Պարտադիր չէ փոքր ջերմության դեպքում անմիջապես անտիբիոտիկներ ընդունել, ի վերջո տատիկների մեթոդները կան. Հ. Թոփչյան
Ավելի քան տասը տարի է, ինչ Եվրոպան պայքարում է հակաբիոտիկների կայունության դեմ: Մի շարք երկրներ, որոնց թվում նաև Միացյալ Նահանգները, արգելում են մանկահասակ երեխաներին բուժել հակաբիոտիկներով: Այս մասին այսօր Հակաբիոտիկների մասին իրազեկման համաեվրոպական օրվան նվիրված ասուլիսում ասաց Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը:
Նշենք, որ ԱՀԿ-ն կոչ է անում հանրությանը հակաբիոտիկները կիրառել միայն բժշկի նշանակմամբ և միայն բժշկի կողմից սահմանված ձևով:
Հ.Թոփչյանի խոսքերով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հակամանրէային դեղերի նշանակումների ավելի քան 40 տոկոսը հիմնավորված չէ:
«Խոսքը հատկապես վերաբերում է թույլ մրսածության, հարբուխի կամ անգինայի դեպքում հակաբիոտիկներով բուժմանը: Նման դեղորայքից խուսափում են նաև մեզ մոտ»,- ասաց Հ.Թոփչյանը:
Հարցին, թե ջերմության դեպքում ինչ միջոցների պետք է դիմել, նշեց, որ պարտադիր չէ փոքր ջերմության դեպքում անմիջապես անտիբիոտիկներ կամ այլ դեղեր խմել. «Ի վերջո տատիկների մեթոդները կան, որոնք ավելի լավ արդյունք են ապահովում: Պետք չէ միանգամից դեղորայքային բուժում սկսել»:
Հ.Թոփչյանը հավելեց, որ միայն այն դեպքում, երբ օրգանիզմը չի կարողանում պայքարել վարակի դեմ, բժշկի ցուցումով հարկավոր է դիմել նմանատիպ դեղորայքի:
Իսկ դրանց օգտագործումը, ինչպես նա նշեց, դեղորայքային կայունության են հանգեցնում:
Հ.Թոփչյանը հայտնեց, որ հակաբիոտիկային կայունությունը մեր երկրում նվազեցնելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը ռազմավարություն է մշակում: Կստեղծվեն ստանդարտ սխեմաներ, որից բուժման ընթացքում կօգտվի բժիշկը:
Մանրամասն՝ http://www.panorama.am/