Փոխնակ մայրություն. ո՞վ, ինչպե՞ս, որքա՞ն գումարով և ի՞նչ իրավական հիմքերով կարող է օգտվել փոխնակ մոր ծառայությունից

Փոխնակ մայրություն

Հարցերին պատասխանում է Շենգավիթ ԲԿ-ի փոխտնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Առողջ Միտք» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Սմբատի Մխիթարյանը:

Ի՞նչ օրենսդրական երաշխիքներ կան, որ փոխնակ մայրը չի պահանջի երեխային:

Փոխնակ մայրը հղիությունը կրող կինն է, որից ծնված երեխան չի կրում նրա գենոտիպը:

Ըստ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի` փոխնակ մայրն իրավունք չունի ծնված երեխային չհանձնելու մյուս կողմին: Նորածնին կենսաբանական ծնողներին հանձնելու պահից սկսած փոխնակ մայրն իրենից ծնված երեխայի նկատմամբ այլևս որևէ իրավունք չունի և չի կրում որևէ պարտականություն, քանի որ փոխնակ մայրը հանդիսանում է միայն հղիություն կրողը:

Օրենքում կատարվել է փոփոխություն, որի համաձայն՝ այժմ փոխնակ մայրը չի կարող միաժամանակ լինել ձվաբջջի դոնոր:

Նախկինում փոխնակ մայրը կարող էր նաև ձվաբջջի դոնոր հանդիսանալ, և ստացվում էր, որ կինը և՛ փոխնակ մայր է, և՛ կենսաբանական ծնող: Այդ դեպքում, թեև կար պայմանագիր, փոխնակ մայրը որոշակի հավակնություններ կարող էր ունենալ:

Այժմ փոխնակ մայրն իրավունք չունի պահանջել երեխային, քանի որ  կատարում է իր աշխատանքը: Աշխատանքի պայմանները ֆիքսվում են պայմանագրում, որը ստանում է նոտարական վավերացում, և իր աշխատանքի դիմաց կինը ստանում է վարձատրություն: Եթե պայմանագրում նախատեսված գումարը չի ստանում, կամ քիչ է ստանում, կամ այլ խախտումներ են տեղի ունենում, տարաձայնությունները լուծվում են իրավական ճանապարհով: 

Ինչպե՞ս է կատարվում փոխնակ մոր վարձատրությունը: 

Իրավական տեսանկյունից դա ազատ պայմանագիր է, և  կնքվում է փոխնակ մոր և կենսաբանական ծնողների միջև՝ փոխհամաձայնության հիման վրա (այսինքն` վճարի չափը, կարգը, ժամկետները որոշվում են փոխհամաձայնությամբ): Փոխնակ մայրը և կենսաբանական ծնողները ստանում են իրենց հուզող հարցերի պատասխանները: Երկու կողմերը ծանոթանում են հստակ ձևակերպում և վերջնական տեսք ստացած պայմանագրին, համաձայնում բոլոր դրույթների հետ, ապա ստորագրում պայմանագիրը: Հաշվի առնելով ծրագրի կարևորությունը և օրենքի պահանջը` կնքված պայմանագիրը  ենթարկվում է նոտարական վավերացման, որը թույլ է տալիս առավելագույնս պաշտպանել երկու կողմերի շահերը:

Կնքված պայմանագրում հնարավոր է փոփոխություններ կատարել նույն կարգով` նոտարական վավերացմամբ: 

Ո՞ր դեպքում են դիմում այս ծրագրին:

Եթե բժշկական համապատասխան հետազոտություններից և զննումներից հետո պարզվում է, որ կինն անկարող է ինքնուրույն հղիանալ, ծննդաբերել կամ դա վտանգավոր էիր առողջության համար, դիմում է օժանդակ տեխնոլոգիաների կիրառմանը:

Լինում են դեպքեր, երբ նախկինում առողջ կինը ունի մեկ կամ երկու զավակ, ուզում է ևս մեկն ունենալ, սակայն այդ ընթացքում կրել է ինչ-որ հիվանդություն կամ վիրահատվելորն այլևս հնարավոր չի դարձնում նրա հղիությունը և ծննդաբերելը բնական ճանապարհով, այդ դեպքում զույգը կամ անհատը դիմում է օժանդակ տեխնոլոգիաների կիրառմանը:

