Բարուրե՞լ, թե՞ չբարուրել. պարզաբանում է բժիշկը. մաս 2

Խնամք

Նորածիններին բարուրել են շատ վաղուց։ Դա ունեցել է մի շարք պատճառներ։ Դրանցից մեկն էլ այն է, որ ոչ վաղ անցյալում  չի եղել նորածնի հագուստ. երեխայի միակ հագուստը եղել է տակաշորը։ Այսօր հագուստի գրեթե բոլոր խանութներն առաջարկում են մանկական հագուստի լայն տեսականի: Չնայած դրան՝ շատ ծնողներ մինչև օրս էլ գերադասում են բարուրել նորածնին:

Նորածնին բարուրելու կողմնակիցները մատնացույց են անում տարբեր պատճառներ, որոնք պարզաբանում է նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը.

1.   Բարուրի կողմնակիցների հաջորդ պնդումը բարուրված նորածիններն ավելի հանգիստ են քնում, չեն շարժվում, հետևաբար՝ գիշերը չեն արթնանում և ծածկոցը չեն գցում։ Այս ամենը ճիշտ է։ Կյանքի առաջին մեկ-երկու ամսում նորածինն իսկապես կարող է արթնանալ իր իսկ շարժումներից։ Հարց է առաջանում՝ եթե չբարուրել, ապա ի՞նչ անել այդ դեպքում։

Նախևառաջ երեխային կարելի է պառկեցնել փորիկի վրա։ Եթե դուք լսել եք մանկական հանկարծամահության և փորիկի վրա պառկելու դիրքի կապի մասին, ապա իմացեք, որ վերջին տարիներին այդ կապը հերքվել է։ Մանկական հանկարծամահությանը նպաստում է ոչ թե պառկելու դիրքը, այլ անկողնում եղած բարձերը, մեծ, փափուկ խաղալիքները, ծածկոցները և այն ամենն, ինչը կարող է պատճառ դառնալ քնի ընթացքում շնչարգելության և շնչահեղձության։ Եթե երեխայի անկողնում օրթոպեդիկ ներքնակ է (առանց բարձի) և ճիշտ չափսի ծածկոց, ապա այս դիրքից վախենալ պետք չէ։ Բացի այդ, այս դիրքը շատ օգտակար է մի շարք պատճառներով․ այն բարելավում է մարսողությունը, ավելի հեշտ են դուրս գալիս գազերը (ինչին խոչընդոտում է ձիգ բարուրը և ոտքերի ուղիղ դիրքը), նպաստում է մեջքի և պարանոցի մկանների տոնուսի ճիշտ ձևավորմանը, երեխան ավելի շուտ է կարողանում ինքնուրույն պահել գլուխը, զգալի նվազում է ասպիրացիայի հավանականությունը (փսխման ժամանակ ներշնչումը)։ Ի վերջո, այս դիրքում երեխան չի կարող արթնանալ իր անկանոն շարժումներից և չի կարող գցել իր վրայից ծածկոցը։ Իսկ եթե ձեր փոքրիկն ինչ-որ պատճառով չի սիրում քնել փորիկի վրա, ապա կարելի է օգտվել մանկական քնապարկերից, որոնք, թեկուզ և չափավոր սահմանափակում են նրա շարժումները, սակայն զուրկ են բարուրի բացասական կողմերից։

Ի դեպ, պետք է նշել, որ խորհուրդ չի տրվում երեխային երկարատև թողնել կողքի պառկած դիրքում, քանի որ նորածնի ողնաշարը վաղ հասակում դեռ պատրաստ չէ կողմնային ծանրաբեռնվածությանը, ինչը հետագայում կարող է բերել ողնաշարի օրթոպեդիկ խնդիրների։

Երբեմն ծնողները բարուրում են երեխային՝ նորածնի գերգրգռականության պատճառով: Այս երևույթը կարող է որևէ նյարդաբանական խնդրի հետևանք լինել։ Այս դեպքում պետք է դիմել բժշկի՝ հնարավոր պատճառի բացահայտման և բուժման նպատակով։

Ի վերջո, նշենք ազատ հագուստի մի քանի ակնհայտ առավելություններ

·        Երիտասարդ մայրիկներին ավելի հարմար ու հաճելի է իրենց փոքրիկներին հագցնել գեղեցիկ հագուստ, քան բարուրել նրանց և դարձնել անշարժ և անօգնական: Գաղտնիք չէ, որ մեկանգամյա օգտագործման տակդիրներն ազատել են մայրերին երեխայի թաց տակաշորն անընդհատ փոխելու հոգսից։

·        Բարուրը թույլ չի տալիս պառկեցնել երեխային փորիկի վրա և օգտագործել այդ դիրքի առավելությունները, որոնց մասին արդեն խոսեցինք։

·        Ի վերջո, բարուրը թույլ չի տալիս կատարել որոշ գործողություններ, որոնք ավելի հարմար է կատարել այն ժամանակ, երբ երեխան քնած է, օրինակ՝ կտրել նրա եղունգները։

Եթե բոլոր այս փաստարկներից հետո դուք դեռ պատրաստ չեք հրաժարվել բարուրից, ապա կարող եք ընտրել մեկ այլ տարբերակ, օրինակ՝ ազատ բարուրել երեխային: Սա միայն այն դեպքում, եթե նա չունի անհանգստության նյարդաբանական պատճառ (կամ  գտնվում է բուժման էտապում, սակայն ակնհայտ արդյունք դեռ չկա)։ Փաթաթեք երեխային՝ շորերի վրայից չափավոր ազատություն տալով ոտքերին և ձեռքերին։

Ամեն դեպքում բարուրից չհրաժարվելու խնդիրը պետք է փնտրել ընտանիքի ավանդույթների և սովորությունների հիմքում։

Այսօր ամբողջ աշխարհը հրաժարվել է ձիգ բարուրից։ Փաթաթելիս ոտքերը թողնում են ազատ ծալված վիճակում, իսկ ձեռքերին տալիս են չափավոր ազատություն։


Կարդացեք նաև՝ 
Բարուրե՞լ, թե՞ չբարուրել. պարզաբանում է բժիշկը. մաս 1  

 

Գովազդ