Աքաղաղը, գող փիսոն, պոզիկ այծը, թունավոր օձը. ժամանակակից հեքիաթ

հեքիաթ

Եղավ այնպես, որ օրերից մի օր իրար հավատարմության երդում տվեցին բարձրագոչ աքաղաղը, գող փիսոն, պոզիկ այծը, թունավոր օձը: Նրանք որոշեցին ապրել մի հարկի տակ՝ հարազատների նման: Սկզբում ամեն ինչ լավ էր: Ամեն մեկն իր գործին էր. աքաղաղը իրեն համար քջջում էր հողը և անձրևորդեր գտնում: Դա իր ընկերների բաժին ուտելիքը չէր և նա խիղճը հանգիստ մարսում էր: Փիսոյին կաթ էր տալիս այծը, երբ այն իրեն պետք չէր լինում: Օձը դաշտամկան բներ էր գտնում ու բռնում դաշտամկների: Այծը իր համար խոտ էր արածում: Ամեն ինչ հրաշալի էր, կյանքը հիասքանչ էր: Ոչ մեկը մյուսին չէր խանգարում: Բոլորը ուրախ-ուրախ երգում էին. 

Ապրում ենք մի հարկի տակ՝

 Ես և դու, և մենք, 

Ինչ լավ է իրար գտանք 

Ես և դու և մենք: 

Ոչ եղբայր ենք, ոչ էլ քույր, 

Գող փիսո ու այծ, 

Օձը ուր, աքլորը ուր,

Բայց շատ ենք կապված: 

Երդվել ենք մի հարկի տակ 

Ապրել ուրախ, երջանիկ, 

Ինչ լավ է իրար գտանք, 

Ես ու դու, մենք-ընտանիք: 

Բայց մի օր՝ առավոտ կանուխ, աքաղաղը ծուղրուղու կանչեց: 

-Ինչ է պատահել,-հարցրեց պոզիկ այծը,- ալարկոտ արթնանալով: 

-Լուսաբաց է,-պատասխանեց բարձրագոչ աքաղաղը: 

-Ինչ է պատահել,- վախեցավ գող փիսոն:

 

-Ոչինչ էլ չի պատահել, լուսաբաց է,- ասաց բարձրագոչ աքաղաղը: Օձը ձայն չհանեց: Բայց երևում էր` նրան էլ դուր չեկավ բարձրագոչի ծուղրուղուն: 

-Ինչ է նշանակում՝ լուսաբաց է, ինչ է իրենք կույր են, չեն տեսնում, որ լուսաբաց է, ինչու պիտի աքաղաղը ասեր այդ մասին,- մտածեց նրանցից ամեն մեկն ու ներեց աքաղաղին: Օրը մայրամուտին էր մոտենում: Գող փիսոն մտածեց, որ այսօր կաթ քիչ է կերել ու որոշեց պոզիկ այծին առանց զգուշացնելու մի քիչ էլ կաթ ուտել: Այ քեզ պոզիկ այծ, նա այնպես պոզահարեց գող փիսոյին, որ սա ցավից մլավեց ու ցատկեց օձի վրա: Թունավոր օձի հենց քթի տակից դաշտամկները փախան հեռու-հեռուներ: Օձը անակնկալի գալով չարացավ և խայթեց պոզիկ այծին: Խայթոցը թունավոր էր և այծը սատկեց: 

-Ես չէի ուզում,- սկսեց արդարանալ օձը,- ես չէի ուզում սպանել նրան: 

Աքաղաղը սկսեց կտցելով նեղել նրան: Օձը փախավ՝ կորչելով քարերի տակ: Փիսոն անմեղ տեսքով լիզում էր իր ցաված տեղերը: -Ծուղրուղու,- կանչեց բարձրագոչ աքաղաղը,- իբր տեսեք-տեսեք: Որտեղից-որտեղ հայտնվեց մի աղվես: 

-Սա մեր ընտանիքի անդամը չէ, սա որտեղից հայտնվեց,- մտածեց բարձրագոչ աքաղաղն ու աքլոր-աքլոր ընդառաջ գնաց: Աղվեսին էլ դա էր պետք, աքաղաղի վիզն ոլորեց ու տարավ: Իսկ գող փիսոն, որ արդեն մուկ էլ էր կարողանում բռնել՝ շարունակեց սրանից-նրանից գողանալ, թեպետ ամեն անգամ ծեծ էր ուտում, բայց մեկ է, երեսին չէր երևում...

 

ՀԱՍՄԻԿ ԱՋԱՄՅԱՆ