Կամ երբ կինը ծննդաբերել է 40 տարեկանում, հիմա 43 է և հղիանալու կամ ծննդաբերելու հնարավորություն չունի այլևս (զարգացել է երկրորդային չբերություն` տարիքի հետ կապված կամ վիրահատություն է կրել և այլն), բայց ուզում է ունենալ երեխա, այդ դեպքում դիմում է այս ծառայություններին: Հնարավոր է նաև այլ տարբերակ, երբ առողջ կինն ինքնուրույն ունակ է հղիանալ և ծննդաբերել, բայց ցանկանում է նույն ժամանակահատվածում ունենալ մեկից ավելի երեխա: Սա օրենքը չի արգելում:

Ի՞նչ կարգով են փոխնակ մայր գտնում: 

Ձվաբջջի դոնոր կամ փոխնակ մայր հիմնականում գտնում են հետևյալ տարբերակներով.

·         փնտրում են իրենց ծանոթների շրջապատում:

·         ապօրինի ճանապարհով են փորձում գտնել, որը ստեղծում է մի շարք դժվարություններ կենսաբանական ծնողների համար: Հիմնականում այդ քայլին գնում են ֆինանսական խնդիրների կամ  տեղեկացված չլինելու պատճառով:

·         առաջարկող կազմակերպությունների օգնությամբ, որոնք կարող են օժանդակ տեխնոլոգիաների ծառայությունների մատուցմամբ զբաղվել կամ չզբաղվել:

  «Առողջ միտք» կազմակերպությունը չի զբաղվում բժշկական տեխնոլոգիաների կիրառմամբ, զբաղվում է այդ տեխնոլոգիաների կիրառման կազմակերպմամբ: Կազմակերպությունը տալիս է ծառայությունների փաթեթ` գտնում է դոնոր, փոխնակ մոր թեկնածու, համապատասխանեցնում է կենսաբանական ծնողների պահանջներին, կազմակերպում է իրավական փաստաթղթային ձևակերպումներ, որից հետո զույգն է որոշում` որ բժշկական կենտրոնի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվի:

Կենսաբանական ծնողները և փոխնակ մայրը պարտավոր են պայմանագիրը կնքելուց առաջ ուշադիր լինել և գիտակցել բոլոր կետերի կարևորությունը: Դրանք պետք է քննարկել իրավաբանի կամ այլ մասնագետի հետ, ստանալ լիարժեք պատասխան:

Մոտ 10 ամիսների ընթացքում երկու կողմերն առնչվելու են գործնական պայմաններում, որի ընթացքում կարող են ի հայտ գալ մի շարք խնդիրներ, (օրինակ` որոշ ժամանակ առաջ այլ բան են հասկացել, այժմ այլ բան են պատկերացնում):

Սա կազմակերպչի թերությունն է նաև, որը պարտավոր էր բացատրել, մանրամասնել ամեն ինչը` հետագա խնդիրներից խուսափելու համար: 

Ովքե՞ր կարող են օգտվել «Փոխնակ մայրության» ծրագրի ծառայություններից: 

Նախկինում Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից (ՎՕՏ)` մասնավորապես փոխնակ մոր ծառայություններից կարող էր օգտվել յուրաքանչյուրը, անկախ քաղաքացիությունից:

Այժմ իրավական դաշտում փոփոխություն է կատարվել, ըստ որի՝ եթե փոխնակ մայրը ՀՀ քաղաքացի է, ապա նրա ծառայություններից օգտվող մարդիկ ևս պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ: Օրենքի փոփոխության արդյունքում կտրուկ նվազել է կենսաբանական զույգերի թիվըՀայաստանում երեխա չունեցող ընտանիքը ոչ միշտ է կարողանում դիմել փոխնակ մոր ծառայություններին, քանի որ անհրաժեշտ են էական ֆինանսական միջոցներ:

