Ինչպես երեխային կտրել տակդիրից. հոգեբանի խորհուրդները

Երեխաներ կան, որոնք ազատվում են տակդիրներից նույնիսկ 9 ամսական տարիքում, սակայն դա չափանիշ չէ բոլոր երեխաների համար: Հատկապես դա չի կարող դառնալ պատճառ` երեխային պատժելու, ամոթանք տալու կամ ավելորդ անհանգստանալու: Տակդիրից ազատվելու և այդ գործողությունները կառավարելու ամենաօպտիմալ ժամանակահատված համարվում է 18 ամիսը: Այս տարիքից սկսած է միայն երեխան կարողանում կառավարել իր զուգարանային ռեֆլեքսները՝ հատկապես ցերեկը: Երբ երեխան սովորում է օգտվել գիշերանոթից և չոր մնալ ցերեկվա ժամերին, արդեն կարելի է սկսել նրան սովորեցնել քնել առանց տակդիրի: Գիշերը չոր մնալու համար

նախնական շրջանում պետք է խուսափել քնելուց առաջ շատ հեղուկ օգտագործելուց: 1-2 տարեկան հասակում երեխաներն արդեն հասկանում են մեծահասակների բացատրությունները, և իրենք էլ փորձում են կառավարել իրենց գործողությունները: Բնական է, որ սկզբնական շրջանում երբեմն երեխան տակը կթրջի: Դա ևս օգնում է, երեխան անհանգստանում է, արթնանում, լաց լինում և աստիճանաբար սկսում է կառավարել իրեն:

Այստեղ անչափ կարևոր է մայրիկի և երեխային խնամող մեծահասակների պատրաստակամությունը: Սա ալարելու տեղ չէ: Պետք է նրբորեն զգալ այն պահը, երբ երեխան նշան է անում, որ ուզում է անել: Դա զգում է յուրաքանչյուր դիտողունակ մայրիկ: Ամեն անգամ, երբ մենք նկատում ենք և երեխային գիշերանոթին նստեցնում կամ անգամ պահում, որ նա անի, մենք օգնում ենք երեխային ֆիքսել և նկատել այդ պահը, ձևավորել կամային կարգավորման համակարգ:

Երեխան տակդիրով չի զգում, որ թրջված է կամ տակը՝ կեղտոտ: Իսկ երբ այն արդեն հագին չէ,  սեփական անհարմարավետությունից դրդված, սկսում է օգտվել գիշերանոթից: Այդ անհարմարավետությունը զգալը, դրանից նեղվելը հենց վկայում է, որ երեխան նորմալ և բնականոն զարգանում է: Երեխաներն ունեն բնական ցանկություն՝ նմանվելու մեծահասակներին, նրանք անգամ ուզում են օգտվել զուգարանակոնքից, ինչպես մեծահասկաները: Այդ պատճառով գիշերանոթը պետք է պահել զուգարանում: Երեխաները, այդպիսով, հասկանում են, որ մեծահասակները ևս այդպես են վարվում, ցանկանում են նմանվել նրանց: Այնպես որ, եթե ճիշտ ենք հետևում երեխայի զարգացման բնականոն ընթացքին, խնդիրներ և դժվարություններ չենք ունենա: Իսկ երբ երեխան անհանգիստ չէ  թաց կամ կեղտոտ լինելիս, կարող է վկայել երեխայի զարգացման և հոգեբանական որոշակի խնդիրների մասին:

Այնուամենայնիվ, երեխային ժամանակին տակդիրներից հետ վարժեցնելու համար անհրաժեշտ է.

  1. Հետևել երեխայի միզելու ցանկությանը, ժամերին:
  2. Ժամանակին գիշերանոթին նստեցնել կամ ավելի վաղ շրջանում պահել զուգարանակոնքին կամ որևէ ամանի մեջ:
  3. Այդ անգամների միջև ընկած ժամանակահատվածում հանել տակդիրը:
  4. Խրախուսել բոլոր անգամները, երբ երեխան տակդիրի մեջ չի անի, կանի գիշերանոթում:
  5. Խրախուսել նրա վարքի՝ մեծահասակին հատուկ բոլոր դրսևորումները:
  6. Թույլ տալ երեխային դատարկել գիշերանոթը և բաց թողնել զուգարանակոնքի ջուրը: Դա նրանց ուրախացնում է:
  7. Գիշերանոթը պահել զուգարանում: Դա նրանց օգնում է հասկանալ, որ մեծահասակները ևս այդպես են վարվում (Երբեմն այս տարիքի երեխաները ցանկանում են տեսնել մեծահասակներին զուգարանում: Ծայրահեղ խիստ արգելել պետք չէ, այս տարիքում դա միայն ճանաչողական նշանակություն ունի, մեծանալով նրանք կմոռանան այդ մասին:):
  8. Համբերատար լինել, չպատժել տակը թրջելու համար: Նման դեպքեր կարող են պատահել անգամ մինչև յոթ տարեկան հասակը: Խոսքը, իհարկե, հազվադեպ դեպքերի մասին է:
  9. Հետևողական լինել տակդիրը հանելու հարցում: Չի կարելի մի շրջան տակդիր չհագցնել, իսկ մեկ այլ շրջան(երեխայի հիվանդանալու կամ մեկ այլ պատճառով) նորից սովորեցնել տակդիրին:

10.  Հիշել, որ մեկ տարեկան երեխան արդեն ունակ է՝ զգալու և կառավարելու իր միզելու և կեղտոտելու գործողությունները, երկու տարեկան հասակում երեխան արդեն պետք է ազատված լինի տակդիրից:

Անուշ Ալեքսանյան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոն