Փոքրիկի մաշկը. ի՞նչ քսուքներով, ինչպե՞ս և ի՞նչ հաճախականությամբ խնամել

Խնամք

Հարցերին պատասխանում է  «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի  նեոնատոլոգ Արմինե Ֆանյանը:

Ի՞նչ առանձնահատկություններ ունի փոքրիկի մաշկը և ինչպե՞ս պետք է խնամել:

 

Ծնվելուց հետո նորածնի մաշկը պատված է լինում պաշտպանիչ քսուքով, որն ինքնուրույն ներծծվում է։ Նորածնի մաշկը շատ նուրբ է ու զգայուն։ Ծնվելու պահին այն լիովին ձևավորված չէ և ունի մի շարք առանձնահատկություններ։ Այն շատ բարակ է և զգայուն շրջակա միջավայրի նկատմամբ, շնչառական, ինչպես նաև ներծծող ֆունկցիան էլ ավելի արտահայտված են, քան մեծահասակների մոտ։

 

Հաշվի առնելով այս առանձնահատկությունները՝ չպետք է մոռանալ  նորածնի մաշկի ամենօրյա խնամքի մասին։ Անհրաժեշտ է ամեն օր լողացնել նորածնին։ Լողացնելը ոչ միայն ապահովում է մաշկի մաքրությունը, այլև խթանում է մաշկի ֆունկցիաները, արյան շրջանառությունը։ Անհրաժեշտ է նախապես պատրաստել լոգանքի պարագաները` մանկական օճառ, շամպուն կամ լոգանքի փրփուր, ինչպես նաև չոր ու փափուկ սրբիչ։

Առավելապես ուշադիր պետք է լինել տակդիրի տակ մաշկի խնամքին։ Տակդիրի տակ մաշկը շատ նուրբ և զգայուն է, մշտապես գտնվում է խոնավ միջավայրում և հակված է գրգռման։ Մաշկի պաշտպանման նպատակով պետք է այն խնամել և մշակել։ Անհրաժեշտ է հաճախակի փոխել տակդիրը, օգտագործել  տակդիրի համար հատուկ քսուքներ և կրեմներ:

 

Ի՞նչ խնամքի միջոցներ ընտրել փոքրիկների համար:

 

Նորածնի մաշկը շատ նուրբ և բարակ է, այն հաճախ չորանում և ճաքեր է ունենում, ուստի անհրաժեշտ է ապահովել ճիշտ խնամք։ Անհրաժեշտ է ունենալ խոնավացնող կրեմ, որը կարելի է լողացնելուց հետո քսել ամբողջ մարմնին։ Այս կրեմները սովորաբար պարունակում են բուսական յուղեր, գլիցերին և վիտամիններ։ Նորածինների մաշկը հաճախ գրգռվում է, շփաբորբեր են առաջանում և կարիք է լինում հակաբորբոքային պաշտպանիչ կրեմների։ Այս կրեմները սովորաբար պարունակում են երիցուկի բուսական յուղեր, պանտենոլ, ցինկի օքսիդ, որոնք  նպաստում են արագ արդյունքին։

 

Ե՞րբ  և ի՞նչ հաճախականությամբ օգտագործել դրանք:

 

Նորածնի մաշկի հիգիենայի միջոցները (մանկական խոնավացնող կրեմ, նրբաքսուք, լոսյոններ),  սովորաբար օգտագործում են լոգանքից հետո։ Պետք չէ առանց պատճառի և չափից շատ օգտագործել խնամքի միջոցներ։

 

Ինչպե՞ս խնամել մաշկը ամռանը և պաշտպանել արևից ու տապից: 

 

Հնարավորինս պետք է ապահովել օդային լոգանքներ։ Եթե երեխայի մաշկը չոր է, անհրաժեշտ է օգտագործել խոնավացնող և փափկեցնող կրեմներ և քսուքներ (հատկապես ցուրտ եղանակին)։ Քանի որ նորածնի մաշկը շատ զգայուն է, պետք է զբոսանքների ժամանակ պաշտպանել մաշկն արևից։ Պետք է հագցնել գլխարկ, օգտագործել արևապաշտպան միջոց։

Գովազդ