Մինչ օրենքի ընդունումն այդ ծառայություններից օգտվել իրենց կարող էին թույլ տալ հիմնականում արտերկրում ապրող վճարունակ մարդիկ, ովքեր չունեին ՀՀ քաղաքացիություն: 

Ո՞վ և որտե՞ղ կարող է դիմել փոխնակ մոր կամ դոնորի ծառայություններից օգտվելու համար: 

Բժշկասոցիալական հակացուցումներ չունեցող 20-35 տարեկան կինը կարող է լինել փոխնակ մայր: Ցանկություն ունեցողները կարող են դիմել «Առողջ միտքե կազմակերպություն կամ «Շենգավիթե ԲԿ, որտեղ կարող են ստանալ աջակցություն: 

Որքա՞ն են կազմում ծառայությունների ծախսերը, ընդհանուր արժեքը: 

Դժվար է ասել միջին գին. կարող է տատանվել` կախված տարբեր հանգամանքներից:

Փոխնակ մոր վարձատրությունը կարող է լինել 6000-7000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամից մինչև 12000-15000 ԱՄՆ դոլար: Վերջին տարիներին կայացած միջին արժեքն է 10000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը, իսկ երկվորյակների դեպքում այդ գինը կարող է մեծանալ 25-50%-ով:

Դոնորի ծառայությունները նույնպես ունեն միջին արժեք. դոնորից վերցված մի ձվաբջիջը կարող է ունենալ մի գին, ծառայությունը՝ այլ գին: Դոնորի ծառայությունների արժեքը կախված է դոնորի տարիքից, արտաքինից, առողջությունից: Միջին գինը 1000-2000 ԱՄՆ դոլար է: Ձվաբջիջ գնելու դեպքում վճարում են յուրաքանչյուր ձվաբջջի համար, ըստ այդմ գինը կարող է կրկնակի աճել: Կախված է` ինչպես է գնահատվում ձվաբջիջը (տարբեր կազմակերպություններ տարբեր սկզբունքներով են աշխատում կամ տարբեր զույգերի հետ տարբեր սկզբունքներ են կիրառվում):

Փոխնակ մայրերին աշխատավարձ է վճարվում, բնակարան է վարձվում: «Առողջ միտքե-ը կնոջը գումար է տալիս ոչ միայն երեխայի ծնվելուց հետո, այլև կնոջ հղիության հաստատման պահից սկսած ամսական 100.000-150.000 դրամ աշխատավարձ է վճարում, որպեսզի կինը ստիպված չլինի վճարովի աշխատանք փնտրել, հետագայում ապահովում է նաև բնակարանով, որպեսզի կինը հեռու լինի տարատեսակ բամբասանքներից, խոսակցություններից և հղիությունը տանի իր բնակավայրից հեռու:

Ընդհանուր ծախսերը` իրավաբանական, բժշկական (վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառում, դրան նախորդող բժշկակենսաբանական հետազոտություններ, գործիքային հետազոտություններ, անհրաժեշտ բուժումներ, ընթացքում դեղորայքային կորեկցիա) և փոխնակ մոր վարձը միասին կազմում են մոտ 22000-25000 ԱՄՆ դոլար, որը կենսաբանական զույգը ծախսում է 10-11 ամիսների ընթացքում: Գումարի մի մասը ծախսվում է սկզբում, մի մասը՝ ընթացքում, մյուսը` վերջում: 

Ծնողները կարո՞ղ են միջամտել սեռը որոշելու հարցում: 

ՀՀ օրենքը արգելում է ՎՕՏ կիրառման ընթացքում սեռը որոշել: 

Նշեմ, որ այս ճանապարհով երկվորյակներ ունենալու հավանականությունը 20 անգամ մեծ է, քան բնական ճանապարհով հղիանալու պարագայում, որովհետև վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառման ընթացքում, որպես կանոն, տեղադրվում է երկու ձվաբջիջ (մեկ ձվաբջիջ հազվադեպ է տեղադրվում), և եթե երկու ձվաբջիջն էլ տեղավորվում են արգանդի լորձաթաղանթում և սկսում են զարգանալ, ապա հաճախ երկվորյակներ են ծնվում:

Գովազդ