​Ինչու՞ պետք է երեխան երաժշտություն լսի դեռ մանկուց

Զարգացում

Երեխայի հարմոնիկ զարգացումը յուրաքանչյուր ծնողի ցանկությունն է: Գիտնականները վաղուց ապացուցել են, որ երաժշտությունը շատ դրական է ազդում երեխաների զարգացման վրա:

Ե՞րբ երեխային ծանոթացնել երաժշտության հետ:

Բժիշկներն ու հոգեբանները պնդում են, որ երեխաներին պետք է երաժշտության հնչյուններին ծանոթացնել դեռ այն ժամանակ, երբ նրանք մայրիկի փորիկում են: Հղի կանանց խորհուրդ են տալիս լսել դասական երաժշտություն: Խորհուրդ է տրվում հղիներին նաև երգել: Պարզվում է՝ դա նույնպես դրական է ազդում երեխայի վրա: Իսկ ի՞նչ երգել: Այդքան էլ էական չէ երգի ընտրությունը: Կարևորը՝ երեխան լսի մայրիկի ձայնը: Իսկ մենք գիտենք, որ երեխաները մայրիկի փորիկում ամեն ինչ լսում են:

Ի՞նչ երաժշտություն պետք է լսի երեխան:

Շատ են կարծիքները՝ կապված նախադպրոցական տարիքի երեխայի երաժշտական նախընտրությունների հետ: Մենք առաջարկում ենք մի քանի տարբերակ:

Դասական երաժշտություն: Ապացուցված է, որ երեխաների համար լավագույն կոմպոզիտորները Շուբերտը, Մոցարտը և Բեթհովենն են: Նրանց երաժշտությունը դրական է ազդում երեխայի հոգեբանության վրա. հանգստացնում է, օգնում է ազատվել սթրեսից:

Մանկական երգեր: Ոչ շատ բարդ երաժշտություն, բարի և հասարակ բառեր, հաճելի ռիթմ: Ձեր երեխային հաստատ դուր կգան հատուկ մանուկների համար գրված երգերը:  

Հանգստացնող երաժշտություն: Սա շատ կարևոր է հատկապես ակտիվ երեխաների համար: Խաղերից հետո կարելի է երեխային առաջարկել հանգստացնող երաժշտություն: Այս տիպի երաժշտությունը հանդարտեցնում է մարդու փոթորկված հույզերը:

Օրորոցային: Մարդու ձայնը փոքրիկների համար շատ հաճելի է: Միացրեք նրա համար տարբեր օրորոցայիններ: Դրանք դեռ մանկուց կձևավորեն փոքրիկների երաժշտական ճաշակը: Ի դեպ, ինքներդ կարող եք երգել մեղմիկ օրորոցայիններ: Հայկական երաժշտարվեստը հարուստ է դրանցով:

Հիշեք՝ երաժշտությունը չի կարելի շատ բարձր միացնել և թույլ մի՛ տվեք երեխային այն լսել ականջակալներով: Բարձր երաժշտությունը կարող է վնասել փոքրիկների լսողությունը:

Պարզաբանում ենք միֆերը:

Կա կարծրատիպ, թե երաժշտության մետալ ժանրը և ծանր ռոքը երեխայի համար վնասակար են: Երաժշտությունը համեմատեք օգտակար վիտամինների հետ: Եթե անընդհատ օգտագործեք օգտակար վիտամիններ, կառաջանա ալերգիա: Այդպես է նաև երաժշտության պարագայում: Այնպես որ, երբեմն անհրաժեշտ է լսել նաև ռոք երաժշտություն: Ինքներդ ընտրեք մի քանի կատարում և առաջարկեք երեխային:

Կա նաև կարծիք, թե երեխաները չեն հասկանում դասական լուրջ ստեղծագործությունները: Ո՛չ: Ամեն ինչ կախված է, թե ինչպես մեծահասակը կբացատրի երեխային այն: 3 տարեկան երեխան շատ ավելի լավ է հասկանում դասական գործը, քան դպրոցական երեխան, որին փոքր տարիքում չեն սովորեցրել լսել դասական երաժշտություն:

Ինչպե՞ս լսել երաժշտություն:

Իհարկե, երեխաները չեն կարող նստել և լսել երկար ձգվող սիմֆոնիա: Նրանք երաժշտությունն առավել լավ են ընկալում շարժումների միջոցով: Պարեք երեխայի հետ: Երաժշտության ներքո կարելի է թռչկոտել, վազվզել: Երեխաներին հիմնականում հետաքրքրում է, երբ իրենք իրենց պատկերացնում են թռչնի կամ որևէ կենդանու կերպարում: Ընտրությունը թողեք իրեն:

Երաժշտաթերապիա:

Բուժական նպատակներով շատ վաղուց օգտագործում են երաժշտությունը: Հիմնականում օգտագործում են դասական երաժշտություն, երբեմն նաև ջրի, քամու, կենդանիների ու թռչյունների ձայներ: Սա էլ կոչվում է երաժշտաթերապիա:

Երաժշությունը շատ կարևոր է երեխայի համար: Այն զարգացնում է ուղեղը, մարզում է հիշողությունը, ուշադրությունը, լսողությունը: Այս ամենից բացի, այն բարձրացնում է տրամադրությունը:

Երեխայի հետ լսեք լավ երաժշտություն և վայելեք ամեն մի պահն ու հնչյունը:

Աղբյուրը՝ vospitaj.com

Գովազդ