Գնդլիկ բոքոնիկը վառեց աղվեսի լեզուն

հեքիաթ

Տատիկն ու պապիկը ինձ կփնտրեն, ու երբ չգտնեն` շատ կտխրեն, -մտածեց պատուհանագոգից գլորվող Գնդլիկ Բոքոնիկը: Բայց աղվեսին տեսնելու ցանկությունը քանի որ մեծ էր, շարունակեց գլորվել ճանապարհով: 

-Հեքիաթում աղվեսը խաբում է ինձ: Ես չեմ ուզում այլևս խաբվել այդ խորամանկին,- որոշեց Բոքոնիկն ու  առաջ սլացավ: 

-Աղվես, որտեղ ես,- կանչեց Բոքոնիկը: Նա ուզում էր րոպե առաջ տեսնել աղվեսին: -Այստեղ եմ, անուշս,- թփուտներից ձայնեց աղվեսը: Այ քեզ հաջողություն,- մտածեց նա: 

-Ինձ շուտ կեր,- ասաց Բոքոնիկը, - թե չէ հիմա գայլը կմոտենա ու դու սոված կմնաս: Աղվեսը հիշում էր, որ հեքիաթում Բոքոնիկին ուտելու համար ստիպված էր խորամանկել: Գիտեր, որ  ինքն աշխարհի ամենախորամանկ աղվեսն է ու ցանկացավ նման լինել հեքիաթին: 

-Իսկ դու ինձ համար կերգես` լեզվիս վրա նստած,- հարցրեց աղվեսը Գնդլիկ Բոքոնիկին: 

-Կերգեմ, կերգեմ, այն էլ ինչպես կերգեմ: Միայն թե շուտ դուրս հանիր լեզուդ,- ձայնեց Բոքոնիկը:

-Ամեն ինչ ճիշտ է` հեքիաթային,- մտածեց աղվեսն ու լեզուն դուրս հանեց:

Գնդլիկ Բոքոնիկը հոպ արեց ու թռավ նրա լեզվի վրա:

 -Այ, այ, այ, օգնեցեք, լեզուս այրվեց, օգնեցեք,- ձայնը գլուխը գցեց աղվեսն  ու վազեց ջուր փնտրելու, որ հովացնի բերանը: Բոքոնիկը  գլորվեց գետնին ու արածից գոհ  սկսեց երգել. 

Ճիշտ է` տատիկից փախա, 

Ճիշտ է` պապիկից փախա, 

Բայց աղվեսին դաս տվի, 

Այրվում է լեզուն հիմա: 

Առանց տատիկ տխուր է, 

Առանց պապիկ տխուր է, 

Հեքիաթն ինձնից լուր չունի, 

Տունդարձիս ճամփան ուր է: 

-Ուր է տունդարձիս ճամփան,- հարցրեց Գնդլիկ Բոքոնիկը  ու բռնեց ճամփի փեշից: Երբ հասավ տատիկի ու պապիկի տանը, նա նստեց պատուհանի տակ, խոր շունչ քաշեց ու երգեց. 

-Ճիշտ է` տատիկից փախա, 

Ճիշտ է` պապիկից փախա, 

Բայց աղվեսին դաս տվի, 

Այրվում է լեզուն հիմա: 

-Սա մեր Բոքոնիկն է,- ձայնեց պապիկը տատիկին` պատուհանից դուրս նայելով: Ախր ես ոնց կարող էի  տեսած չլինել նրան: 

Պապիկը մինչ այդ փնտրել ու չէր գտել Բոքոնիկին,նա նույնիսկ պատուհանի տակ էր նայել: 

-Ախ ծերություն,ծերություն,աչքի լույս չի մնացել  ,-հոգոց հանեց պապիկը: Մինչև  պապիկը կգնար ու տուն կտաներ Բոքոնիկին,տատիկը ուրախ-ուրախ սեղան գցեց: -Արդեն հովացել է,-ձայնեց պապիկը տատիկին...