Շատ-շատ տարի առաջ Ճապոնական ծովի ափին մի ջահել ձկնորս է լինում, անունը՝ Ուրաշիմա։ Մի լավ ու բարի տղա է լինում Ուրաշիման և հմուտ ուռկան ու կարթ գոող։
Մի անգամ գնում է ձուկը բռնելու։ Ձկան տեղ ջրից հանում է, ի՞նչ եք կարծում, ի՞նչ․․․ Մի մեծ, ահագին կրիա։ Բայց էստեղ ձեզ դեռ մի բան պիտի ասեմ, որ գուցե դուք չգիտեք․ էդ էն է, որ կրիաները ապրում են մինչև հազար տարի։
Ուրաշիման իրեն-իրեն միտք է անում, թե՝ ավելի լավ էր սրա տեղը մի ձուկը բռնեի, գոնե ճաշին կուտեի։ Իսկ սրան ի՞նչ անեմ, ինչո՞ւ սպանեմ էս խեղճ կենդանուն, ինչո՞ւ արգելեմ դեռ ինը հարյուր իննսունինը տարի էլ ապրելու։ Չէ, էդպես խստասիրտ չեմ լինիլ։ Ես գիտեմ, էդ իմ մորն էլ չի դյուր գալ։
Ու կրիան կրկին գցում է ծովը։