Ի՞նչ է լուսինն ու արևը. երեխային ծանոթացնում ենք շրջակա միջավայրի հետ

Զարգացում

Արդեն այն ժամանակ,  երբ Ձեր փոքրիկը կսկսի քայլել և խոսել, Ձեզ սպասում է հարցերի մեծ տարափ` «ի՞նչ է սա», «իսկ սա՞»:

Զինվեք համբերությամբ: Փոքրիկներին առավելապես հետաքրքրում է` ինչ է արևը,  լուսինը,  գիշերն ու ցերեկը: Իհարկե, դպրոցում նրանք անպայման կուսումնասիրեն «Շրջակա աշխարհ» առարկան,  բայց մինչև դա ծնողները  պետք է անպայման պատասխանեն երեխաների հարցերին: Ինչպե՞ս երեխային ծանոթացնել շրջակա աշխարհի հետ:

Գիշերը և ցերեկը

Նույնիսկ շատ փոքրիկներին է  հետաքրքրում` ինչու է մթնում օրը,  հետո կրկին լուսանում: Ինչու՞ է մեր երկրում ցերեկ,  իսկ մորաքրոջ մոտ՝ գիշեր: Իհարկե,  Դուք շատ լավ հասկանում եք` ինչի մասին է հարցնում երեխան: Պատասխանեք նրան այնպես,  ինչպես Դուք գիտեք: Բացատրեք` ինչ է արեգակնային համակարգը,  որ մեր մոլորակը պտտվում է արեգակի շուրջը ու հենց դրա հետևանքով էլ Երկրի մի կիսագնդում գիշեր է,  մյուսում` ցերեկ: Որպեսզի երեխան ավելի լավ հասկանա,  բացատրեք ավելի պատկերավոր: Դրա համար անհրաժեշտ է գլոբուս և լուսարձակ: Գլոբուսի վրա փնտրեք ու գտեք Հայաստանը: Լույսն ուղղեք դեպի մեր երկիրը ու բացատրեք երեխային,  որ լուսարձակն արևն է, այն հիմա լուսավորում է մեր երկիրն ու հարևան այլ երկրներ,  այսինքն` մեր երկրում հիմա ցերեկ է,  իսկ,  օրինակ,  Ամերիկա մայրցամաքին լույսը չի հասնում,  նշանակում է` այնտեղ բոլորը քնած են. գիշեր է: Վստահ ենք` պատկերավոր այս դասից  երեխան շատ կտպավորվի: Ի դեպ,  գլոբուսի օգնությամբ նույնքան պատկերավոր կարելի է բացատրել նաև երկրի` իր առանցքի շուրջ պտույտը:

Լուսինը

Փոքրիկին բացատրեք,  որ ցերեկը լուսինն ու աստղերը չեն կորչում,  պարզապես արևի լույսը խանգարում է,  որպեսզի դրանք տեսնենք: Ամռանը,  երբ եղանակը շատ ջինջ ու պայծառ է, առավոտյան կարելի է երկնքում տեսնել  լուսինը: Երեխայի մոտ մեծ ցանկություն կառաջանա ուսումնասիրել լուսինը: Հրաշալի կլինի,  եթե կարողանաք միասին այցելել Բյուրականի աստղադիտարան ու գիշերը աստղադիտակներով հետևել լուսնին ու աստղերին: Եթե չկա այս հնարավորությունը, դիմենք խորամանկության. շատերի տանը կան նկարահանող սարքեր,  դրանց միջոցով կարելի է դիտել լուսինը: Պարզապես մինչև վերջ սեղմեք մոտեցնելու կոճակը: Իհարկե, լավագույն տարբերակը աստղադիտակ ձեռք բերելն ու ոչ միայն լուսինն,  այլև մոլորակներն ուսումնասիրելն է:

Ո՛չ Դուք, ո՛չ երեխան ոչ մի պարագայում չփորձեք աստղադիտակով նայել արևին: Ինչպես գիտեք, խոշորացույցն անդրադարձում է արևի լույսն ու այս դեպքում կստանաք այրվածքներ:

Արևի խավարում

Արևի խավարում ամեն օր չի լինում,  բայց դա պատճառ չէ, որ երեխային չբացատրեք` ինչ է արևի խավարումը: Բացատրեք երեխային,  որ արևի խավարման ժամանակ արեգակը դառնում է սև և կարելի է դրան նայել նույնիսկ անզեն աչքով: Իրականում այդ սևը մեզ քաջածանոթ լուսինն է:

Այս բացատրությունն իրականում շատ խրթին է: Եկեք ավելի հեշտ ու պատկերավոր մի բան մտածենք: Վերցրեք Ձեր փոքրիկի գնդակը. դա կլինի լուսինը: Պահեք այն լուսամփոփի դիմաց` այնպես,  որ գնդակը փակի լույսը: Լուսամփոփն էլ այստեղ կլինի արեգակի դերում: Դե ինչ,  բացատրեք երեխային,  որ երբ լուսինն ու արևը հանդիպում են երկնքում,  կատարվում է արևի խավարում:

 

 

 

Գովազդ