«Պլանավորում եմ հղիություն, դաշտանս ուշանում է, բայց ցավեր ունեմ. անհանգստանալու կարիք կա՞». պատասխանում է գինեկոլոգը

Հարց/Պատասխան

 «Իմ փոքրիկ»-ի ընթերցողներից մեկը հարց էր ուղղել գինեկոլոգին՝ նշելով.

«Բարև Ձեզ, հարգելի՛ բժիշկ, նախորդ ամիս դաշտանս սկսվել էր հունիսի 1-ին: Նշեմ, որ պլանավորում եմ հղիություն, դաշտանս այս ամիս ուշանում է, սակայն  նշանները մի քանի օր է՝ կան (թեթևակի ցավեր): Ի՞նչ խորհուրդ կտաք, անհանգստանալու կարիք կա՞»:

Հարցին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:

        -Բարև Ձեզ, նախ՝ խորհուրդ կտամ թեսթ անել, ինչի շնորհիվ կհերքենք կամ կհաստատենք հղիությունը: Թեստի բացասական արդյունքի պարագայում, եթե դաշտանի ուշացումն ավելին է, քան 10-15 օրը, դիմեք գինեկոլոգի՝ պարզելու պատճառը: Պատճառները շատ են՝ սկսած կլիմայական փոփոխություններից, սննդակարգից, ֆիզիկական գերծանրաբեռնվածությունից, սթրեսից մինչև ավելի լուրջ պատճառներ, ինչպիսիք են՝ հորմոնալ խախտումները, արտասեռական այլ հիվանդությունները, որոնք կարող են ազդել ցիկլի վրա: Թեստի դրական արդյունքի պարագայում շնորհավորում եմ, բայց նորից դիմեք գինեկոլոգի՝ պարզելու հղիության առկայությունը, պտղաձվի տեղակայումը, զարգացումը և հսկելու հետագա ընթացքը: Եթե դաշտանն սկսվի (քանի որ կոնկրետ ուշացման օրերի քանակից տեղյակ չեմ), ուշադրություն դարձրեք այն ամենին, ինչը վերևում ասացի: