«Եթե հարաբերությունից անցել է 10 օր, արյան անալիզը ցույց կտա՞ հղիությունը». «Իմ Փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է Շենգավիթ ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Ռաֆայել Թադևոսյանը:

 

Տաթև
Հարց: Բարև Ձեզ, ես 25 տարեկան եմ, նոր եմ ամուսնացել, յուրաքանչյուր հարաբերությունից հետո արյուն եմ ունենում: Ի՞նչը կարող է լինել պատճառը:

Պատասխան

Բարև Ձեզ, խորհուրդ եմ տալիս այցելել գինեկոլոգին, որպեսզի անցնեք մասնագիտական զննում՝ հասկանալու խնդրի պատճառը: Հնարավոր է, որ Ձեր նշված գանգատները պայմանավորված լինեն որոշակի միկրոտրավմաներով կամ կուսաթաղանթի ոչ լրիվ պատռմամբ:

 

Հասմիկ
Հարց: Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. ես հղի եմ, դեռ չեմ այցելել որևէ մանկաբարձի: Շատ չնչին ու կաթնաշոռի տեսքով այրուն եմ տեսնել: Ինչի՞ց կարող է լինել:

Պատասխան

Բարև Ձեզ, արյունը պայմանավորված է սպառնացող վիժումով, իսկ կաթնաշոռի տեսքով արտադրությունը վագինալ կանդիդոզի նշան է, շտապ պետք է այցելել մասնագետի:

 

Կարինե
Հարց:  4 տարի է՝ամուսնացել եմ եւ չեմ հղիանում. ֆոլիկուլը հասունանում է եւ չի պայթում: Հնարավո՞ր է բուժել, եւ ինչպե՞ս է դա կատարվում.՝ դեղորայքայի՞ն եղանակով, թե՞ գործիքային:

Պատասխան

Բարև Ձեզ:  Հնարավոր է դեղորայքային մեթոդով հասնել ձվազատման, բայց ամեն դեպքում ցանկալի է այցելել մասնագետի, անցնել բոլոր հետազոտությունները, հետո միայն սկսել համապատասխան բուժում:

 

Վարդուհի
Հարց:  Բարև Ձեզ, ինձ անչափ հուզում է հետևյալ հարցը. 3 շաբաթ է, ինչ ամուսնացել եմ, բայց ինձ մոտ կուսաթաղանթի պատռվածք չի եղել: Այցելել եմ գինեկոլգի, ասել են, որ խորն է ու չի պատռվի մինչ հղիություն: Ուզում եմ իմանալ՝ կարո՞ղ եմ հղիանալ առանց կուսաթաղանթի պատռվելու:

Պատասխան

Բարև Ձեզ, եթե հետազոտվել եք, և մասնագետի պատասխանն է եղել, որ Ձեր կուսաթաղանթը խորն է կամ` էլաստիկ, ապա այն կպատռվի ծննդաբերության ժամանակ, և դա բացարձակ չի խանգարում հղիանալու գործընթացին:

 

Լիանա
Հարց:  Բարև Ձեզ: Եթե սեռական հարաբերություն ունենալուց անցել է 10 օր (սեռական հարաբերությունը տեղի է ունեցել օվուլյացիայի օրը), արյան անալիզը ցույց կտա՞ հղիությունը: Շնորհակալություն:

Պատասխան

Բարև Ձեզ, այո, խորեոնային գոնադոտրոպինի անալիզը կարող է ցույց տալ հավանական հղիությունը:

 

 Լիլիթ

Հարց:  Քանի՞ օր հետո են երեւում հղիության նախանշանները:

Պատասխան

Բարև Ձեզ: Նախանշան ասելով՝ ի՞նչ նկատի ունեք: Եթե նկատի ունեք սրտխառնոց, գլխապտույտ և այլ տեսակի հղիության նախանշաններ, ապա դա խիստ անհատական է, ուստի լավ կլինի չսպասեք նախանշանների ի հայտ գալուն, և կատարեք հղիության հաստատման թեսթ, կամ խորեոնային գոնադոտրոպինի անալիզ:

 

Արմինե
Հարց: Բարև Ձեզ: Արդեն  2 տարի է, ինչ ամուսնացած եմ: 2 անգամ ինձ մոտ եղել է հղիություն, սակայն պտուղը 3-4 շաբաթականից չի մեծացել: Անցել եմ մի քանի հետազոտություն, սակայն ոչ մի վիրուս, ոչ մի խնդիր չկա, միայն քսուքի անալիզում հայտնաբերվել են բանալի բջիջներ.
դա կարո՞ղ է պատճառ հանդիսանալ:

Պատասխան

Բարև Ձեզ, դա պատճառ չի կարող հանդիսանալ, Ձեզ խորհուրդ կտամ առավել խորը բժշկական հետազոտություն և մասնագիտական բուժում:

 

Անի
Հարց: Բարև Ձեզ: 2 ամիս է՝ ամուսնացած եմ: Դաշտանի ընթացքում հարաբերություն ենք ունեցել: Դաշտանից մի քանի օր հետո 2 ամսում էլ արյուն եմ ունեցել: Ի՞նչ խնդիր կարող է լինել:

Պատասխան

Բարև Ձեզ, պետք է անցնեք գինոկոլոգիական զննում դաշտանային ցիկլից հետո:

 

Անի
Հարց:  Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. հնարավո՞ր է հղիանալ՝ առանց կուսությունից զրկվելու:

Պատասխան

Բարև Ձեզ, հնարավոր է, եթե սերմնաժայթքումը տեղի է ունեցել հեշտոցամուտքում: