Մանկական բանաստեղծություններ

alt

ՏԻԿՆԻԿԸ

Տիկնիկ ունեմ՝ ծաղրածու է,
Քիթը՝ հավի ներկած ձու է,
Հագնում է նա փքված մի շոր,
Կոշիկներն են խոշո՜ր, խոշո՜ր։
Երբ նրա հետ ես խաղում եմ՝
Ուրախ-ուրախ ծիծաղում եմ։

ՓՈՔՐԻԿ ԶՐՈՒՅՑ


Տիկին բադը փողոցում
Մայր հավի հետ էր խոսում,
Հազար ու մի հարցի շուրջ
Խոսում էին նրանք լուրջ:
Նրանց խոսքից հասկացա
Միայն կո՛-կո ու ղա՜-ղա՜:

ԲԱՐև


Արև, շող տուր ու ժպտա,
Տերև, ցող տուր ու ժպտա,
Ծիտիկ, երգ տուր ու ժպտա,
Ծաղիկ, բույր տուր ու ժպտա,
Ւմ Դավիթը քունն առնի,
Աչքը բացի ու զարթնի,
Զարթնի , ասի,
- Ա- տա-տա...
Ու բոլորիդ բարև տա։

ԿԱՏՎԻ ՁԱԳԵՐԸ


Երեք փոքրիկ կատուներ
Մի օր տնից դուրս եկան,
Ոչ ման գալու գնացին, 
Ոչ էլ խանութը՝ ձկան:

Նրանք տնից դուրս եկան, 
Որ գտնեին կովի կաթ,
Եվ կովի կաթը գտան
Ձագուկները չալ ճակատ:

Իսկ որտեղի՞ց կաթն անուշ
Կատվի ձագերը գտան:
Գտան՝ երբ որ մեր բակի
Մանկապարտեզը մտան:

ԵՂԵՎՆԻ

Անտառից եկած կանաչ եղևնին
Հիշում է կանաչ իր ընկերներին...
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով։
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր։
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին։

ԳՐԻՉ

Ի՞նչ կըլինի, ասա՛, գրիչ,
Ինձ էլ սիրես գոնե մի քիչ։
Ինչո՞ւ իմ մեծ քրոջ ձեռքին
Գրում ես միշտ վարժ ու կարգին
Իսկ իմ ձեռքին խազմըզում ես
Սև ագռավի ճանկերի պես։
Ես քեզ վատ բան ի՞նչ եմ արել։
Ե՛կ, խնդրում եմ՝ ինձ համար էլ
Գրի էնպես արագ-արագ,
Էնպես ուղիղ, սիրուն, բարակ։
Գրիչը լուռ լըսում, լըսում,
Ճըռճըռում է ու խազմըզում,
Բայց այս անգամ արդեն կարծես,
Փոքրիկ ծտի ճանկերի պես։


ՓՈՔՐԻԿԻ ԽՐԱՏԸ

Այ ժամացույց, ժամացույց,
Դու չե՞ս հոգնում խոսելուց,
Մի բերան հենց`տիկ, հա տիկ...
Բա դու չունե՞ս մի տատիկ,
Որ քեզ ասի. 
- Սուս արա,
Գլուխներս դու տարար:
Հերիք խոսես ու շարժես
Սլաքներ ու ճոճանակ,
Քո չափ թե որ ես խոսեմ,
Տատն ինձ կասի.
- Չաչանակ: 

ԲԿԼԻԿ ՁԿՆԻԿԸ

Ձկնի'կ, լո'ղ տուր, լո'ղ արա,
Դրսի որսը թո'ղ արա.
Իջի'ր ջրի հատակը,
Մինչև անցնի վտանգը:

Տե՜ս, փորձանք կա քո գլխին,
Մի լավ մտիկ երեխին,
Որդ է խփել իր կարթին,
Չմոտենաս էդ որդին:

Ինձ չլսեց բկլիկը,
Հո'պ, կուլ տվեց նա որդը,
Կարթը մնաց կոկորդը:

ԱՇՈՒՆ

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։
Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տխուր հանդերից
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բույն։

ԾԱՓԻԿ

Ծափիկ, ծափիկ, ծափ անեմ,
Ւջնեմ բակում խաղ անեմ,
Մի փունջ ծաղիկ հավաքեմ,
Բերեմ մայրիկիս նվիրեմ։

