Ինչպես ինքնուրույն պատրաստել պլաստիլին

Պլաստիլինով զբաղմունքը շատ արդյունավետ է. զարգացնում է մոտորիկան: Փոքրիկները սկզբում տրորում են, հետզհետե կարողանում են պատրաստել իրենց լավ ծանոթ պարզ առարկաներ՝ ելակ, սունկ, զատիկ և այլն։ 

Մայրիկ Աննա Հովհաննիսյանն առաջարկում է տան պայմաններում պլաստիլին պատրաստելու բաղադրատոմս, որը մաքուր է էկոլոգիապես և անվնաս երեխաների համար: Շատ հեշտ է պատրաստվում և մեծ գումար չի պահանջում:

 

Պլաստիլինի պատրաստման համար անհրաժեշտ է. 

Ալյուր - 1 բաժակ

Լիմոնի աղ - 1/2 թեյի գդալ

Մանր աղ - 1/2 բաժակ

Ձեթ - 1 ճաշի գդալ

Եռացրած ջուր - 1 բաժակ

Սննդային ներկանյութ

 

Պատրաստման եղանակը. 

 

Հարկավոր է ալյուրը, լիմոնի աղը, աղը, ձեթը, ջուրը խառնել կաթսայի մեջ և դնել մարմանդ կրակի վրա, մինչև սկսի պնդանալ: Այնուհետև հանել կրակից, ձեռքերով գունդ սարքել (ձեռքերին չպետք է կպչի): Խմորը բաժանել մի քանի մասերի և ավելացնել ներկանյութը: Այնուհետև լավ տրորել ձեռքերի մեջ, որպեսզի ներկը հավասար բաշխվի: Պատրաստի գնդերը պահել փակ ամանի մեջ, որպեսզի չչորանա (կարող եք նաև պոլիեթիլենային տոպրակի մեջ դնել): Պահել սառնարանում: