Ի՞նչ է փոխնակ մայրությունը, ո՞ր դեպքերում է ցուցված և ինչպե՞ս է կատարվում

Փոխնակ մայրություն

Հարցերին պատասխանում է «Շենգավիթ» ԲԿ-ի  «Մարդու վերարտադրողական առողջության  կենտրոն»-ի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանը:

 Ի՞նչ է փոխնակ մայրությունը:

Փոխնակ մայրը կրում է կենսաբանորեն իր հետ ոչ մի կապ չունեցող պտղի, այսինքն` հղիությունը զարգանում է այլ կնոջ արգանդում:

Փոխնակ մայրության ծրագիրը անմիջական կապ ունի արտամարմնային բեղմնավորման հետ, քանի որ առանց դրա փոխնակ մայրություն լինել չի կարող:

 

Փոխնակ մայրության ժամանակ կատարում ենք արտամարմանային բեղմնավորում, օրգանիզմից դուրս ստանում ենք կենսաբանական ծնողների սաղմերը և տեղադրում այլ կնոջ արգանդի մեջ:

 Ո՞ր դեպքում է ցուցված փոխնակ մայրությունը:

Հետևյալ դեպքերում`

·         Արգանդի բացակայություն, երբ կենսաբանական մայրը չունի արգանդ:

·         Արգանդի այնպիսի չվերականգնվող հիվանդությունների դեպքում, որոնք անհամատեղելի են հղիության և ծննդաբերության հետ: Օրինակ` արգանդի խոռոչի կպումները (Աշերմանի համախտանիշ), արգանդի խոռոչի լուրջ դեֆորմացիաները, բազմահանգուցային միոմաները, արգանդի վզիկի լուրջ հիվանդությունները և այլն:

·         Սոմատիկ հիվանդություններ. ներքին օրգանների այնպիսի հիվանդությունները, որոնց դեպքում հակացուցված է հղիությունը և ծննդաբերությունը:

·         Արտամարմնային բեղմնավորման անհաջող  փորձեր, երբ լավ որակի սաղմերով կատարվել են արտամարմնային բեղմնավորման բազմաթիվ փորձեր, սակայն կինը չի հղիացել:

 Ինչպե՞ս է կատարվում:

Փոխնակ մոր դեպքում օգտագործում ենք երկու եղանակ: Առաջինի դեպքում համապատասխանեցնում ենք կենսաբանական մոր և փոխնակ մոր դաշտանային ցիկլերը, իրենք միաժամանակ տեսնում են դաշտան: Կենսաբանական մայրը ստանում է խթանիչներ, որպեսզի իր մոտ աճեն ձվաբջիջներ, իսկ փոխնակ մայրը` փոխարինիչ հորմոնալ թերապիա արգանդը հղիության նախապատրաստելու համար: Համապատասխանեցնելով ցիկլերը, օրգանիզմից դուրս ստանում ենք կենսաբանական ծնողների սաղմերը և հենց այդ ցիկլում տեղադրում փոխնակ մորը:

Երկրորդ դեպքում, կենսաբանական ծնողներից ստանում ենք սեռաբջիջները, բեղմնավորում ենք, ստանում սաղմերը, դրանք սառեցնում ենք և տեղադրում փոխնակ մորը` ցանկացած ցիկլի ժամանակ: 

Ի՞նչ պահանջների պետք է բավարարի փոխնակ մայրը:

Փոխնակ մայրը պետք է լինի 18-35 տարեկան, ծննդաբերած, առողջ կին, չունենա գինեկոլոգիական և սոմատիկ հիվանդություններ, որոնք հակացուցված կլինեն հղիության և ծննդաբերության համար: 

Ի՞նչ հետազոտություններ պետք է անցնի փոխնակ մայրը:

Պետք է հետազոտել հորմոնները, ինֆեկցիաները արյան և քսուկի մեջ, արյան բիոքիմիական պրոֆիլը, արյան ընդհանուր քննությունը, պետք է անցնի փոքր կոնքի օրգանների, վահանաձև գեղձի, կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն, ինչպես նաև ստանա թերապևտի և հոգեբույժի խորհրդատվություն:

 Օրենսդրական ի՞նչ երաշխիքներ կան, որ հետագայում փոխնակ մայրը չի պահանջի երեխային:

Ըստ ՀՀ օրենսդրության` փոխնակ մայրը ոչ մի իրավունք չունի երեխային իրեն պահելու: Ի տարբերություն այլ երկրների,  ՀՀ օրենքը լիովին կենսաբանական ծնողների կողմից է:

 Որքա՞ն գումար է ստանում փոխնակ մայրը:

Կենսաբանական ծնողները և փոխնակ մայրը միմյանց հետ են պայմանավորվում. մենք այդ հարցում չենք միջամտում: Դա անհատական է, քանի որ փոխնակ մայր կարող է լինել քույրը, բարեկամուհին, որը կարող է անվճար դա անել:

Իհարկե, կան կազմակերպություններ, որոնք գտնում և տրամադրում են փոխնակ մայրեր, այդ դեպքում նրանք են զբաղվում այդ հարցերով:

 

 

 

Գովազդ