«Գրիպից հետո փոքրիկս չի ուզում մանկապարտեզ գնալ: Ինչպե՞ս վարվեմ». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

 

Քրիստ

Հարց: Բարև Ձեզ: Աղջիկս 4 տարեկան է, հաճախում է մանկապարտեզ: Սկզբնական շրջանում ուրախ էր գնում: Երբ գրիպով հիվանդացավ, 1 շաբաթ չգնաց, իսկ  հիմա չի ուզում գնալ, ասում է՝ ինձ հետ պիտի մնաս: Ստիպված խաբում եմ, այլապես լացում է ամբողջ ճանապարհին ու շատ դժվար է բաժանվում ինձնից: Մի փոքր լացելուց  հետո հանգստանում է, մասնակցում է խաղերին: Նշեմ, որ դաստիարակները շատ բարեհամբույր են, ամեն ինչ իր ուզածով են անումԻ՞նչ խորուրդ կտաք:

Պատասխան

Եթե լաց լինելուց հետո շատ արագ խաղաղվում է, ապա շարունակեք տանել: Պարզապես տանը հաճախակի խոսեք այդ մասին, որ ինքը գնալու է պարտեզ, որ լավ է անցկացնելու օրը,  որ հետո դուք իրեն վերցնելու եք, որորոր…: Օգնեք, որ երեխան  մտովի անընդհատ ապրի  այդ պահը, ինչպես նաև պարտեզ գնալը չվերածվի պրոբլեմի, այլ լինի ձեր կյանքի անբաժանելի և սովորական մասը: Զրուցեք, քննարկեք պարտեզի հետ կապված հարցեր, իրեն մասնակից դարձրեք դրանց: Պատմեք իրեն, թե ինչ եք անում իր բացակայության ժամանակ, ցույց տվեք, որ ինքը շատ կարևոր բան է անում՝ պարտեզ գնալով: Ինչ էլ  լինի, միշտ մնացեք անդրդվելի այն հարցում, որ ինքը պիտի գնա, այսինքն՝ մի քննարկեք չգնալու հարցը: Եթե կզգաք, որ երեխան իսկապես տանջվում է պարտեզում, դա ուրիշ հարց է:

 

Անժելա

Հարց: Տղաս 5 տարեկան է. երբ վազում կամ խաղում է, սկսում է գոռալ: Ամբողջ օրը գոռալով ու խաղալիքները կոտրելով է անցկացնումՀիմա դպրոց է գնում՝ 0 դասարան է, շատ է սիրում դպրոցը, մեծ հաճույքով է գնում, լավ է սովորում, բայց երբ դասերը վերջանում եննորից սկսում է կոտրել ու գոռալ: Նշեմ, որ  տղաս փոքր հասակից շատ չար է եղելԻ՞նչ անեմ, խնդրում եմ՝  մի խորհուրդ տվեք:

Պատասխան

Գոռալը, կոտրելն ագրեսիվության դրսևորումներ են: Պետք է հասկանալ՝ որտեղից է առաջանում այդ ագրեսիան: Ավելի գրագետ կլինի մեկ անգամ դիմել մանկական հոգեբանի, որովհետև այսպես հնարավոր չէ կռահել, թե ագրեսիան ինչից է և ինչպես է պետք դա հաղթահարել: Բացի ագրեսիան, դա կարող է լինել պարզապես ամրապնդված վարք: Այսինքն՝  մի քանի անգամ արել է,  դրան արձագանքել են մեծերը՝ բարկացել, պատժել, և այդ վարքն ամրապնդվել է: Դադարե՛ք ամրապնդել այդ վարքը, հնարավորինս շեղեք և անտեսեք:

 

