Փոքրիկի պորտը. ինչպե՞ս խնամել, ինչո՞վ և ե՞րբ դիմել բժշկի

Խնամք

Հարցերին պատասխանում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի  նեոնատոլոգ Արմինե Ֆանյանը:

 

Ինչպե՞ս խնամել նորածնի պորտը:

Ներարգանդային կյանքում պտղի սնուցումն ու նյութափոխանակությունը տեղի է ունենում ընկերքի միջոցով։ Ընկերքը պորտալարով միանում է պտղին։ Ծնվելուց հետո նորածնի պորտալարը կտրվում է, և որովայնին մնում է 2-3սմ պորտալարի մնացորդը։ Պորտը պետք է պահել չոր և մաքուր։

 

Որքա՞ն ժամանակահատվածում է լավանում և չորանում վերքը:

 

Պորտալարի մնացորդը չորանում և ընկնում է 1-3 շաբաթվա ընթացքում։ Պորտի վերքից հնարավոր է քիչ արյունային և շճային արտադրություն։

 

Ի՞նչ անել, որպեսզի պորտի վերքը շուտ լավանա ու առանց բարդությունների:

 

Պետք չէ պորտը որևէ բանով ծածկել։ Տակդիրը պետք է այնպես հագցնել, որ պորտիկը բաց մնա։ Որևէ նյութով մշակելու կարիք չկա։

 

Ի՞նչ հակացուցումներ կան:

 

Երբեք չձգել պորտալարի մնացորդը, եթե նույնիսկ թվում է, թե այն արդեն ընկնում է։ Պորտալարի մնացորդը չպետք է պատճառ լինի նորածնին չլողացնելու համար։ Նորածնին պետք է ամեն օր լողացնել։

Երբեմն պորտի վերքի մեջ ինֆեկցիայի թափանցման դեպքում հնարավոր է պորտի բորբոքում։

 

Ե՞րբ դիմել բժշկի:

 

Բժշկի պետք է դիմել, եթե`

 

•        Պորտի շուրջ մաշկը կարմիր է:

•        Պորտի վերքը թաց է, կա դեղնավուն արտադրություն:

•        Պորտի շուրջը ձեռք տալիս ցավում է, երեխան լաց է լինում: 

•        Պորտից առկա է առատ կամ անընդհատ կրկնվող արյունային  արտադրություն։

Գովազդ