Sidebar

Թիկնոցավոր մողեսը

Մողեսը, որ հարմար տեղ էր փնտրում ձվադրելու համար,  վերջապես գտավ: Նա չոր ավազի մեջ խոր փոս փորելուց հետո իր դրած  ձվերը արագ-արագ ծածկեց ավազով:

 -Լավ է, որ  ոչ մեկը չտեսավ,- խլշած շուրջը նայեց  մողեսը: Մի երկու ամիս համբերատար կսպասեմ, կհսկեմ ձվերս, որ ինձ  նման  թիկնոցավոր մողեսիկներ ունենամ,- մտքում ուրախացավ նա:

 Բայց դեռ չէր հասցրել   վրայից  թափ տալ ավազափոշին, երբ  խշխշոց լսեց: Դեպի իրեն էր սողում մողեսակեր օձը:

 -Վայ ինձ, վա~յ, վա~յ, վա~յ, այս սառնարյուն սողունն ինձ կուտի, ձվերիս վերջն էլ կտա,- շփոթվեց, խառնվեց իրար թիկնոցավոր մողեսը: Իսկ օձը սողում էր դեպի որսը:

 -Ի~նչ լավ է, կարծես քաղցած չեմ մնալու,- մտածում էր օձը:

 -Թիկնոցավոր, ուշքի արի,- ինքն իրեն գոտեպնդեց մողեսը: Վախենալով  ոչ քեզ կփրկես, ոչ էլ քո ապագա սերնդին, ապա հնարամիտ եղիր, հնարքներ բանեցրու, բա ինչո՞ւ ես թիկնոցավոր,- որոշեց մողեսն ու ուռացրեց մաշկածալքերը:

 -Օձը շփոթված էր, աչքերին չէր հավատում:

 -Հը, քիչ առաջ ոնց որ ուտելի լիներ, հիմա ահռելի երախ ունեցող հրեշ է: Իսկ եթե հրեշ է, դե եթե հրեշ է, լավ է պոչս քաշեմ-հեռանամ նրանից,- մտածեց ավազի վրա  գալար-գալար անող օձը:

 Թիկնոցավոր մողեսը չէր դադարում ուռեցնել մաշկածալքերը` պտտվելով տեղում, շուռ գալով` աջ ու ձախ  ցուցադրել իրեն, վախեցնելով  օձին:

 -Չէ, լավ է պոչս քաշեմ, հեռանամ սրանից,- որոշեց մողեսակեր օձն ու գնաց որս գտնելու:

 -Ըհը, օձին կարողացա  վախեցնել,- արդեն հանգիստ շունչ քաշեց  թիկնոցավոր մողեսը` համոզված, որ հրեշի պես սարսափելի տեսք ուներ:

 

 

Հասմիկ Աջամյան