Լուսինե

Հարց: Հարգելի՛ հոգեբան, երեխաս 5 տարեկան էՎերջերս ունեցա երկրորդ բալիկին, որը մահացավ. բնածին արատով էր ծնվել: Աղջիկս անհամբեր սպասում էր քրոջ ծննդին, ու հիմա, երբ քույրիկը մահացել է, ինքը շատ տարօրինակ վարքագիծ է ձեռք բերել: Ամեն բանից լացում էիր ուզածին չհասնելուց՝ հուզվում: Ես իր հետ խոսել եմ մինչ փոքրիկի մահը՝ ասելով, որ մեր քույրիկը շատ հիվանդ է, իսկ մահանալուց հետո ասացի, որ ինքն  այժմ մեզ հետ չէ, այլ Հիսուսի մոտ: Աղջիկս, կարծես,  նորմալ ընդունեց: Երբեմն հիշում ենք քույրիկին, ու ասում եմ, որ քույրը իրեն շատ էր սիրումԱրդյո՞ք պետք է վարքի փոփոխությունը կապեմ քրոջ մահվան հետ, թե՞ ոչԻնչպե՞ս վարվեմ:

Պատասխան

Երեխայի վարքի կտրուկ և անհասկանալի փոփոխությունները խոսում են նրա հոգեկան ապրումների, հոգեբանական վիճակի փոփոխությունների մասին: Շատ հնարավոր է, որ քույրիկի մահվան հետ է կապված, բայց վստահ չենք կարող ասել: Պետք է մասնագետը տեսնի և մի քիչ ավելի մանրամասն ուսումնասիրի իրավիճակը: Լավ կլինի, որ միասին այցելեք հոգեբանի:

 

Մարինե

Հարց: Բարև Ձեզ, իմ երեխան 9 ամսական է:  2 -3 ամիսը մեկ գիշերային քնի մեջ լացում է, և չենք կարողանում արթնացնել: Նա լրիվ թուլանում է և ձայնը փոխված է լացում՝ կամ ճչում է կամ  նվվում՝  կարծես ցավից: Դա տևում է 15 րոպե և ավելի: Փորձել եմ ջուր ցողել, անգամ թշիկներին եմ հարվածել, ոչինչ չի օգնում:  Խնդրում եմ, մի խորհուրդ տվեք, ի՞նչ կարող եմ անել, որ չկրկնվի, և ինչի՞ց այն կարող է առաջանալ. հնարավո՞ր է՝ լուսնորդություն լինի:

Պատասխան

Քնի խանգարումները հիմնականում երեխայի ներքին լարվածության հետ են կապված՝ այն տագնապների, որ երեխան ունենում է ցերեկը, բայց չի կարողանում  յուրացնել, մարսել, և դրանք սկսում են դրսևորվել գիշերը: Փորձեք ցերեկը հնարավորինս նվազեցնել երեխայի տագնապը, անհանգստանալու և վախենալու առիթները: Եթե երեխան լարվելու առիթներ քիչ ունի, ապա ուշադրություն դարձրեք Ձեր հույզերին՝ որքանո՞վ եք  լարված դաստիարակում երեխային, որքանո՞վ եք  վստահ և ապահով զգում ձեզ երեխայի հետ կապված հարցերում: Եթե չգտնեք պատճառներ, ապա դիմեք մասնագետի, որպեսզի տեղում հասկանաք և լուծեք խնդիրը: Երբեմն դրա համար մեկ հանդիպումը բավարար է լինում: Այստեղ անհրաժեշտ է ծնողների խորհրդատվությունը:

Ջուր ցողել, հարվածել, բղավել երեխային արթնացնելու համար՝ պետք չէ: Ավելի լավ է՝ թույլ տվեք, որ ինքն իրեն արթնանա: Կարող եք ցերեկը նրա հետ մի «բանալի»  բառ պայմանավորվել, որ եթե այդ բառն ասեք, ինքը կարթնանա: Պարբերաբար դրա մասին խոսելով, հիշելով ու պայմանավորվելով՝  երեխայի համար դա դառնում է ռեֆլեքսի նման մի բան: Ասենք՝  պայմանավորվում եք, որ այդ լացի ժամանակ դուք իրեն ասելու եք՝ վերջ, դա երազ է, արթնացիր, ու ինքը պիտի արթնանա: Ամեն անգամ դա կրկնելով՝ աստիճանաբար երեխայի մոտ կձևավորվի այդ բառերին արձագանքելու ձև՝ արթնանալը:

