Ինչո՞վ ու ի՞նչ հաճախականությամբ լվանալ փոքրիկի մազերը. մասնագետի խորհուրդները

Խնամք

Հարցերին պատասխանում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի  նեոնատոլոգ Արմինե Ֆանյանը:

 

Ե՞րբ են ձևավորվում և թափվում փոքրիկների մազերը: 

Պտղի առաջին մազերը սկսում են ձևավորվել ներարգանդային կյանքի առաջին եռամսյակի վերջում, իսկ 28-29 շաբաթականից սկսած՝ պտղի ամբողջ մարմինը պատված է լինում աղվամազով։ Այդ ներարգանդային մազերը (կոչվում են լանուգո) անընդհատ փոփոխվում են։ Հասուն նորածնի մոտ ծնվելիս լանուգոն բացակայում է, անհասների մոտ դրանք թափվում են 2-4 շաբաթվա ընթացքում։ Ծնվելուց հետո մազերը շարունակում են թափվել և փոխարինվել նորով: Կյանքի առաջին 3 ամիսներին դրանք ամբողջությամբ փոխարինվում են նորերով։ Նորածնի մազերը 2-3 անգամ ավելի բարակ են, քան մեծահասակներինը: Աստիճանաբար դրանք փոխարինվում են «անցողիկ» մազերով, իսկ ամբողջությամբ դրանք փոխվում են սեռական հասունացման շրջանում։ Մազերի խտությունը, ձևը, գույնը մեծամասամբ պայմանավորված են գենետիկայով։ Որպեսզի դրանք լինեն ամուր, առողջ և փայլեն, անհրաժեշտ է մազերը խնամել՝ սկսած նորածնային հասակից։ 

Ինչպե՞ս խնամել փոքրիկի մազերը: 

Նորածնի մազերն ամենօրյա  խնամքի կարիք ունեն։ Երբեմն երեխայի գլխին փոքրիկ «կեղևիկներ» են լինում։ Մի հեռացրեք դրանք՝ ավելորդ ուժ գործադրելով։ Նախ՝ պետք է դրանք փափկեցնել, որի համար կարելի է օգտագործել մանկական յուղեր։ Այնուհետև լվանալիս զգուշությամբ մաքրել։

Ի՞նչ հաճախականությամբ լվանալ: 

Փոքրիկի գլուխը պետք է լվանալ ամեն օր։ Շաբաթվա ընթացքում 2-3 անգամ կարելի է օգտագործել մանկական շամպուն կամ օճառ։ Ջրի ջերմաստիճանը 37-37,5 C։ Ավելի տաք ջուր խորհուրդ չի տրվում, քանի որ այն կարող է վնասել նորածնի նուրբ մաշկը։ Բացի այդ, շատ տաք ջուրը խթանում է ճարպագեղձերի աշխատանքը և մազերն ավելի շուտ են կեղտոտվում։ Լվանալուց հետո փոքրիկի մազերը չի կարելի չորացնել վարսահարդարիչով, այն կարող է վառել  գլխի մաշկը և մազերը։ 

Ի՞նչ շամպուն օգտագործել: 

Անհրաժեշտ է նորածնի մազերը լվանալ տվյալ հասակի համար նախատեսված մանկական օճառով կամ շամպունով: Պետք է ուշադիր լվանալ նորածնի մազերը, որպեսզի ամբողջությամբ մաքրվի շամպունից (օճառից)։ Պետք է և մազերը, և մաշկը չորացնել փափուկ սրբիչով, առանց կոպիտ շարժումների։ Ինտենսիվ չորացումը կարող է վնասել մազերը և նուրբ մաշկը։

 

 

Գովազդ