Հեքիաթ ոսկու և աքաղաղի մասին

հեքիաթ

Ժամանակով մի պառավ կար, ուներ չորս հավ ու մի աքաղաղ: Ահա թե ինչ փորձանք բերին հավերն ու աքաղաղը խեղճ պառավի գլխին: Մի օր հավերը կչկչալով քուջուջ էին անում ավելուկների մեջ, խոսում էին իրենց կերակուրի համից, պահապան պառավի բարությունից, երբ մեկ էլ հավերից սպիտակը զվարթ կչկչոցով իր մոտ կանչեց սևուկին, դեղնուկին, չալպտուրիկին: Նա իր ոտքի տակ սեղմել էր մի դեղնափայլ մետաղ ու կանչում էր.

-Ոսկի՜ եմ գտել, ոսկի՜:

Սևուկն ասաց՝ ոսկի է, դեղնուկն ասաց՝ չէ մի չէ, չալպտուրիկը խնդաց՝ ադամանդ է: Տեսնելով հավաքված հավերին՝ մոտեցավ աքաղաղը՝ հարցրեց.

 

-Էդ ի՞նչ է: 

 

-Ոսկի,- պատասխանեց սպիտակը: 

 

Աքաղաղը նայեց, նայեց, ուզեց ասել՝ ոսկի է, բայց վախեցավ՝ սխալվի, հավիկների մոտ և կատարը ճոճելով՝ ասաց.

 

-Տանենք մեր պառավին ցույց տանք:

Պառավը, թախտին նստած, ձեռնոց էր հյուսում, երբ հավիկն ու աքաղաղը ներս վազեցին, թե տե՛ս՝ ի՛նչ ենք գտել: Ծերացած աչքերով նայեց ու ոչինչ չհասկացավ.ախր խեղճը երբեք թանկարժեք ոչինչ չէր տեսել ու քթի տակ ասաց.

 

-Տարե՛ք մեր քաղաքի ոսկերիչի մոտ: 

 

Հավերն ու աքաղաղը վազելով գնացին քաղաքային հրապարակում գտնվող ոսկերիչի կրպակը: Շատ բան տեսած խորամանկ ոսկերիչը տնտղեց մետաղն ու ծաղրեց հավերին, մանավանդ աքաղաղին:

 

-Հավի խելք ունեք, էլի, հո զոռով չի, հասարակ թիթեղ եք բերել: Բա դու գոնե աքաղաղ ես, դո՞ւ էլ չես հասկանում:

Աքաղաղը թևերը բացեց, շփոթված կմկմաց.

 

-Դե, ես մտածեցի, որ ոսկի չի, բայց…  

 

-Դե այդ գցե՛ք էստեղ, հետներդ մի՛ տարեք. տեսնողները կծիծաղեն ձեզ վրա:

 

Սպիտակը վիրավորված նետեց մետաղը ոսկերիչի կրպակի շեմին ու փորուփոշման գնաց փքված աքաղաղի հետևից: Ճանապարհին աքաղաղը կտցահարեց սպիտակին ու շշպռեց.

 

-Քեզնից մեծ գործեր ես բռնում, հավությունդ արա էլի:

 

Իսկ ոսկերիչն այդ ժամանակ վերցրեց դեղնափայլ մետաղը, փեշով սրբեց ու ծիծաղեց.

 

-Հավ եք, էլի, հավ:

 

Բայց արի ու տես, որ թագավորի սպասավորներից մեկը կրպակի մոտով անցնելիս լսել էր հավերի ու ոսկերիչի զրույցը: Նա ամեն ինչ պատմեց թագուհու նաժիշտին, նա էլ՝ թագուհուն, թագուհին էլ՝ թագավորին: Հեծյալ զիվորները եկան, կանգնեցին կրպակի մոտ, առանց բարևի ներս մտան և ոսկերիչի թևերը ծալած՝ դրեցին ձիուն ու տարան: Թագավորը հոխորտաց.

 

-Ոսկերիչ ես ու հավերի՞ն ես թալանում, ավազակ, բա ո՞ւր է քո խիղճը: 

 

Ոսկերիչը կմկմաց.

-Նրանք չգիտեին, որ սա ոսկի է, ճիշտն ասած, ես էլ էի կասկածում:

 

-Հարյուր անգամ մտրակե՛ք,- հրամայեց թագավորն ու նրանից խլեց ոսկու կտորը:

 

Հաջորդ առավոտ թագավորի մոտ բերեցին ոտքերը կապած հավերին, աքաղաղին ու խեղճ պառավին: 

 

Թագավորը բղավեց.

-Պառա՛վ, չես կարողանում հավերիդ տիրություն անել, թողել ես քանդեն իմ իշխանության սուրբ ավերակները, թալանել են իմ պապերի հարստությունը: 

 

-Ի՞նչ հարստություն, - վախից լեզուն կծեց հավատերը: 

 

-Աքաղա՛ղ, տեսե՞լ է,- դիմում է թագավորը աքաղաղին:

 

-Տեսել է, ձերդ գերազանցություն, - միասին կչկչացին կապկպած հավերը: 

 

-Հիմա տեսա՞ր, որ չես կարող ինձ խաբել, - հոխորտաց արքան ու հրամայեց հավերին մորթել, և որպես սարսափելի պատիժ՝ աքաղաղի կատարը կտրել ու բաց թողնել:

 

Թագավորը հրամայեց քանդել պառավի տնակն ու փնտրել ոսկու կարասներ ու կճուճներ: Իսկ երբ քանդեցին պառավի տնակը՝ ոչինչ չգտան ու չգտան… Գիշերուզօր փորեցին, քուջուջ արեցին արքայի զինվորները, ոչինչ չգտան ու դարձան սպիտակ, սևուկ, դեղին, չալպտուրիկ հավեր: Իսկ արքան հիասթափությունից նմանվեց կատարը կտրած աքաղաղի ու ամեն առավոտ ավերակների պարիսպներից նրա սրտաճլմլիկ ծուղրուղուն էր տարածվում իշխանության վրա:

 

 

Էդվարդ Միլիտոնյան