Բանիմաց բժիշկների կատարած բարդ վիրահատության շնորհիվ կինը կարող է մայրանալ  

Հաջողության պատմություններ

Քաղաքացի Ս.Ե.-ն`  33 տ., «Շենգավիթ» ԲԿ է ընդունվել՝ գանգատվելով առատ, երկարատև դաշտանից, միջդաշտանային քսվող բնույթի արյունային արտադրությունից:

Երիտասարդ կինը բազմաթիվ կլինիկաներ էր դիմել մինչև «Շենգավիթ» ԲԿ դիմելը, և գրեթե բոլոր կլինիկաներում պատասխանը եղել է միանշանակ, որ պետք է հեռացվի ռեպրոդուկտիվ օրգանը, քանի որ վիրահատությունը բարդ և անկանխատեսելի է: Սակայն «Շենգավիթ» ԲԿ դիմելու առաջին իսկ պահից` բժշկական խորհրդատվությունից անմիջապես հետո, կատարվել են անհրաժեշտ բոլոր կլինիկո-լաբորատոր  հետազոտությունները:

Ուլտրաձայնային հետազոտության արդյունքում պարզվել է, որ արգանդը մեծացած է: Աջ ձվարանում նկարագրվում է էնդոմետրոիդ կիստա՝ 2.5 x 3.6սմ չափսի:

Հայելիներով զննման ժամանակ հայտնաբերվել է ցերվիկալ կանալի արյունահոսող պոլիպ՝ 3.4 x3.7սմ չափսի: Հաշվի առնելով կնոջ տարիքը և հետագա ռեպրոդուկտիվ ֆունկցիայի կարևորությունը՝ որոշվեց կատարել կոնսերվատիվ միոէկտոմիա, ձվարանի էնդոմետրոիդ կիստայի հեռացում, հիստերոռեզեկտոսկոպիա պոլիպի հեռացում և արգանդի սուբմուտոզ հանգույցների հեռացում: Վիրահատության ընթացքում հեռացվեցին մոտ 24 տարբեր տրամաչափի միոմատոզ հանգույցներ:

Վիրահատությունն իրականացրել է «Շենգավիթ» ԲԿ-ի ծննդօգնության գծով գլխավոր տնօրենի տեղակալ, մանկաբարձ-գինեկոլոգ Աշոտ Սեյրանի Սիրունյանը, իսկ վիրահատությանն իրենց անմիջական մասնակցությունն են ցուցաբերել մանկաբարձ-գինեկոլոգ Գայանե Մնացականյանը և   «Շենգավիթ» ԲԿ-ի Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար,  բ.գ.թ. Աշոտ Վլադիմիրի Ամրոյանը:

Կար վտանգ, որ հիստերոռեզեկտոսկոպիայի միջոցով սուբմիտոզ միոմատոզ հանգույցները հնարավոր չէր լինի հեռացնել և կարիք կլիներ բացել արգանդի խոռոչը՝ հեռացնելու դրանք, այդ դեպքում գուցե նաև հնարավոր չլիներ պահպանել, փրկել երիտասարդ կնոջ ռեպրոդուկտիվ օրգանը՝ արգանդը: 

Շնորհիվ պրոֆեսիոնալ անձնակազմի թիմային աշխատանիքի, երիտասարդ կնոջ ռեպրոդուկտիվ օրգանը ոչ միայն պահպանվեց, այլ նաև վիրահատությունը և հետվիրահատական շրջանն ընթացավ  հարթ՝ առանց որևէ բարդությունների: Վիրահատության 3-րդ օրը հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից: Նա կարող է մայրանալ:

 

 

Գովազդ