Ներարգանդային սերմնավորում. Ի՞նչ է այն, ո՞ր դեպքերում է ցուցված և ինչպե՞ս է կատարվում

Սերմնավորում

Հարցերին պատասխանում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի Ռեպրոդուկտոլոգիայի բաժանմունքի լաբորատորիայի վարիչ, անդրոլոգ, էմբրիոլոգ Վահե Հայկի Միլիտոնյանը:

 Ի՞նչ է ներարգանդային սերմնավորումը:

 Ներարգանդային սերմնավորումն  այն գործընթացն է, երբ տղամարդու սերմը մշակվում է հատուկ նյութերով, անջատվում են մորֆոլոգիապես առողջ և ակտիվ  սպերմատոզոիդները, սերմը ակտիվանում է, որից հետո ներարկվում է արգանդի խոռոչ:

 Ու՞մ է ցուցված: 

Ցուցված է սերմի որակի, քանակի կամ ակտիվության խնդիրներ ունեցող տղամարդկանց: Իհարկե, գոյություն ունի սահման, և դրանից ցածր լինելու դեպքում չենք կարող սերմնավորում կատարել, քանի որ այն պետք է ինքնուրույն բեղմնավորում առաջացնի:

Ներարգանդային սերմնավորում կատարվում է նաև այն դեպքում, երբ լինում է իմունոլոգիական խնդիր, և սպերմատոզոիդները չեն կարողանում անցնել կնոջ արգանդի վզիկի լորձով: Դա համարվում է անհամատեղելիություն: Այս դեպքում ևս սերմը մշակվում է, անջատվում են լավ սպերմատոզոիդները, ակտիվացվում, կատետրի միջոցով ներարկվում է արգանդի խոռոչ և ստանում ենք հղիություն: Նաև ցուցված է անհայտ պատճառով անպտղության դեպքում: 

Ինչո՞վ է տարբերվում արտամարմնային բեղմնավորումից: 

Դրանք տարբեր գործընթացներ են: Արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) ժամանակ պունկցիայի միջոցով կնոջ ձվարաններից վերցնում ենք ձվաբջիջները, տղամարդուց` սպերմատոզոիդները, որոնք մշակվում են, անջատվում, և բեղմնավորումը կատարվում է դրսում` փորձանոթի մեջ: Սաղմերը  3-5 օր ինկուբատորի մեջ աճեցնելուց հետո տեղափոխում ենք կնոջ  արգանդի խոռոչ:

 Ի՞նչ հետազոտություններ պետք է անցնել:

 Գոյություն ունի կանոնակարգված հետազոտությունների ցանկ, որը պետք է անցնել արտամարմնային կամ  ներարգանդային սերմնավորումից  առաջ:

Հարկավոր է անցնել բազմաթիվ հետազոտություններ: Կնոջ օրգանիզմը պետք է լիովին պատրաստ լինի հղիությանը, որպեսզի այդ ընթացքում խնդիրներ չառաջանան:

 Որքա՞ն է հղիանալու հավանականությունը:

 Երիտասարդ զույգի մոտ հղիանալու հավանականությունը 30% է ներարգանդային սերմնավորմամբ, 3 ցիկլի ընթացքում, իսկ ԱՄԲ մեկ փորձի արդյունքում՝ մոտ 40-45%:

 Անհաջող փորձից որքա՞ն ժամանակ հետո կարելի է նորից կրկնել:

 Անհատական է: Մոտ 2-3  ամիս հետո կարելի է նորից կրկնել ԱՄԲ, իսկ ներարգանդային սերմնավորումը անընդմեջ 3-6 ամիս կարելի է կրկնել:

 Ծնողները կարո՞ղ են սեռը որոշելու հարցում միջամտել:

 ՀՀ օրենքն արգելում է, թեև ունենք սեռը որոշելու պայմաններ  ԱՄԲ-ի ընթացքում:

 

Գովազդ