ԾԱՂԻԿՆԵՐԸ

― Ո՞ւր գնացին ծաղիկները․․․
― Սու՜ս, քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն ծածկոցով սպիտակ:
Կգա գարնան արևն էլ հետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն-ծածկոցը կտանի:
«Ելե՛ք,― կասի,― իմ մանուկնե՛ր»
Ու հենց նրանք իմանան,
Դուրս կհանեն գլխիկները,
Աչիկները կբանան:

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարդզին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:


ՄԵ՞Ծ ԵՄ, ԹԵ՞ ՓՈՔՐԻԿ

Երբ ձեռքերս չեմ լվանում,
Ինձ ասում են` լվացվի՛ր,
Մեծը երբեք չի ծուլանում,
Արդեն մեծ ես, իմացի՛ր:
Թե քույրիկս թատրոն գնա,
Ինչքան խնդրեմ` չի տանի.
Ինձ կասի` դու տանը մնա,
Փոքրիկ ես դեռ` չեն թողնի:
Հենց որ ժամը ութն է լինում,
Ինձ ասում են` քնիր շուտ,
Փոքրիկները շուտ են քնում,
Տես` դրսում ինչ մութ է, մութ...
Մեկն ասում է` մեծ ես արդեն,
Մեկն ասում է` փոքր ես շատ.
Մե՞ծ եմ, ասե՛ք, թե՞ փոքր եմ դեռ.
Ո՞նց իմանամ ես հաստատ... 

ՓԻՍԻԿԻ ԳԱՆԳԱՏԸ

Փիսիկը նստել
Մի մութ անկյունում,
Ունքերը կիտել
Ու լաց է լինում:
Մոտիկ է գալիս 
Մի ուրիշ կատու.
- Ինչո՞ւ ես լալիս
Ա՛յ փիսիկ ջան, դու...
- Ի՞նչ անեմ հապա,
Որ լաց չլինեմ.-
Գանգատ է անում
Փիսոն տխրադեմ:-
Էն Համոն թաքուն 
Մածունը կերավ,
Գնաց տատի մոտ՝
Ինձ վրա դրավ:
Հիմի տատիկի
Ետևից ընկած՝
Ինձ են ման գալի
Մի-մի փետ առած,
Քոթոթ Սուրենը
Անոն ու Մոսոն
Ու՛ր է, ասում են,
Ուր է գող փիսոն,
Ա՛խ, թե մի գտանք,
Մածուն ցույց կտանք:
Էսպես բան սարքեց 
Էն Համոն իմ դեմ.
Ու փիսոն նստել 
Մի մութ անկյունում,
Ունքերը կիտել
ու լաց է լինում:

 

ԿԱՐԾՈՒՄ ԵՔ, ԹԵ ԿԱՏԱ՞Կ Է

Այսօր ուրիշ է կարգը,
Ե´ս եմ մաքրել հատակը:
Վա´յ, վա´յ, վա´յ, ի՞նչ արիք,
Սենյակ ինչո՞ւ ոտք դրիք:
Տեղներումդ քարացե´ք,
Նորից շարժվել չփորձե´ք:
Ջուր չխմեք`
Կկաթի:
Հաց-մաց չուտեք`
Կթափվի:
Լուսամուտը չբացե´ք,
Փոշի կգա, իմացե´ք:
Ոչ ոք ուժեղ չշնչի,
Թե չէ` փայլը կկորչի:
Ի´նչ է, մաքրել հատակը,
Կարծում եք, թե կատա՞կ է...


Comments   

 
+2 #56 meline 2014-06-22 22:56
ԱՇՈՒՆ
-Ա՛յ փոքրիկներ, ա՛յ սիրուններ
Ասավ քամին տերևներին,-
Աշուն եկավ, մոտ է ձմեռ,
Ի՞նչ եք դողում ծառի ծերին:
Ոսկի, դեղին, վառ ծիրանի
Գույներ հագեք խայտաբղետ
Ու ճյուղերից ձեր մայրենի
Եկեք ինձ հետ, փախեք ինձ հետ…
Տերևները հենց լսեցին,
Նախշուն-նախշուն գույներ հագան
Սվսվալով տխուր երգեր`
Քամու թևին թռան, փախան:
Quote
 
 
+22 #55 meline 2014-06-22 22:52
Արդեն մեծ եմ ես, գիտե՞ք,
Էլ ինձ փոքրիկ չկարծեք:
Ոտքիս ծայրին որ կանգնեմ,
Մեծ սեղանին կհասնեմ...
Quote
 
