Ծծակ նորածնի համար. ինչպե՞ս կատարել ընտրություն. ներկայացնում է բժիշկ Կոմարովսկին - մաս 1

Խնամք

Ի՞նչ ծծակ ընտրել փոքրիկի համար. այս հարցը չունի միանշանակ պատասխան, քանի որ, ի վերջո, այն ընտրում է փոքրիկը: Այդուհանդերձ, ծնողները պետք է իմանան ժամանակակից ծծակների հիմնական բնութագրերը: Դրանք տարբերվում են` ըստ չափսերի, պատրաստման նյութերի,  ձևի և այլն: 

Ծծակի չափսերը

 

Ծծակի նախընտրելի չափսը կախված է փոքրիկի տարիքից: Դրանք 3-ն են`

 

  • մինչև 3 ամսական
  • մինչև 6 ամսական
  • 6-18 ամսական

 

Նշանակություն ունեն նաև երեխայի մարմնի չափսերը՝ փոքրամարմին է, թե ոչ: 

 

Ծծակի նյութեր

 

Ծծակի պատրաստման համար օգտագործվող նյութերը  լինում են 2 տեսակի` լատեքսային և սիլիկոնե: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր դրական և բացասական  կողմերը:

 

Լատեքսը պատրաստված է սպիտակուցներից, ամինաթթուներից և բնական պոլիմերներից: Լատեքսից պատրաստված ծծակները բավականին  փափուկ են և ունեն դեղին գույն:

Դրանք խորհուրդ են տրվում վաղաժամ ծնված և թույլ փոքրիկներին. ծծակը բերանի մեջ տաքանալով՝ նմանվում է մոր կրծքին: 

Լատեքսից ծծակներն ունեն նաև թերություններ. լատեքսում պարունակվող սպիտակուցը կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել: Բացի այդ, նման ծծակները շուտ են կեղտոտվում և դժվար են լվացվում: Լատեքսը նաեւ վնասվում  է արևի ուղիղ ճառագայթներից, առաջանում են ճաքեր, որոնց վրա էլ պահպանվում են  մանրէները: Ցանկալի չէ ծծակը  թողնել տաքացնող սարքերի մոտ կամ արևի ուղիղ ճառագայթների տակ: 

Ժամկետանց լատեքսից ծծակը փոխում է գույնը, և դեղինը վերածվում է բաց շագանակագույնի, ծծելու ժամանակ դրա պատերը չորանում են: Նկատելով այդպիսի փոփոխություններ՝ ծնողները պետք է դեն նետեն տվյալ ծծակը:  Լատեքսից ծծակները խորհուրդ է տրվում փոխել մեկ ու կես ամիս հաճախականությամբ:

 

Սիլիկոնը սինթետիկ, սպիտակ նյութ է:  Բաց գույնի սիլիկոնե ծծակների առավելությունն այն է, որ փոքրիկների մոտ չեն առաջացնում ալերգիկ ռեակցիաներ: Այն, ի տարբերություն լատեքսի, երկար ժամանակ պահպանում է իր ձևն ու առաձգականությունը, չի կլանում հոտ: Այս ծծակները շատ հեշտ են մաքրվում և ավելի հիգիենիկ են: 

Սիլիկոնե ծծակն ավելի հարմար է այն երեխաներին, որոնք ունեն լավ արտահայտված ծծելու ռեֆլեքս: Բայց և օգտագործելիս ու տաքանալիս դրանք աստիճանաբար դառնում են կոշտ և կարող են կոտրվել:

Ատամներ ունենալու դեպքում փոքրիկը կարող է կծել այն, կուլ տալ մասնիկը և խեղդվել: Հետևաբար, այդ ժամանակահատվածում ցանկալի չէ օգտագործել սիլիկոնե ծծակ: 

Ամեն անգամ, մինչ ծծակը երեխային տալը, անհրաժեշտ է այն ստուգել՝ կծած հատված կա, թե ոչ:  Այտուցված լնդերի դեպքում ցանկալի չէ օգտագործել ծծակ, քանի որ լնդերի քորը հանգստացնելու համար կան հատուկ արտադրատեսակներ՝ այսպես կոչված քորիչներ:

 

 

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

Գովազդ