Սասնա Ծռերը. Սանասար և Բաղդասար

Էպոս

Էպոսի 3-րդ հատվածը


Տղեկներ որ ջոջացան,
Մեկ օր առավոտուն
Հետ ճժերուն կը խաղային։

Ճժեր թափվան էնոնց վերան,
Ասին.— Դուք բի՛ճ եք, դուք բի՛ճ եք։
Երբ որ էնոնց խոսք լսեցին,
Լալով էկան մոտ իրենց մեր, ասին.
— Կամ մեզ ասա՝ ով է մեր հեր,
Կամ կ’էրթանք, մեզ կը թալենք գետ։
— Ո՛րդիք, ասաց, ձեր հեր Խալիֆան է։
— Չէ՛, ասին, թե էն մեր հեր ըլներ,
Խալխըն մեզ բիճ չէին ասի։
Մեկ ժամանակ էն էս խոսքով
Լաճեր բռնապետեց ներս։
Քանի մի օրեն լաճեր նորեն
Գնացին քաղաք խաղ անելու.
Տղեք նորեն թափվան վրաներ,

Թե.— Դուք բի՛ճ եք, դուք բի՛ճ եք.
Ինչի՞ կը գաք մեջ մեզի։
Է՛լի լալով դարձան,
Զիրենք թալին իրենց մոր գոգ։
Շատ որ լացին, մոր դժվար էկավ,
Ասաց.— Ո՛րդիք, դադրե՛ք,
Չուր առավոտուն ձեզ կը տանեմ,
Ձեր հոր զրուց կը տամ։

 

Առավոտուն էլավ իր խըդամին ասաց.
— Ա՛ռ կապոց, հետ տղեկներուն էրթանք գետափ,
Որ քիչ մի սրտերնիս բացվի։
Երբ գնացին, Սանասար ասաց.
— Մարե՛, արի ասա՝ իմ հեր ով է.
Թե չէ՝ ինձ գետ կը թալեմ։
Մերն ասաց.— Ո՛րդի, դու հեր չունիս։
Տղան ասաց.— Մարե՛,
Ես հո քարի, թփի տակեն չեմ էլեր,
Հալբաթ ես էլ մարդուց էլեր եմ։
Ասաց.— Ո՛րդի, ես մեկ ժամանակ
Հետ իմ քեռմոր գնացի ծովափ,
Շատ ծարվեցա, քեռմոր ասի՝
Մեկ ջուր գտի ինձի համար.
Ծով բացվեց, մեկ համեղ ջուր էկավ.
Ես էլ էն ջուր խմեցի,
Մեկ բուռ լիք, մեկ բուռ կիսատ.
Աստված ձեզ էն ջրից էտուր ինձ.

Դու էն լիքըն բռնից ես,
Ծուռ Բաղդասարն էլ էն կիսատ բռնից:
Տղան ասաց իր մոր.
— Մենք իմացանք մեր էություն.
Դե արի դու քո էություն ասա մեզ։
Մերն ասաց.— Ո՛րդիք,
Ես Հայոց թագավորի աղջիկն եմ։
Չուր իրիկուն ման էկան.
Իրիկուն դարձան քաղաք,
Գնացին, մտան իրենց պալատ։

Շատ ժամանակ վերան անցավ.
Սանասար ու Բաղդասար տեսան՝
Իրենց մեր օր վեր ավուր կը կոտորվի.
Ասին.— Մարե՛, էսա քեզ ի՞նչ է էղեր,
Որ դու օր վեր ավուր կը կոտորվիս,
Քո աչից արտասուք չի պակսի.
Մենք կը նայինք՝ աստվածություն
Մեզ տվեր է քե՝ ջուխտակ մի լաճ.
Դու թագավորական կին ես.
Մենք կ’որոնենք՝ քե բան պակսորդ չկա։
Էկո՜ նայինք՝ քո դարդըն ինչ է.
Որ դու օր վեր ավուր կը կոտորվիս։

Մերն դարձավ, ասաց տղեկներուն.
—Հա՛յ, որդիք, որ ես չկոտորվի՛մ, ո՞վ կոտորվի.
Խալիֆան, էսօր էգուց է մնացեր,
Իմ ու ձեր էրկուսի վիզն էլ տ’առնի։
Սանասար պատասխանեց, ասաց.
— Մարե՛, էդպես բան է՞լ կա։
Շատ լավ, տեսնենք՝ ինչպես կ’առնի–

Տաս տարին որ լըմընցավ,
Խալիֆան դահիճներ ուղարկեց.
Ասաց.— Գնացեք, էնոնց վիզ կտրեք։