 
+34 #54 Իմ Փոքրիկ 2014-05-13 12:00
Այս տարին էլ գլորվեց,
Ինձ ավելի մեծացրեց,
Գրել, կարդալ չգիտեմ,
Բայց շուտով կսովորեմ:

Մանկապարտեզն իմ ուրախ,
Ընկերներս միշտ կայտառ,
Ինձ հրաժեշտ են տվել
Ու դպրոց ճանապարհել:

Պայուսակս` միշտ պատրաստ,
Հանդերձանքս`արդուկված,
Տետր, մատիտ, գիրք, գրիչ,
Ես գալիս եմ, ուսուցիչ:
Quote
 
 
-1 #53 Tsovinar 2014-05-09 00:22
Kani vor ais shabate (Mayisi 6-10) dasatunerin nvirvats e (Teacher's Appreciation week), chuneik ardyok banasteghtsutiu nner dasatuneri hamar vor pokriknere karox en sovorel? Mets hajuikov kogtagortseink haikakan banastextsutsui n aistex AMNum, mer sireli Narek (Glendale, CA) mankapartezi Hay dasatunerin shorhakalutiun haytnelu npatakov.
Quote
 
 
+13 #52 Hay 2014-03-25 18:25
LAV
Quote
 
 
+11 #51 Իմ փոքրիկ 2014-03-03 16:41
Սիրելի Աննա,

Առաջիկա օրերին կփորձենք օգտակար լինել:

Շնորհակալություն
Quote
 
 
+10 #50 Anna 2014-03-01 21:07
Barev dzez es Erevani masin banastexcutyunn er em pntrum nayev garnan indz karox eq ognel? Minchev 03.03.2014 ete karox eq indz uxarkeq lav? Naxapes mersi :)
Quote
 
 
+15 #49 hasmik ajamyan 2014-01-04 12:13
ՁՄԵՌ ՊԱՊ
Պապիկ է,բայց մանկան նման
Թռչկոտում է և երգում,
Սպասված հյուր է նա այնքան,
Բայց տարին մեկ են տեսնում:
Չի վախենում ցրտից,քամուց,
Ճամփեքից նեղ ու դժվար,
Ձմեռպապ է ինքը մանկուց,
Երազանքն ունի երկար:
Տարեմուտի տոնի առթիվ
Նվերներ է բաժանում,
Ու մանկացած պապին այս ժիր
Աշխարհը չի մոռանում:
****
Թե ձմռանը,թե ամռանը
Նա ունի կանաչ ճյուղեր,
Հրաշքի է նման տանը`
Տոն է իր հետ նա բերել:
Ճյուղերից կախ արջ ու ոզնի,
Արևներ ու աստղիկներ,
Թե որ սիրտդ միրգ էլ ուզի,
Կամ թե կոնֆետ`քաղիր,կեր:
Տոնի ծառ է նա իսկական,
Տարեմուտ է ,Նոր Տարի,
Հեքիաթի է նման այնքան
Խնդությունը շուրջպարի:
Quote
 
 
+15 #48 narin 2014-01-02 13:59
lav banastexcutyunn er er
Quote
 
 
+24 #47 hasmik ajamyan 2013-11-23 12:15
Թե ձմռանը,թե ամռանը
Նա կանաչ է ու սիրուն,
Հրաշքի է նման տանը`
Մեզ նա տոն է նվիրում:
Ձմեռպապն ու ձյունանուշը `
Անբաժան են նրարից,
Փոքրիկ Համոն,ժիր Վանուշը
Քրտնել են շուրջը` պարից:
Պտտվում են գլխապտույտ,
Մոլորակներ փայլփլուն,
Լույս է փնջել`կանաչ,կապույտ,
Նվերներ է որոնում:
Տատիկի պես նա ձեռնաբաց,
Ինչ որ ուզես`քեզ կտա,
Միայն գնա տոնին առաջ`
Ամենամեծ զարդն է նա:
Ճյուղերից կախ արջ ու ոզնի,
Արևներ ու աստղիկներ,
Թե որ սիրտդ միրգ էլ ուզի,
Երբ կամենաս` քաղիր,կեր:
Տոնածառ է նա իսկական,
Նոր Տարին տուն է բերում,
Ու աշխարհը մանկան նման
Ծիծաղում է ու սիրում:
Quote
 

Add comment


Security code
Refresh