«Եթե քեզ խփում են, դու էլ խփիր». ճի՞շտ է այս մոտեցումը. պարզաբանում է հոգեբանը. մաս 1

Ներկայացնում է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը:

Գիտե՞ք, ոչ միանշանակ թեմա է սա:

Շատերն ասում են՝ ասեք, թող ինքն էլ խփի, թող իրեն պաշտպանի և այլն: Ինձ հաճախ դիմում են այն պատճառով, որ երեխան ինքն իրեն չի պաշտպանում: Նախ՝ պետք է հասկանալ, թե ինչու երեխան իրեն չի կարողանում պաշտպանել: Ավելի հաճախ դա տանը ճնշված կամ գերխնամված երեխաների խնդիրն է: Այսինքն՝ մենք ճնշում ենք երեխային տանը, նա շարունակում է ճնշվել դրսում: Որոշները տանը հարձակվում են բոլորի վրա, իսկ դրսում շատ անպաշտպան են: Մի մասն էլ այնքան դաստիարակված է, որ գիտի՝ խփելը վատ բան է, և վախենում է վատ բան անելու համար պատժվել տանը:

Իսկ եթե բոլոր խփողներին նույն կերպ պատասխանեն, արդյունքում՝ պատերազմ կլինի, որը երբեք չի ավարտվի: Երբ երեխային ասում ենք՝ «եթե քեզ խփում են, դու էլ խփիր» կամ «ավելի ուժեղ խփիր», ի՞նչ ենք ակնկալում դրանից: Ուժեղից ուժեղ միշտ էլ կգտնվի:

Ի վերջո, խաղաղությունը ձեռք է բերվում այն ժամանակ, երբ որոշ մարդիկ խփելուն նույն կերպ չեն պատասխանում: Խաղաղությունը ձեռք է բերվում բանակցությունների, զրուցելու ու քննարկելու միջոցով:

Մի քիչ խոսենք կենսաբանական նախադրյալների մասին: Ինքնապաշտպանության բնազդը ծնված օրվանից գործում է բոլորիս ներսում, և կան երեխաներ, որոնք միշտ և բոլոր դեպքերում պաշտպանում են իրենց սահմանն, իրենց խաղալիքը, իրենց ցանկություններն ու տարածքը: Դա նորմալ և բնական է: Այդ երեխան կարող է հրել, երբ իրեն ինչ-որ մեկը նեղացնում է, խփել, եթե իրեն խփում են և այլն: Նման դեպքերը մենք համարում ենք ինքնապաշտպանություն: Հարց է ծագում, թե ինչու որոշ երեխաներ չեն կարողանում իրենց պաշտպանել և ավելի ենթարկվող են, մեղմ են ու փափուկ: Սա կապված է խառնվածքի, նյարդային համակարգի տիպի հետ: Կախված այդ տիպից՝ երեխան իր առջև ծառացած խնդիրները լուծում է իրեն հատուկ ոճով: Եկեք ընդունենք, որ մեծ տարիքում էլ մենք բոլորս այլ կերպ ենք արձագանքում, երբ մեզ նեղացնում են, և բոլորս չէ, որ հարձակվում ենք ու համարժեք պատասխան տալիս: Որոշ դեպքերում մենք հեռանում ենք այդ միջավայրից, որոշ դեպքերում օրենքին ենք դիմում, որոշ դեպքերում էլ պատասխանում ենք: Եվ դժվար է ասել, որ պատասխան տալը միշտ ամենաճիշտ տարբերակն է:

 

Մեկ այլ հարց ևս պետք է պարզել: Մեր հորդորներից ու խրատներից հետո երեխաները սովորու՞մ են, արդյոք, իրենց պաշտպանել: Բոլոր չպաշտպանվող երեխաների ծնողներն իրենց երեխաներին ասում են՝ խփի՛ր, դու՛ էլ պատասխան տուր, մի՛ թող խաղալիքդ վերցնեն, ինչու՞ չպատասխանեցիր, մի՛ լացիր և այլն: Արդյո՞ք դա օգնում է: Կարծում եմ՝ շատ քիչ դեպքերում:

Շարունակելի...