 

Գրետա

Հարց: Բարև Ձեզ, իմ բալիկը 3 ամսական է, վերջին շրջանում պարբերաբար (շաբաթը 3 անգամ ) քնից վեր է թռնում և սաստիկ լաց լինում, տպավորություն է, որ մղձավանջային երազ է տեսնում:

Ասացեք, խնդրում եմ, դա նորմա՞լ է համարվում, թե՞ ոչ: Ինչպե՞ս կարող ենք պայքարել այդ երևույթի դեմ:

 

Պատասխան

Կարդացեք նախորդ հարցի պատասխանը:

 

Մարի

Հարց: Բարև Ձեզ, հարգելի հոգեբանԵս ունեմ 3 տարեկան տղա, նա իմ միակ երեխան է: Ես և ամուսինս գրեթե ամեն ինչ արել ենք նրա համար: Հիմա երեխայիս մոտ բնավորություն է դարձել այն, որ խանութում ինչ ցանկանա, պետք է գնենք: Երբեմն մեզ վատ դրության մեջ է գցում խանութում, գոռում է, լացում: Ոչ մի կերպ չեմ կարողանում փոխել այդ վարքագիծը:  Խնդրում եմ Ձեզ, խորհուրդ տվեք՝ ինչպե՞ս վարվեմ երեխայիս հետ:

Պատասխան

Երեխայի մոտ կամակորություն է դրսևորվում. եթե դուք իրեն ցույց եք տվել, որ ինքը ձեր տերն է, ու ինչ ուզի, պիտի անեք, ապա նա պիտի դա պահանջի այնքան ժամանակ, քանի դեռ կարող է: Հիմա դուք պետք է աստիճանաբար իրեն ցույց տաք, որ տան տերերը դուք եք, և դուք եք որոշում՝ ինչ պիտի գնվի, որքան և երբ: Առողջ երեխա մեծացնելու կարևոր պայման է, որ երեխան իրեն զգա ուժեղ ծնողների հովանու տակ: Չի կարելի դա անել ագրեսիայով, այսինքն՝ իշխանությունը կոպիտ ձևով ցույց տալով, պարզապես պետք է երեխային ցույց տալ, որ իր կարծիքը հարգելով հանդերձ, այնուամենայնիվ, որոշողը դուք եք:

 

Արմինե

Հարց: Բարև Ձեզ: Տղաս հինգ տարեկան է, դիտողություն անելիս ոչինչ լուրջ չի ընդունում։ Նույն արարքն անընդհատ կրկնում է։ Դրանից մենք կորցնում ենք ինքնատիրապետումն  ու հարվածում։ Գիտենք, որ սխալ ենք վարվում։ Կարո՞ղ եք օգնել , ինչպե՞ս վարվենք։

Պատասխան

Կարևոր է, թե ինչ արարք է գործում երեխան: Երբեմն ծնողների պահանջները լինում են ավելորդ, երբեմն էլ տեղին: Ճիշտ կլինի՝ խորհրդատվություն ստանաք մանկական հոգեբանից, ով կօգնի, որ դուք ավելի լավ հասկանաք երեխային և նրա վարքի կառավարման ավելի արդյունավետ միջոցներ կիրառեք: Չկան պատրաստի խորհուրդներ, թե ինչ անել, որ «չլսող» երեխան դառնա «լսող»: Երեխան այդպիսին է դառնում մի շարք գործոնների արդյունքում, ու դրանք ամեն դեպքում տարբեր են: Պետք է հասկանալ՝ ինչն է երեխային այդպիսին դարձրել, և ինչ է պետք անել  դա փոխելու համար: