Գրիպն առավել վտանգավոր է մինչև 1 տարեկան երեխաների և մեծահասակների համար. համաճարակաբան

Այս սեզոնի ամենատարածված վարակը գրիպն է: Այն կարող է ուղեկցվել և՛բարձր ջերմությամբ, և՛ առանց դրա: Գրիպն այս սեզոնում և ընդհանրապես առավել վտանգավոր է մեծահասակների և մինչև 1 տարեկան երեխաների համար: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց համաճարակաբան Կարինե Խենթենյանցը.

«Հատուկ նշում եմ մեծահասակների և մինչև մեկ տարեկան երեխաների համար է վտանգավոր, որովհետև

հատկապես նրանց մոտ կարող են այս վարակից բարդություններ առաջանալ: Մեծահասակների մոտ ժամանակին չվերահսկելու, տաք չհագնվելու և հաբեր չխմելու հետևանքով կարող է առաջանալ հայմորիտ, մինինգիտ, ինչն այդ տարիքում վտանգավոր է: Երեխաները նույնպես շատ զգայուն են, և եթե գրիպն ուղեկցվի բարձր ջերմությամբ, ապա անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի օգնությանը, որպեսզի երեխայի վիճակն ավելի չբարդանա: 

Գրիպի նախնական նշաններն են՝ կոկորդի ցավը, գլխացավը, մարմնի կոտրտվածությունը, դողը:Ինչ վերաբերում է գրիպի հետևանքով առաջացած բարդություններին, տարիքային բոլոր խմբերի համար ամենատարածվածը ականջի բորբոքումներն են, թոքաբորբը,ասթման, ինչպես նաև շաքարային դիաբետը»:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կարելի է պաշտպանվել գրիպից, Կ. Խենթենյանցը նշեց, որ բացի տարրական հիգիենայի կանոններին հետևելուց` շատ կարևոր է նաև պատվաստումը. «Այսօրինակ պատվաստումն արվում է հիմնականում սեպտեմբեր ամսվա սկզբին, որովհետև գրիպի վարակը տարածվում է հիմնականում այս ամսվանից և շարունակվում մինչևմայիսամիս: Խորհուրդ է տրվում պատվաստվել հատկապես հղի կանանց, 65-ն անց մարդկանց: Խստորեն արգելվում է գրիպի պատվաստում ընդունել այն մարդկանց, ովքեր ալերգիա ունեն ձվի նկատմամբ, նախկինում ալերգիկ երևույթներ են ունեցել նմանօրինակ պատվաստումից:Մինչև 6 ամսական երեխաներին նույնպես խորհուրդ չի տրվում պատվաստել:

Համաճարակաբանը նշեց նաև, որ մարդը կարող է վարակել մյուսին անգամ այն դեպքում, երբ դեռ ինքն էլ չգիտի իր մոտ առկա վարակի մասին:

«Գրիպի առաջին մի քանի օրվա ընթացքում մարդն իրեն նորմալ է զգում՝ դա կոչվում է թաքնված շրջան: Եվ նույնիսկ այդ օրերի ընթացքում նա կարող է վարակել մեկ ուրիշին: Շատերը հավատացած են, թե գրիպով կարելի է վարակվել միայն այն դեպքում, երբ արդեն վարակված ինչ-որ մեկը քեզ մոտ նստի, հազա կամ համբուրի: Դա շատ սխալ կարծիք է: Հեշտությամբ մարդը կարող է վարակվել հիվանդ մարդու իրին ձեռքով դիպչելիս, հետո այդ ձեռքով իր աչքերը, քիթը կամ բերանը տրորելու պատճառով:

Բացի պատվաստումից` գրիպից պաշտպանվելու համար նախ անհրաժեշտ է հետևել սանիտարահիգիենիկ կանոններին`ձեռքերը հաճախակի լվանալ, ինչպես նաև հաճախ օդափոխել այն սենյակը, որտեղ գրիպով հիվանդ մարդ կա. դա նաև օգուտ է հենց իրեն՝ հիվանդին»,-եզրափակեց Կ. Խենթենյանցը:

Աղբյուրը` www.1in.am