Ինչո՞ւ կամ ինչի՞ց են վախենում երեխաները. իմացեք տարիքին բնորոշ վախերը

Խնդիրներ

Վախն ի սկզբանե պաշտպանական, բնազդային երևույթ է, կենդանիները ևս վախենում են, երբ իրենց կամ իրենց ձագերին վտանգ է սպառնում: Ցանկացած անհասկանալի, հանկարծակի երևույթ կարող է վախ առաջացնել երեխայի մոտԻնչպես նաև վախեր կարող են առաջանալ մեծահասակների արձագանքներից:

Եթե մեծը վախենում է տվյալ երևույթից, երեխան ևս կարող է վախենալ` տեսնելով մեծի արձագանքը: Կան տարիքային վախեր, որոնք համարվում են բնականոն զարգացման բաղկացուցիչ: Դրանք կապված են երեխայի կյանքի ճանաչման, նոր գիտելիքների և նոր փորձի հետ: Նոր գիտելիքներն իրենց հետ նոր վախեր են բերում: Օրինակ՝ 0-1 տարեկանում երեխաները վախենում են մորից բաժանվելուց, օտար մարդկանցից, 1-3 տարեկանում նրանք վախենում են հանկարծակի ձայներից, երբ իրենց հարազատ մեծահասակին վտանգ է սպառնում, երկրորդ երեխայի ծննդից, 3-5 տարեկանում վախենում են մթությունից, մենակությունից, փակ տարածությունից, 5-7 տարեկանում մահից են վախենում, քանի որ հասկանում են արդեն այդ երևույթի անդառնալի լինելը, 7-11 տարեկանում սոցիալական վախեր են առաջանում՝ ցածր գնահատականից, ուշանալուց, վատը համարվելուց, 11-15 տարեկանում վախենում են ֆիզիկական փոփոխություններից, անտեսանելի երևույթներից, բնական աղետներից և այլն: Այդ վախերը սովորաբար ավելի խաղաղ են անցնում և դրանք շտկելու կարիք առանձնապես չի լինում: Եթե այս տարիքներում լինում են վախը խթանող դեպքեր, այն գուցե ամրապնդվի կամ  երկարատև ու սուր դառնա:

Խորհրդատվությունը՝ «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանի

 

 

 

 

Գովազդ