Ինչպե՞ս օգնել երեխային հարմարվել դպրոցին. խորհուրդ է տալիս հոգեբանը    

Զարգացում

Ներկայացնում է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը:

Ամենից առաջ պետք է երեխային մանկապարտեզ տանել: Դպրոցի նախապատրաստման ամենագրագետ ճանապարհը մանկապարտեզն է: Բացի այդ, պետք է երեխայի հետ զրուցել դպրոցի մասին՝ խուսափելով անիրական տվյալներից: Երբեմն ծնողները դպրոցի մասին պատմում են այնպիսի բաներ, որոնք ոչ ամբողջական են ներկայացնում դպրոցը կամ այնքան էլ իրական չեն: Օրինակ՝ ասում են, որ դպրոցում երեխան խաղալու է, ընկերներ է ձեռք բերելու և հաճելի ժամանակ է անցկացնելու, այնինչ դպրոցը, բացի  ժամանցային ու հաճելի պահերից, ենթադրում է նաև պարտականություններ, ռեժիմ, շատ հստակ գծված օրվա գրաֆիկ, բազմաթիվ սահմանափակումներ: Պետք է երեխային անպայման պատմել դասերի, դասամիջոցի, արձակուրդների, ուսուցչուհու և դպրոցական միջավայրի մասին: Պետք է պատմել, թե ինչ է կարելի անել դպրոցում և ինչ չի կարելի անել, այսինքն՝ ինչը չի թույլատրվում: Խոսքը անվտանգության տարբեր կանոնների, ինչպես նաև որոշ կարգապահական հարցերի մասին է: Անհրաժեշտ է անպայման ասել, թե դժվարությունների դեպքում ինքը ում կարող է դիմել: Պետք է խոսել դպրոցում տեղաշարժվելու կանոնների մասին. եթե դասամիջոցին ինքը հեռու գնա դասարանից և մոլորվի, ինչպես պիտի գտնի դասասենյակը, որտեղ է ճաշարանը, զուգարանը և այլն: Նման մանրուքները շատ կարևոր են և օգնում են երեխային իրեն ապահով զգալ նոր միջավայրում: Լավ կլինի, որ երեխան մինչև դպրոց հաճախելը դպրոցի միջավայրին ծանոթ լինի:

Ինչպե՞ս օգնել նոր մարդկանց հետ շփման հարցում:

Նորից պիտի ասեմ՝ մանկապարտեզն այս հարցում անգնահատելի դեր է կատարում: Երեխան աննկատ սովորում է շփվել, որոշակի պարտականություններ վերցնել իր ուսերին, նոր ընկերներ ձեռք բերել: Եթե մենք այս հմտությունները փորձենք ձևավորել անմիջապես դպրոց գնալուց առաջ, ապա շատ ավելի դժվար և անհարթ կընթանա այս գործընթացը: Բայց առհասարակ, եթե ուզում ենք, որ երեխան կարողանա շփվել, ապա մենք ինքներս պիտի շփվելու հմտություններ ձևավորենք մեր մեջ, հետո նաև երեխայի ներսում շփվելու վերաբերյալ վախեր չառաջացնենք, ավելորդ զգուշավորություն չդրսևորենք այդ հարցում:

Ճի՞շտ է կարծիքը, որ մանկապարտեզ հաճախած երեխաներն ավելի հեշտ են հարմարվում դպրոցին:

 

Միանշանակ ճիշտ է, և փորձառու մանկավարժները հստակ զգում են այդ տարբերությունը: Մեզանում հաճախ թերագնահատվում է մանկապարտեզի դերը երեխայի զարգացման հարցում: Այնինչ նախադպրոցական ուսումնական հաստատությունը կրթական գործընթացի առաջին և ամենակարևոր մակարդակն է, որտեղ դրվում են երեխայի ուսումնական գործընթացի և նախնական գիտելիքների, անձնային կարևորագույն որակների՝ ինքնուրույնության, կարգապահության, սովորելու ցանկության հիմնաքարերը: 

Գովազդ