Երկինքը փուլ է գալիս

հեքիաթ

Լինում է, չի լինում` մի Ճստիկ- ճուտիկ: Էս Ճստիկ-ճուտիկը մի օր ծածուկ մտնում է դրացու պարտեզը, որ քուջուջ անի: Մեկ էլ հանկարծ թփից մի վարդ է պոկվում, ընկնում է պոչին: Ճստիկ- ճուտիկը վախեցծ դուրս է փախչում: Վազում է վազում, հասնում է Հավիկ-Մարիկին:

 

Վայ, Հավիկ-Մարիկ,- կանչում է հետևից,- երկինքը փուլ է գալիս:

 

Այ Ճստիկ-ճուտիկ, էդ որտեղի՞ց իմացար,- հարցնում է Հավիկ- մարիկը:

 

Օ~, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:

 

Դե, արի փախչենք,- ասում է Հավիկ- Մարիկը:

 

Վազում են, վազում, հասնում են Բադիկ- Տատիկին:

 

Վա~յ, Բադիկ-Տատիկ,- կանչում է Հավիկ-Մարիկը,- երկինքը փուլ է գալիս:

 

Ա՛յ Հավիկ-Մարիկ, էդ որտեղի՞ց իմացար:

 

Ճստիկ-ճուտիկն է ասում:

 

Այ Ճստիկ-ճուտիկ, էդ որտեղի՞ց իմացար:

 

Օ~, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:

 

Դե, եկեք փախչենք,- ասում է Սագիկ-Խաթունը:

 

Վազում են, վազում, հասնում են Հնդու-Թնդուին:

 

Վա~յ, Հնդու-Թնդու,- կանչում է Սագիկ-Խաթունը,- երկինքը փուլ է գալիս:

 

Ա՛յ Սագիկ-Խաթուն, էդ որտեղի՞ց իմացար,- հարցնում է Հնդու-Թնդուն:

 

Բադիկ-Տատիկն է ասում:

 

Ա՛յ Բադիկ-Տատիկ, էդ որտեղի՞ց իմացար:

 

Հավիկ-Մարիկն է ասում:

 

Ա՛յ Հավիկ-Մարիկ, էդ որտեղի՞ց իմացար:

 

Ճստիկ-Ճուտիկն է ասում:

 

Ա՛յ ՃստիկՃուտիկ, էդ որտեղի՞ց իմացար:

 

Օ~, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:

 

Դե, եկեք փախչենք,- ասում է Հնդու-Թնդուն:

 

Վազում են, վազում, հասնում են Աղա-Աղվեսին:

 

Աղա-Աղվես, Աղա-Աղվես,- կանչում է Հնդու-Թնդուն,- երկինքը փուլ է գալիս:

 

Ա՛յ Հնդու-Թնդու, էդ որտեղի՞ց իմացար,- հարցնում է Աղա- Աղվեսը:

 

Սագիկ-Խաթունն է ասում:

 

Ա՛յ Սագիկ-Խաթուն, էդ որտեղի՞ց իմացար:

 

ԲադիկՏատիկն է ասում:

 

Ա՛յ Բադիկ-Տատիկ, էդ որտեղի՞ց իմացար:

 

Ճստիկ- Ճուտիկն է ասում:

 

Ա՛յ Ճստիկ-Ճուտիկ, էդ  որտեղի՞ց իմացար:

 

Օ~, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտոր էլ դեռ պոչիս ընկավ:

 

Էդ ի՞նչ եք ասում,- ասում է Աղա-Աղվեսը, եկեք ձեզ տանեմ իմ տուն, որ երկինքը ձեր գլխին փուլ չգա:

 

Ճստիկ-Ճուտիկը, Հավիկ- Մարիկը, Բադիկ-Տատիկը, Սագիկ-Խաթունը, Հնդու-Թնդուն բոլորը միասին ընկնում են Աղա Աղվեսի ետևից և մտնում են նրա որջը: 

Մտնում են նրա որջը ու էն մտնելն էր, որ մինչև էսօր էլ դեռ  դուրս չեն եկել:

 

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