ՏԱՐԵՄՈՒՏԻ ՄԱՂԹԱՆՔ. կամակո՛ր այծիկներ, հեռացե՛ք…

«Իմ Փոքրիկ»-ի կրտսեր ու ավագ ընթերցող, ահա եւ հրաժեշտ ենք տալիս մեր կապտաերանգ փայտե ձիուկին՝ 2014 թվականի խորհրդանիշին:  Բոլորս գիտենք, որ ձիերը նվիրված, աշխատասեր ու  խոհեմ կենդանիներ ենք: Հուսանք, փոքրիկ ընթերցող, որ դու էլ ձիուկի նման  եղել ես խոհեմ, լսել ես ծնողներիդ եւ աշխատասիրությանդ շնորհիվ  գիտելիքի մի հսկա պաշար ես կուտակել: Հիմա պետք է բացենք դռները, որպեսզի ներս ցատկի աշխույժ այծը՝ հաջորդ տարվա՝ 2015-ի սիմվոլը:

Այծերը, ինչպես գիտես, արագաշարժ, ճարպիկ եւ եռանդուն կենդանիներ են: Բայց մի քիչ էլ կամակոր: Արի խոստանանք, որ այս տարի կամակոր այծիկներին թույլ չես տա, որ քեզ այցի գան,  խանգարեն  ու բարկացնեն մայրիկին: Դե ասա՝ «խոստանում եմ»: Մի քիչ էլ բարձր, լավ չլսվեց: Այ հիմա լսելի դարձավ: Կեցցես: Բացի այդ, հիշիր, որ այծի կաթը շատ օգտակար է, առավոտյան անպայման կաթ խմիր, որ ունենաս առողջ ատամներ ու ամուր ոսկորներ:

 

Սիրելի մայրիկներ ու հայրիկներ, բայց եկեք խոստովանենք, որ այդ կամակոր այծիկները միայն փոքրիկներին չեն այցի գալիս: Նրանք նաեւ մեծերին են սիրում հյուրընկալվել ու փչացնել ընտանեկան տաքուկ, հանդուրժող ու ջերմ միջավայրը: Եկեք այս տարի նրանց թույլ չտանք, որ աշխատավայրում կամ մեկ այլ վայրում թաքուն մտնեն  մտքերի մեջ  ու մեզ հետ տուն գան: Անպայման ստուգեք մտքերը տուն մտնելիս: Ավելորդ, անպիտան ու նյարդայնացնող մտքերն անպայման դեն նետեք ու միայն դրական էներգիայով մտեք տուն:  Առաջին հերթին հենց այդ էներգիան է ջերմացնում ձեր ընտանիքի անդամներին եւ ոչ թե տաքացուցիչը:

Սիրելի տատիկներ ու պապիկներ, հոգատար եղեք ինքներդ ձեր հանդեպ: Հանուն ձեզ շատ սիրող թոռնիկների՝ դուք պարտավոր եք լինել առողջ ու կենսախինդ:  Դուք դեռ այնքա~ն անելիք ունեք:  Նաեւ ձեր շնորհիվ մեր հայ փոքրիկները կարող են դառնալ մեծ հայրենասերներ:

Թող 2015-ը լինի ընտանեկան ջերմագին հույզերի տարի: Իսկ մենք խոստանում ենք այդ հույզերի ամբողջականությանը նպաստել անհրաժեշտ տեղեկատվությամբ: Սպասեք նոր նախագծերի: Կհանդիպենք 2015-ի հունվարի 12-ին:

Մանկական հավատարմությամբ՝ «Իմ Փոքրիկ»