Երբ եւ ինչպես երեխային պատմել ճշմարտությունը Ձմեռ պապիկի մասին – մաս 2

Սիրելի մայրիկներ ու հայրիկներ, հուսով ենք՝ ընթերցել եք մեր նախորդ հոդվածը նույն թեմայով: Եթե  ոչ, սեղմեք այստեղ, ապա կարդացեք  այս մեկը:

Եվ այսպես, եթե որոշել եք փոքրիկին պատմել իրականությունը, նախ՝ զինեք  նրան գիտելիքով: Եթե տանը կա ավելի կրտսեր  բալիկ, որը դեռ երկար պետք է հավատա Ձմեռ պապիկի գոյությանը, մեծին համոզեք, որ օգնի ձեզ նրա  մոտ ամրապնդել հավատը: Այդպես երեխան իրեն ավելի մեծ, ուժեղ ու ինքնավստահ կզգա: Երեխային ներգրավելով կրտսերների՝ այս թեմայով դաստիակությանը՝ դուք կհեշտացնեք նրա անցումը մեկ այլ աշխարհ, որտեղ հրաշքներն ունեն այլ բովանդակություն:

Զրուցեք երեխայի ընկերների ծնողների հետ՝ հասկանալու համար, թե  ով որքանով է ծանոթ իրականությանը: Զրուցեք փոքրիկի հետ՝ հասկանալու համար, թե ինչն է շարժել նրա հետաքրքրասիրությունը: Միգուցե նա լսել է ինչ-որ բան դպրոցից կամ գուցե Ձմեռ պապի հետ կապված պատմության մի մասը նրան արդեն անտրամաբանական է թվում: Եթե այդպես է, ուրեմն խրախուսեք նրա քննադատական ու վերլուծական մտածողությունը: Ամեն դեպքում նման հարցի առաջացման պատճառն իմանալով` դուք կկարողանաք ավելի գրագետ պատասխան տալ:

Ասեք ճշմարտությունը, եթե տեսնում եք, որ երեխան պատրաստ է դրան: Բայց պատրաստ եղեք նաեւ հակառակին.  հնարավոր է` փոքրիկն ուզի ձեզանից լսել ճիշտ հակառակը, այսինքն`ցանկանա ձեր միջոցով համոզվել,  որ ձմեռ պապիկ իրականում գոյություն ունի: Գուցե նա դեռ ուզում է հավատալ որեւէ ջինջ ու հեքիաթային բանի:

Եթե երեխան պատրաստ է լսել ճշմարտությունը, կարող եք պատմել, թե իրականում ով է եղել Ձմեռ պապիկը` նույն ինքը Սանտա Կլաուսը: Պատմեք նրան, որ Սուրբ Նիկոլասն իրական մարդ է եղել, նկարագրեք նրա որակները եւ թե ինչպես է նրա կերպարն ամբողջացել մեր օրերում: Ճիշտ է, նրան այլեւս չենք կարող գտնել մեր կողքին, բայց փոխարենը կարող ենք հետեւել նրա` նվերներ ընծայելու ավանդույթին: Ակունքներից գալով`  դուք կկանխեք երեխայի հնարավոր հիասթափությունն  ու կզարգացնեք նրա` ուրիշներին օգնելու կամքը: