Ռեզուս կոնֆլիկտ. ի՞նչ խնդիր է սա և ի՞նչ բարդությունների կարող է հանգեցնել երեխայի մոտ

Խնդիրներ

Հարցերին պատասխանում  է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը: 

 

Ի՞նչ է ռեզուս կոնֆլիկտը

 

Ռեզուս կոնֆլիկտը նորածնի և մոր արյունների անհամատեղելիությունն է (ռեզուս բացասական մորից ծնվում է ռեզուս դրական նորածին):

Առաջին հղիության դեպքում, եթե ռեզուս բացասական մայրը ծննդաբերել է ռեզուս դրական երեխա, ապա ոչինչ չի սպառնում երեխային: Թեև մոր օրգանիզմը ձեռք է բերում հակամարմիններ, որը երկրորդ հղիությունից ծնված ռեզուս դրական երեխային վնասում է:

 

Ուստի առաջին հղիությունից հետո, երբ ռեզուս բացասական մորից ծնվում է ռեզուս դրական նորածին, առաջին 24-72 ժամերի ընթացքում մորը հարկավոր է կատարել հակառեզուս իմունոգլոբուլինի ներարկում`  հաջորդ հղիությունից ծնվող երեխային հիվանդությունից ապահովագրելու համար: Ընդ որում, էական չէ՝ առաջին հղիությունն ավարտվել է ծննդաբերությամբ, թե վիժմամբ: Դա կարող է լինել վիժում կամ արտաարգանդային հղիություն, որն ընդհատվել է: Եթե չգիտեն երեխայի ռեզուս պատկանելությունը, որը կարող էր լինել ռեզուս դրական նորածին, ապա վտանգ կա, որ մյուս հղիության նորածինը կարող է ունենալ հեմոլիտիկ հիվանդություն ռեզուս կոնֆլիկտի պատճառով:

 

Ի՞նչ է իրենից ներկայացնում հիվանդությունը

 

Օրինակ, եթե ռեզուս բացասական մորից ծնվել է երկրորդ ռեզուս դրական երեխան,  իսկ առաջին հղիությունից հետո մորը չի ներարկվել հակառեզուս իմունոգլոբուլին, ապա նորածնի մոտ սկսվում է արյան կարմիր գնդիկների (էրիտրոցիտներ) քայքայում, որն ուղեկցվում է բիլիռուբին նյութի արտազատմամբ արյան մեջ, որը առաջացնում է մաշկային ծածկույթների և լորձաթաղանթների դեղնություն:

Վերջինիս բարձր կոնցենտրացիաներն արյան մեջ ունենում է տոքսիկ ազդեցություն մարդու օրգանիզմի վրա, ընդհուպ՝  ծանր նյարդաբանական խնդիրներ։ Կյանքի առաջին կամ երկրորդ օրվա ընթացքում հիվանդությունն ուղեկցվում է նորածնի արտահայտված դեղնությամբ: Հիվանդության բուժման նպատակը կայանում է բիլիռուբինի չեզոքացման և օրգանիզմից դուրս բերման մեջ: Հիվանդությունը կոչվում է նորածնի հեմուլիտիկ հիվանդություն: Հեմուլիտիկ թարգմանաբար նշանակում է արյան քայքայում: Հեմուլիտիկ հիվանդություն առաջանում է նաև խմբային անհամատեղելիության ժամանակ, երբ առաջին խումբ մայրիկից ծնվում է երկրորդ կամ երրորդ խմբի նորածին, սակայն ռեզուս կոնֆլիկտի ժամանակ հիվանդությունը շատ ավելի ագրեսիվ է ու շատ անգամ այդ երեխաները չեն հասնում ծննդաբերության, այսինքն՝ երեխան կարող է մահանալ արգանդում: 

Պետք է իմանալ, որ բոլոր նորածինները կյանքի 3-4-րդ օրվանից ունենում են մաշկի դեղնություն, անկախ ռեզուս կամ խմբային պատկանելիությունից, ինչը կոչվում է «ֆիզիոլոգիական» դեղնուկ և մեծամասամբ բուժում չի պահանջում։ Սակայն լինում է նաև ոչ կոնֆլիկտային, սակայն բուժում պահանջող դեղնուկ։ Իսկ կյանքի 1-ին կամ 2-րդ օրվա տեսանելի դեղնությունը միշտ համարվում է պաթոլոգիական։

 

Ինչպե՞ս կանխարգելել

 

 

Ռեզուս կոնֆլիկտի համար կա պրոֆիլակտիկա, որը պատշաճ կատարելու դեպքում գրեթե չենք հանդիպում այդ հիվանդությանը:

Գովազդ