Բարի լուր՝ տոնական օրը. 13 տարվա անպտղությունից հետո ծնվեց եռյակ...

Հաջողության պատմություններ

«Շենգավիթ» ԲԿ-ի «Մարդու վերարտադրողական առողջության» կենտրոնում, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանի և «Արագիլ» բարեգործական հիմնադրամի օգնությամբ եռյակ է լույս աշխարհ եկել` երկու տղա և մեկ աղջիկ: Օժանդակ տեխնոլոգիաների կիրառումից հետո ևս մեկ արտամարմնային բեղմնավորման փորձ կատարելուց հետո գրանցվեց երկար սպասված հղիությունը: Եռյակները լույս աշխարհ են եկել կեսարյան հատման ճանապարհով` մանկաբարձ-գինեկոլգ Աշոտ Սիրունյանի օգնությամբ:

Փոքրիկների նեոնատոլոգ Հակոբ Մելքումյանի խոսքով՝ վաղ նորածնային շրջանում երեխաներից երկուսի մոտ խնդիրներ էին զարգացել, սակայն բժշկական կենտրոնի պրոֆեսիոնալ բուժանձնակազմի և ժամանակակից սարքավորումների տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս՝ ժամանակին կանխելու նմանատիպ խնդիրները: Այսօր երեխաները բավարար վիճակում են, բուժման կարիք այլևս չունեն և պատրաստ են մայրական խնամքին: «Շենգավիթ» ԲԿ-ում եռյակներ, երկվորյակներ շատ հաճախ են ծնվում. միջին վիճակագրությամբ՝ «Շենգավիթ» ԲԿ-ի «Մարդու վերարտադրողական առողջության» կենտրոնում օժանդակ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում տարվա կտրվածքով գրանցվել է 10 բազմապտուղ ծննդաբերություն: Իսկ ահա անկախության 25-ամյակին ընդառաջ ընդամենը մի քանի օրվա ընթացքում «Շենգավիթ» ԲԿ-ում ծնվեց 2 եռյակ /օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ/ և 3 երկվորյակ /բնական բեղմնավորմամբ/: Հիշեցնենք, որ «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է ՀՀ-ում դեմոգրաֆիկ խնդիրների լուծմանն աջակցելը, վերարտադրողական բժշկության կազմակերպումը: Հիմնադրամը գործում է ՀՀ առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Շնորհավորում ենք երջանիկ ընտանիքին ու թող բոլոր ընտանիքներում լսվի մանկան առողջ ճիչը: Առողջ եղեք:

Գովազդ