«Ինչպե՞ս վերականգնեմ կրծքերիս չափսն ու առաձգականությունը ծննդաբերությունից հետո». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Հասմիկ Անդրեասյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ին ուղղված հարցերի հերթական խմբաքանակին:

Մարինե
Հարց: Հարգելի գինեկոլոգ, ունեմ երկու երեխա: Ի՞նչ անեմ անցանկալի հղիությունից խուսափելու համար: Արդյոք, փողերի կապումը ճիշտ կլինի:

Պատասխան: Հարգարժան Մարինե, ՀՀ օրենքով 2 երեխա ունենալու դեպքում արգելվում է փողերի ստերիլիզացիան, ցանկալի է ընտրել այլ տարբերակ, եթե չկան առողջական խնդիրներ` ունեք ընտրութան  լայն հնարավորություն: Կարող եք ընտրել ինչպես մեխանիկական, այնպես էլ հորմոնալ մեթոդներ: Ցանկալի է անցնել մինիմալ ծավալով գինեկոլոգիական հետազոոտություն և Ձեր բժշկի հետ ընտրել Ձեզ համար օպտիմալ տարբերակը: Չնայած պետք է նշել, որ լավ կլինի մեթոդները հերթականությամբ կիրառել. մեկ մեթոդի երկարատև կիրառումը ցանկալի չէ:


Սիջ
Հարց: Բարև Ձեզ: Որքա՞ն  կարող է տևել օվուլիացիան:

Պատասխան: Հարգելի Սիջ, օվուլիացիան կնոջ օրգանիզմում տևում է 24 ժամ: Այսինքն՝ ձվաբջիջը, որն ազատվում է ձվազատումից հետո, կնոջ օրգանիզմում գոյատևում է 24 ժամ:


Աննա
Հարց: Արդեն 1 շաբաթ է, ինչ դաշտանս ուշացել է, բայց թեստ եմ անում, ցույց չի տալիս հղիություն: Ոչ միշտ, բայց ունեմ մեջքի ցավ: Ի՞նչ խորհուրդ կտաք, արդյոք կա՞ հղիություն:

Պատասխան: Հարգարժան Աննա, դաշտանի ուշացումը հնարավոր է հղիության հետ կապված լինի, կարող եք մեկ շաբաթ անց կրկնել թեսթը:

 Վարդուհի
Հարց: Բարև Ձեզ, եթե առաջին սեռական հարաբերության ժամանակ արյուն չի եկել ու շատ քիչ է ցավել, դա նորմա՞լ է: Եվ հնարավո՞ր է, որ արյուն չգա:

 Պատասխան: Հարգելի Վարդուհի, այո, հնարավոր է առաջին հարաբերությունից հետո արյուն չլինի, հնարավոր է նաև կուսաթաղանթը վնասված լինի, սակայն առանց արյունային արտադրության:


Անի
Հարց: Բարև Ձեզ: Ներեցեք, հնարավո՞ր է 2 շաբաթ ցավազրկող դեղամիջոցներ խմել օրական 2-3 հաբ, և դա դառնա դաշտանային ցիկլի խանգարման պատճառ (այսինքն՝ ցիկլը սկսվի նորմայից ուշ):

Պատասխան: Հարգելի Անի, այո, հնարավոր է: Եվ ընդհանրապես ցանկացած ցավազրկող չպետք է երկարատև օգտագործել, առանց բժշկի ցուցումների:


Մարինե
Հարց: Հարգելի բժիշկ, հղի եմ, և ինձ մոտ հայտնաբերվել է խրոնիկ ցերվիցիտ: Երկրորդ հղիությունս է, առաջինի ժամանակ եղել է վիժում: Հիմա հղիությունս 10 շաբաթական է: Նշեմ, որ ինֆեկցիաներ չունեմ: Հարցս այսպիսին է՝ որքանո՞վ է վտանգավոր ցերվիցիտը: Անհրաժե՞շտ է բուժել, թե՞ այդպես էլ մնա: Ապրում եմ ՌԴ-ում: Նախապես շնորհակալություն:

 Պատասխան: Հարգարժան Մարինե, եթե ստուգված են սպեցիֆիկ ինֆեկցիաները և բացակայում են, ապա ցերվիցիտի համար բուժում կարող եք ստանալ ամեն դեպքում հղիության երկրորդ եռամսյակում` այն էլ ոչ ամբողջական ծավալով: Վտանգավոր կարող է լինել հղիության ընթացքի համար, ուստի Ձեր բժշկի կողմից կնշանակվեն պրեպարատներ` հղիությունը պահպանելու համար:


