Թալինում հոսպիտալացվել է 11 երեխա

Հուլիսի 21-22-ը Թալինի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է դիմել 10-11 տարեկան 16 երեխա, որոնք գանգատվել են ջերմության բարձրացումից, սրտխառնոցից, որովայնի ցավից, լուծից, փսխումից: Երեխաներից 11-ի վիճակը գնահատվել է միջին ծանրության, որոնք հոսպիտալացվել են:

Մնացած երեխաների նկատմամբ կազմակերպվել է ամբուլատոր բուժում: Այսօր բոլորի վիճակը բավարար է, ունեն առողջացման դրական տեղաշարժ:

Հիվանդության առաջացման սննդային և ջրային գործոնը պարզաբանելու, ինչպես նաև հետագա տարածումը կանխելու նպատակով անմիջապես կազմակերպվել են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ: Մասնավորապես`

1.         լաբորատոր հետազոտությունների նպատակով հիվանդներից վերցվել են կենսանմուշներ, արդյունքում հայտնաբերվել է շիգելլա (զոննե),

2.         նոր հիվանդների վաղաժամ հայտնաբերման համար իրականացվում են բակային համայցեր,

3.         հիվանդների տնային օջախներում իրականացվել են ախտահանման աշխատանքներ,

4.         հետազոտվել է շրջակա միջավայրը, խմելու ջուրը և սննդամթերքը,

5.         իրականացվել է բժշկահիգիենիկ գիտելիքների քարոզչություն:

 

Աղբյուրը՝ առողջապահության նախարարություն