջնակ է ունեցել

Հաջողության պատմություններ

10 տարվա անպտղություն ունեցող զույգը բուժումներ էր ստացել տարբեր բժշկական կենտրոններում, բայց ապարդյուն: Տղամարդու մոտ առաջին աստիճանի օլիգոզոոսպերմիա էր ախտորոշվել (սերմնահեղուկի մեջ սպերմատոզոիդների քանակի նվազում): 

Հուսահատված զույգը դիմում է «Շենգավիթ» ԲԿ-ի  «Մարդու վերարտադրողական առողջության  կենտրոն»-ի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանին` ներարգանդային սերմնավորման ևս մեկ փորձ անելու համար: 

 

«Կատարեցինք սերմի ներարգանդային ներարկումների չորս ցիկլ, սակայն անհաջող, հղիություն տեղի չունեցավ»,-պատմում է Մարգարիտա Գրիգորյանը:

Անհաջող փորձերից հետո գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգն առաջարկում է անել արտամարմնային բեղմնավորում, որի երկու փորձերը ևս անհաջող են լինում: Հուսահատված զույգը չի իմանում` ինչ անել:

 «Թեև զույգը թե՛ մեզ մոտ` «Շենգավիթ» ԲԿ-ում, թե՛ այլ հիվանդանոցներում շատ էր արել սերմի ներարգանդային ներարկումներ (ինսեմինացիա), այնուամենայնիվ ես առաջարկեցի անել ևս մեկ փորձ: Փորձը հաջողվեց,  գրանցվեց հղիություն»,-ուրախությամբ փաստում է  «Շենգավիթ» ԲԿ-ի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգը:

Երկու արտամարմնային բեղմնավորման անհաջող փորձերից հետո կատարվեց  ևս մեկ ներարգանդային սերմնավորում՝ այս անգամ դրական արդյունքով.  ծնվեց աղջնակ, որն արդեն 3 ամսական է: 

 

Գրիգորյանը նշում է`այն  հիվանդները, ովքեր համբերատար են և մինչև վերջ պայքարում են նպատակի համար,  սովորաբար բոլորն էլ արդյունքի հասնում են:  «Անպտղությունն արդեն բուժելի է, ուստի պետք է բուժվել մինչև արդյունքի հասնելը»,-ասում է Գրիգորյանը:

 

 

Գովազդ