Տեսողությունը պահպանելու խնդրով պետք է զբաղվել մանկուց. Ալեքսանդր Մալայան

Լուրեր

Երևանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանն այսօր՝ Տեսողության համաշխարհային օրվա առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց, որ տեսողությունը պահպանելու համար, անհրաժեշտ է դրանով խնամքով զբաղվել դեռ մանուկ հասակից:

«Պետք է մշակել մի ծրագիր, որ բոլոր երեխաները մինչև դպրոց գնալն անցնեն ստուգում ակնաբույժների մոտ»,– ասաց նա:

«Սովորաբար ծնողները մեզ են դիմում միայն այն ժամանակ, երբ երեխայի մոտ շլություն է նկատվում: Իսկ երբ հարցը վերաբերում է տեսության խանգարմանը մեր հայ ծնողները շատ ցավագին են ընդունում, բայց այսօր միլիարդավոր մարդիկ կրում են ակնոց և նույնիսկ շատերին դա սազում է: Պարզապես պետք է պարբերաբար ստուգվել»,- բացատրեց նա:

Անդրադառնալով աչքի լազերային վիրահատություններին՝ բժիշկը նշեց, որ դրանք արվում են միայն տեսողությունը պահպանելու համար:

Նրա խոսքով՝ Հայաստանում ակնաբույժի դիմողների թիվը շատացել է, սակայն դա չի նշանակում, որ աչքի խնդիրներ ունեցողների թիվը մեծացել է:

«Այսօր ավելի շատ տարածված են շաքարային դիաբետի արդյունքում առաջացող խնդիրները և գլաուկոմա հիվանդությունը: Երկուսի դեպքում էլ պետք է պարբերաբար հաճախել բժշկի, հետազոտություններ անցնել»,- ասաց նա:

Ալեքսանդր Մալայանն ընդգծեց, որ վերջին տարիներին մեծ տարածում ունի նաև աչքի չորությունը, ինչի առաջացման հիմնական պատճառը համակարգչով երկար ժամանակ աշխատելն է:

«Մարդիկ նստում են համակարգչի առջև ժամերով ու մոռանում են աչքը թարթելու մասին: Իսկ մարդը 2-3 վայրկյանը մեկ պետք է թարթի: Արդյունքում մեր կլիմայական պայմաններում աչքը սկսում է չորանալ»,- բացատրեց նա։

Բոլոր նրանց, ում աշխատանքը կապված է համակարգչի հետ, ակնաբույժը նաև հիշեցրեց, որ ժամը մեկ անհրաժեշտ է գոնե 10 րոպեով շեղվել համակարգչից ու զբաղվել մեկ այլ գործով:

Լուրեր Հայաստանից - Թերթ.am

Գովազդ