Ինչպիսի՞ն պետք է լինի հեքիաթը. 3 օրինակ

Զարգացում

Հեքիաթները շատ կարևոր են երեխայի զարգացման համար:

Բայց մեզ ծանոթ  հեքիաթների զգալի մասը հոգեբանության տեսանկյունից այնքան էլ հարմար չէ՝ ուսուցողական չեն, բռնության ու դաժանության տեսարաններ կան: Ի վերջո, ինչպիսի՞ն պետք է լինի հեքիաթը:

Նախ՝ կարելի է առաջարկել երեխային, որ հենց ինքը հեքիաթ հորինի: Դա կզարգացնի նրա երևակայությունը, ստեղծագործական ձիրքը, խոսքը: Ծնողներն էլ կկարողանան հասկանալ՝ ինչի մասին է մտածում երեխան, ինչ վախեր ունի, ինչ աշխարհում է ապրում:

Հեքիաթները պետք է ունենան.

·        Սկիզբ

·        Զարգացում

·        Հիմնական սյուժե

·        Խորհուրդ

 

Առաջարկում ենք հեքիաթի մի քանի հիմնական սյուժե, որոնք պետք է զարգացնեք ինքներդ.

Փոքրիկ փերին

Մեծ լճի ափին՝ կարմիր տնակում, ապրում էր փոքրիկ փերին: Նա ուներ կախարդական փայտիկ: Դրա օգնությամբ փերին կարողանում էր օգնել բոլորին ու գեղեցկացնել իր տան շրջակայքը: Լճի մյուս ափին ապրում էր չար կախարդը: Նրան դուր չէր գալիս փերին, քանի որ նա բարի էր: Կախարդը ցանկանում էր ոչնչացնել փերիին: Կախարդը վերածվեց մոխրագույն գայլի և գնաց փերիի մոտ: Փերին, տեսնելով շնչակտուր գայլին, տանից դուրս եկավ՝ իր հետ տանելով նաև դեղանյութեր: Փերին, սակայն, հասկացավ, որ գայլի հետ մի բան այն չէ: Նա վերցրեց իր կախարդական փայտիկն ու կարդաց կախարդական խոսքերը: Գայլը կրկին դարձավ կախարդ, ով փերիի վրա սկսեց կրակ նետել: Փոքրիկ փերին որոշեց գործի չդնել իր կախարդանքն ու պարզապես թաքնվել ծառի հետևում:  Փերին խոտերին գցեց մանր գնդեր, թաքնվեց ծառի հետևում և կանչեց կախարդին. «Ես այստեղ եմ, ես այստեղ եմ»: Կախարդը շտապեց փերիի ձայնի ուղղությամբ , սայթաքեց ու ընկավ: Փերին շատ լավ գիտեր, որ եթե խատուտիկի սերմերն ընկնեն կախարդի վրա,  նա կանհետանա: Երբ կախարդն ընկավ խոտերին, փերին վերցրեց խատուտիկն ու ամբողջ ուժով փչեց այն: Սերմերն ընկան կախարդի վրա ու նա հօդս ցնդեց:

2. Կախարդական արջուկը

Կպատմեմ ես ձեզ հետաքրքիր, կախարդական մի հեքիաթ: Ունեի ես մի խաղալիք արջուկ: Այն հին էր, բայց ես նրան շատ էի սիրում: Իմ արջուկն ամենասովորականն էր, բայց մի օր այն սկսեց խոսել: Նա ինձ ասաց, որ կարող է կատարել իմ երեք ցանկությունները, բայց ամենաբարիները: Իմ ընկերուհի Անահիտը ցանկանում էր ունենալ տիկնիկ, արջուկն անմիջապես կատարեց նրա ցանկությունը: Ես շատ էի ցանկանում ունենալ շնիկ: Այն անմիջապես հայտնվեց: Իսկ վերջին ցանկությունը ես չհայտնեցի՝ թողնելով այն հետոյի համար: Դրանից հետո իմ արջուկն անհետացավ, բայց ես վստահ եմ, որ շուտով նա կհայտնվի: Իսկ ինչ կցանկանայիր դու կախարդական արջուկից:

3. Կախարդական աղջիկը

Աշխարհում ապրում էր մի աղջիկ՝ Արևը: Ես նրան անվանում էի Արև, քանի որ նա միշտ ժպտում էր: Մի օր նա գնաց երկար ճանապարհ ու հանկարծ ծարավ զգաց: Անմիջապես նրա մոտ հայտնվեց ջրով լի բաժակ: Աղջիկը խմեց ջուրը, որը ոսկեգույն էր: Եվ Արևիկը դարձավ ավելի շողշողուն, երջանիկ ու ժպտերես: Նա հասկացավ, որ իր կախարդական ուժն ավելացել է ու իր ցանկությունները կատարվում են: Նա ցանկացավ տիկնիկ ունենալ, բայց, չգիտես ինչու, նրա ցանկությունը չկատարվեց: Նա շարունակեց քայլել ու ճանապարհին մի երեխա տեսավ, ով կոշիկներ չուներ: Այդ ժամանակ Արևիկն ամբողջ սրտով ցանկացավ, որ այդ բալիկն ունենա գեղեցիկ կոշիկներ, ու դրանք անմիջապես հայտնվեցին: Իսկ դու ինչպե՞ս կօգտագործեիր քո կախարդական ուժը:

Աղբյուրը`  vospitaj.com

 

 

Գովազդ