Փոքրիկների ականջների խնամքը. ինչպե՞ս ու ինչո՞վ մաքրել

Հարցերին պատասխանում է  «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի  նեոնատոլոգ Արմինե Ֆանյանը:

 

 

 Ինչպիսի՞ կառուցվածք ունեն ականջները և ինչպե՞ս են ինքնամաքրվում

 

Ականջները լսողական օրգաններն են, որոնց միջոցով ընկալվում են ձայնային ազդանշանները։ Լսողության օրգանի տեսանելի մասը կոչվում է արտաքին ականջ կամ ականջախեցի, որն արտաքին անցուղով միանում է թմբկաթաղանթին։ Արտաքին լսողական անցուղին պատված է մաշկով, որն ունի ականջածծումբ արտադրող ճարպագեղձեր։

Ականջածծումբն ունի պաշտպանական նշանակություն։ Բնական պայմաններում այն չորանում է և աստիճանաբար ինքնուրույն դուրս է գալիս։

 

Ինչո՞վ մաքրել ականջները

 

Ինքնամաքրման ընթացքում կուտակված ականջածծումբը դուրս է գալիս դեպի ականջախեցի, ինչը և պետք է մաքրել։

Ականջների հիգիենայի պահպանման լավագույն տարբերակը լվացումն է մաքուր ջրով։ Ականջները հարկավոր է չորացնել սրբիչով միայն արտաքինից (ականջախեցին)։

 

Ինչու՞ չի կարելի օգտագործել բամբակյա փայտիկներ

 

Բամբակյա փայտիկները կարող են առաջացնել մի շարք խնդիրներ՝ թմբկաթաղանթի վնասում, արտաքին լսողական անցուղու նուրբ մաշկի վնասում և ինֆեկցիայի ներթափանցում։ Այսպես կարող է զարգանալ արտաքին օտիտ։

 

Ինչպե՞ս խուսափել ականջների խցանումից

 

Պետք է մաքրել զգուշորեն` առանց ներս հրելու և առանց փայտիկների միջամտության, քանի որ  դրանք նպաստում են ծծմբային խցանի ձևավորմանն ու հրում են ավելի խորքը։