Անի
Հարց: Բարև Ձեզ: Ընկերուհուս խորհրդով հղիությունից պաշտպանվելու համար ասպիրին էի օգտագործում: Մի քանի օր առաջ տեսնելով, որ ցիկլս ուշանում է՝ ասպիրին օգտագործեցի: Ասեմ, որ դրանից երկու օր առաջ թեստ էի արել ու պատասխանը բացասական էր: Ասպիրին կիրառելու օրը թեստ արեցի ու պարզվեց, որ հղի եմ: Արդյո՞ք դեղն իր բացասական ազդեցությունը կթողնի պտղի զարգացման վրա: Նախապես շնորհակալություն:

 Պատասխան: Հարգելի Անի, առաջին հերթին պետք է նշեմ, որ ասպիրինն ինքը հակաբեղմնավորիչ միջոց չէ և ոչ էլ կիրառվում է հղիության ընդհատման համար: Այն կարող է ազդդեցություն ունեննալ արյան մակարդելիության վրա, ուստի հետագայում խորհուրդ չեմ տա կիրառել այն առանց բժշկի նշանակման:

 Անուշ
Հարց: Բարև Ձեզ, ինձ մոտ 9 շաբաթական հղիություն է:  Ուլտրաձայնային ստուգումից հետո ինձ ասեցին, որ արգանդս թեքված է, խնդրում եմ ասեք` արդյոք խնդիրներ չե՞ն առաջանա երեխայի ծնվելուց:

Պատասխան: Հարգարժան Անուշ, հղիության ընթացքում արգանդի թեքվածությունն աջ կամ ձախ կողմ բնական երևույթ է: Ուստի որևէ խնդիր չի կարող առաջանալ ծննդաբերության ընթացքում:


Տաթև
Հարց: Բարև Ձեզ: Ինձ մոտ 18 տարեկանում նկատվել էր շաքարի մի փոքր բարձր քանակություն` 8 մմլ էր:

Դիետաներով և ֆիզիկական ակտիվությամբ այդ ամենը կարգավորվեց: 23 տարեկանում հղիության անալիզներից պարզ դարձավ, որ կրկին բարձր է: Անմիջապես նշանակեցին ինսուլին: Հիմա հղիությունս 23 շաբաթական է ու շատ անհանգիստ հղիություն եմ տանում: Մշտապես վախի մեջ եմ: Ասեք, խնդրում եմ, դա շա՞տ վտանգավոր է:

 Պատասխան: Հարգարժան Տաթև, խորհուրդ կտամ ավելի մանրամասն հետազոտություն անցնել էնդոկրինոլոգի մոտ` հասկանալու համար՝ ձեզ մոտ կա շաքարային դիաբետ, թե այսպես կոչված գեստացիոն դիաբետ՝ դիաբետ, որը լինում է հղիության ֆոնի վրա: Այնուամենայնիվ, երկու դեպքում էլ կարող է որոշակի վտանգ լինել հղիության համար, ուստի Ձեզ անհրաժեշտ է նեղ մասնագիտական խորհրդատվություն:


Անի
Հարց: Բարև Ձեզ: 17 տարեկան եմ, 2 անգամ վիժել եմ. ունեցել եմ ցիտո և ուրեո վիրուսներ: Հիմա 20 շաբաթական հղի եմ, ունեմ ցավեր որովայնի ստորին և մեջքի հատվածում: Հնարավո՞ր է՝ վիժեմ, քանի որ ունեմ արտադրություն: Մեկ շաբաթ առաջ եմ դուրս գրվել հիվանդանոցից, պապավերին եմ օգտագօրծում:

 Պատասխան: Հարգելի Անի, խորհուրդ կտամ կրկին դիմել բժշկի:


Մերի
Հարց: Բարև Ձեզ, հարգելի մասնագետ: Ինչպե՞ս կարելի է վերականգնել կրծքերի նախկին տեսքը` առանց վիրահատության: Թիրեոտոկսիկոզի հետևանքով շատ էի նիհարել, և կուրծքս փոքրացել ու կորցրել է առաձգականությունը, որոշ դեղամիջոցներ ստանալուց հետո քաշս վերականգնվեց, բայց կուրծքս` ոչ: Կանացի հորմոնների անալիզներ հանձնել եմ, և դրանք նորմայի մեջ են: Կարելի՞ է կուրծքը մեծացնող հաբեր կամ քսուքներ օգտագործել: Շնորհակալություն: 

  Պատասխան: Հարգարժան Մերի, կուրծքը մեծացնող հաբերի և քսուքների գովազդը, սովորաբար, լինում է միֆ, իրականում պրակտիկորեն անհնար է վերականգնել կրծքերի առանձգականությունը նման մեթոդներով: Տեսքը վերականգնելու համար ճիշտ կլինի դիմել պլաստիկ, էսթետիկ  վիրաբույժի օգնությանը: