Բարուրե՞լ, թե՞ չբարուրել. պարզաբանում է բժիշկը. մաս 1  

Խնամք

Նորածիններին բարուրել են շատ վաղուց։ Դա ունեցել է մի շարք պատճառներ։ Դրանցից մեկն էլ այն է, որ ոչ վաղ անցյալում  չի եղել նորածնի հագուստ. երեխայի միակ հագուստը եղել է տակաշորը։ Այսօր հագուստի գրեթե բոլոր խանութներն առաջարկում են մանկական հագուստի լայն տեսականի: Չնայած դրան՝ շատ ծնողներ մինչև օրս էլ գերադասում են բարուրել նորածնին:

Նորածնին բարուրելու կողմնակիցները մատնացույց են անում տարբեր պատճառներ, որոնք պարզաբանում է նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը.

1.   Նորածինը սովոր է սահմանափակ տարածությանը, կարելի է ասել` սեղմ, ներարգանդային վիճակին, և նրան ավելի հարմարավետ կլինի, եթե շարունակենք այդ սահմանափակ տարածության մոդելը։ Մենք չգիտենք և միգուցե չենք էլ իմանա`  երեխային հարմա՞ր է, արդյոք,  այդ նեղ միջավայրը։ Այնուամենայնիվ, կան մի քանի դրույթներ, որոնք միանշանակ խոսում են արտարգանդային ազատ կենսակերպի օգտին և հակասում են ձիգ բարուրին և առհասարակ նեղ տարածությանը

·        Երեխան ներարգանդային կյանքում չի շնչում և թթվածինն ստանում է պորտալարից, իսկ ձիգ բարուրը խոչնդոտում է նրա ազատ շնչառությանը, ինչը բացասաբար է անդրադառնում նորածնի թոքերի զարգացման վրա։

·        Նորածնի ձեռքերի և ոտքերի սպոնտան շարժումները նպաստում են նրա նյարդամկանային համակարգի և կոորդինացիայի զարգացմանը, ինչի վրա բացասաբար է անդրադառնում ձիգ բարուրը։

·        Ձիգ բարուրը խոչնդոտում է մաշկի արյան շրջանառությանը։ Իսկ  արյան վատ մատակարարման շրջանները` մասնավորապես վերջույթները, սկսում են սառել, ինչին նպաստում է նաև երեխայի ուղիղ դիրքը («կուչ եկած» դիրքը նպաստում է մարմնի ջերմության պահպանման): Բացի այդ, ազատ հագուստի և մաշկի միջև օդի շերտը նվազեցնում է մարմնի ջերմության կորուստը։

·        Չբարուրված երեխան ավելի հեշտ ու արագ է բռնում մոր կուրծքը, քանի որ կարողանում է ազատ շարժել պարանոցը և հարմարվել մոր կրծքին։

·        Եվ վերջապես, եթե բոլոր նորածիններն ազատ վիճակում գտնվում են ծալված վերջույթներով դիրքում, ինչի՞ համար է պետք խոչընդոտել այդ ֆիզիոլոգիական դիրքին։

2.   Բոլորս էլ տատիկներից լսել ենք հետևյալ փաստարկը եթե չբարուրել փոքրիկին, ապա ոտքերը ծուռ կլինեն։ Սա ոչ միայն առասպել է, այլ նաև վտանգավոր մոլորություն։ Գիտականորեն ապացուցված է, որ նորածնի ոտքերի ուղիղ ֆիքսված դիրքը կարող է բերել կոնքազդրային հոդերի խախտման՝ հոդախախտի, ինչը հետագայում բերում է քայլքի խախտման, և երեխան քայլելիս սկսում է կաղալ ախտահարված կողմի վրա։ Դժվար է ասել՝ երբ և որտեղից է սկիզբ առնում այս համոզմունքը, սակայն գործնականում իրավիճակը ճիշտ հակառակն է։ Բանն այն է, որ երեխայի ոտքերի պաթոլոգիական ծռությունը (երբ նա սկսում է կանգնել ոտքերի վրա և հետագայում քայլել) հաճախ ռախիտի արդյունք է՝ նյութափոխանակության խանգարման հետևանքով ոսկրերի ամրությունը նվազում է և մեծանում է ճկունությունը, ինչի հետևանքով ոտքերը ծռվում են մարմնի զանգվածի ազդեցության տակ։ Այս հիվանդությունը կանխարգելվում է վիտամին D-ի ադեկվատ չափաբաժիններով և հաճախակի «արևային լոգանքներով»։

 

 

Գովազդ