Ձմեռ պապ կանչելը Հայաստանում արժե 10-15 հազար դրամ

«Բարև Ձմեռ պապիկ ջան, ես ուզում եմ, որ Նոր տարուն ինձ երգող Ձմեռ պապիկ բերես, մեկ էլ Ձյունանուշիկի շոր»,-սա փոքրիկ Էմմայի նամակն է` ուղղված Ձմեռ պապիկին, որ գրել է մայրիկի օգնությամբ:

Շատ ծնողների համար Ամանորը ոչ միայն ուրախության,  այլև անհանգստության առիթ է տալիս: Աննան` Էմմայի մայրը, իր փոքրիկին հավատացրել է, որ գոյություն ունի Ձմեռ պապ և անպայման բերելու է այն նվերները, որոնք նշել են նամակում:

«Ճիշտ է, դժվար է ընտանեկան համեստ  բյուջեից գումար տրամադրել նաև նվերներին, բայց կարելի է երեխային բացատրել, համոզել, որ փոքր նվերներ խնդրի, քանի որ Ձմեռ պապիկը գալիս է հեռվից և նրա համար դժվար կլինի բերել մեծ ու ծանր նվերները»,- ասում է Աննան` նվերները կարևորելով տոնական լի ու բոլ սեղանից:

 

Աննան արդեն 27 տարեկան է, բայց երեխայի պես սպասում է Նոր տարուն և հատկապես Ձմեռ պապին: «Ամեն տարի փորձում եմ փոքրիկիս ցանկությունները կատարել, այնպես նշել Նոր տարին, որ դա նրա համար անմոռանալի տոն լինի»,-ասում է Էմմայի մայրը: Նոր տարվա գիշերը Աննան Ձմեռ պապ է կանչելու: Նա արդեն գնել է այն նվերները, որ Ձմեռ պապն է տալու Էմմային:

Ձմեռ պապ կանչելը  Հայաստանում արժե 10-15 հազար դրամ, իսկ եթե նվերը Ձմեռ պապն է բերում, այլ ոչ թե ծնողներն են գնում, արժե 15.000 դրամ;

Աննայի խոսքով` ինքն է ընտրել նվերները, քանի որ չի վստահում Ձմեռ պապի «Ճաշակին»: «Այս տարի նախատեսել եմ 20.000 դրամ, որը, կարծում եմ,  այնքան էլ մեծ գումար չէ` մեծ նվերներ գնելու եւ երեխային տոն պարգեւելու համար: Ինձ թվում է`յուրաքանչյուրը պետք է իր երեխային ուրախություն պատճառելու համար ծախսի այնքան, որքան ի վիճակի է:  Վերջիվերջո կարևորը նվերների թանկ արժեքը չէ,  այլ երեխայի համար իրականություն ստեղծելը»,-ասում է Աննան:

Ծնողներից շատերն են համամիտ Աննայի հետ. «Թող մի քանի բան էլ պակաս լինի տոնական սեղանից, երեխայիս ուրախությունն ավելի կարևոր է»;

Ամանորին մնացել են հաշված օրեր: Խաղալիքի խանութները լի են գնորդներով, բայց ի տարբերություն տոնական սեղանին դրվող  մթերքների, խաղալիքներն ու հագուստը չի  թանկացել: Շտապեք գնել այն նվերները, որ գրված են Ձեր փոքրիկի նամակում:

 

ԱՆԻ ԱՍԱՏՐՅԱՆ