Տոնական միջոցառումների ժամանակացույցը

Ամանորյա տոները մոտ են: Բացի ամանորյա եռուզեռից և պատրաստություններից, ծնողներին, տատիկներին ու պապիկներին հուզում է մեկ հարց` ինչպես անմոռանալի դարձնել տոնական օրերն իրենց սիրելի փոքրիկների համար, ինչպես արդյունավետ ու անմոռանալի ժամանց կազմակերպել նրանց համար: Եթե մարզերում փոքրիկի ժամանցը տնից դուրս կազմակերպելը խնդրահարույց է և ընտրությունն էլ շատ մեծ չէ, ապա Երևանում հակառակ պատկերն է` տոնական

օրերին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն` նախատեսված մանուկների և և նրանց ուղեկից մեծիկների  համար:

«Անկախ»-ը կփորձի ամփոփ ներկայացնել, թե այս տարի որտեղ ինչ միջոցառում կա, որպեսզի կարողանաք ձեր ժամանցը ճիշտ կազմակերպել ու ցանկալի որևէ իրադարձություն բաց չթողնեք:

Այսպես, Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են,որ դեկտեմբերի 31-ի երեկոյան ժամը 9-ից Հանրապետության հրապարակում կմեկնարկի ամանորյա համերգը: Հանրապետության հրապարակում տոնական միջոցառումները կշարունակվեն արդեն  հունվարի հինգին` մանկական ծրագրով: Հունվարի 6-ին արդեն Հանրապետության հրապարակում տոնական համերգ-միջոցառումով կնշվի Սուրբ ծնունդը, իսկ հունվարի 13-ին` Հին նոր տարին:

Տոնական միջոցառումներ նախատեսված են նաև  Երևանի վարչական շրջաններում:

Բացի այդ, փոքրիկների համար կլինեն նաև վճարովի ամանորյա միջոցառումներ:

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում  դեկտեմբերի 27-28-ին կբեմադրվի «Ամանորյա ներկայացում» հեքիաթը: Տոմսի արժեքը` 800 դրամ:

Հ. Մալյանի կինոդերասանի թատրոնում մինչև դեկտեմբերի 30-ը և նոր տարում արդեն հունվարի 3-10-ը  կբեմադրվի «Ամանորյա թատերականացված հանդես» մանկական երաժշտական ներկայացումը: Տոմսի արժեքն է 700 դրամ:

Երգի պետական թատրոնում մինչև դեկտեմբերի 29-ը և 2014-ի հունվարի 4-13-ը  կբեմադրվի Արթուր Գրիգորյանի Ամանորյա «Կախարդական դաշնամուր» մանկական մյուզիքլը: Տոմսի արժեքն է 1000 դրամ:

Խամաճիկների պետական թատրոնում դեկտեմբերի 26-28-ը  և հունվարի 3-12-ը կբեմադրվի Լիլի Էլբակյանի ամանորյա երաժշտական ներկայացումը, որը կոչվում է «Համեցեք Լապլանդիա»: Տոմսի արժեքն է 600 դրամ:

Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում  այս տարի մինչև դեկտեմբերի 29-ը, իսկ նոր տարում` հունվարի 3-12-ը, փոքրիկների համար կբեմադրվի «Նոր տարվա նվերը» մանկական ներկայացումը: Տոմսի արժեքը 700-900 դրամ է:

«Մետրո» թատրոնում մինչև դեկտեմբերի 30-ը և հունվարի 3-10-ը կբեմադրվի ամանորյա հեքիաթ-ներկայացում` «Լուսերեսն ու Վարդերեսը»: Տոմսի արժեքն է 700 դրամ:

Արամ Խաչատրյան համերգասրահում  դեկտեմբերի 30-ին կներկայացվի «Ամանորյա ուրախ ներկայացում» խորագրով մանկական ժամանցային ծրագիրը: Տոմսի արժեքն է 1000 դրամ:

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում դեկտեմբերի 26-29-ը և հունվարի 3-11-ը կարող եք դիտել «Խեղկատակի ուրախ հեքիաթը» ներկայացումն` ըստ Հովհաննես Թումանյանի «Ոսկի քաղաքը» հեքիաթի: Տոմսի արժեքն է 800 դրամ:

Մինչև դեկտեմբերի 30-ն ամեն օր  ԵԹԿՊԻ-ում (Թատերական ինստիտուտ) կբեմադրվի «Ձյունանուշը հեքիաթների աշխարհում» մանկական ամանորյա ներկայացումը:  Տոմսի արժեքն է 500-750 դրամ:

Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում մինչև դեկտեմբերի 31-ն ամեն օր, իսկ նոր տարում` մինչև հունվարի 10-ը,  կբեմադրվի  Գրիգոր Խաչատրյանի «Կախարդական մատանի» ամանորյա երաժշտական հեքիաթ-ներկայացումը: Տոմսի արժեքն է 800 դրամ:

Դեկտեմբերի 27-29-ը մանուկներին ժպիտ կպարգևի շրջիկ կրկեսը: Տոմսերի արժեքը տատանվում է 2000-3000-ի միջև:

Մոսկվա կինոթատրոնում դեկտեմբերի 26-27-ին մանուկների համար կցուցադրվեն  «Երեք հսկաները հեռու ափերում»  և «Քրուդսների ընտանիքը»  մուլտֆիլմերը: Տոմսի արժեքն է 500-1000 դրամ:

Նաիրի կինոթատրոնում փոքրիկների համար դեկտեմբերի 27-30-ը կցուցադրվի մանկական «Զամբեզիա» մուլտֆիլմը: Տոմսի արժեքն է 1000 դրամ:

Իսկ եթե կորոշեք ձեր փոքրիկի ամանորն անմոռանալի դարձնել` Ձմեռ պապին ձեր տուն հրավիրելով, ապա ստիպված կլինեք  վճարել 20-40 հազար դրամ` կախված ժամից, թե երբ կնախընտրեք հյուրընկելալ Ձմեռ պապին ու Ձյունանուշին:

Աղբյուրը` www.ankakh.com