Մինչև 5 տարեկան երեխաների և մայրական մահացության ցուցանիշները զգալիորեն նվազել են

Անցած 20 տարում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում Հայաստանին հաջողվել է շատ խնդիրներ լուծել. այս մասին  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասել է հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի հետ հանդիպման ընթացքում:

Նախարարի խոսքով՝ իմունականխարգելմանը, երեխաների առողջ զարգացմանը, վերարտադրողական առողջության պահպանմանն ուղղված և մի շարք այլ, այդ թվում` հանրային առողջապահական ծրագրերի շնորհիվ նկատելի նվազել են մինչև 5 տարեկան երեխաների և մայրական մահացության ցուցանիշները, բարելավվել է երեխաների առողջությունը. այս մասին տեղեկացնում են ԱՆ մամուլի ծառայությունից:

 

«Վերջին 5 տարում իրականացված համատեղ ծրագրերի շնորհիվ արձանագրված հաջողություններն առավել ակնառու են»,-շեշտել է նախարարը` հույս հայտնելով, որ այսուհետեւ կհաջողվի խորացնել այդ ձեռքբերումները։

Տանյա Ռադոչայը պատրաստակամություն է հայտնել շարունակել աշխատանքը արդեն իսկ հաջողություններ արձանագրած թիմի հետ։

«Հատկապես տպավորիչ է, որ մայրական և մանկական մահացության ցուցանիշների բարելավումով մոտենում եք հազարամյակի նպատակներին»,-ասել է Տանյա Ռադոչայը` նշելով, որ վերջերս հաստատված Կայուն զարգացման նպատակները հստակեցնում են անելիքները մինչև 2030 թվականը։

Տանյա Ռադոչայն առաջարկել է համատեղ աշխատանքային խումբ ստեղծել՝ ավելի համակարգված և արդյունավետ համագործակցելու նպատակով։ Նա նաև պատրաստակամություն է հայտնել շարունակել ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը։

 

Աղբյուր` Panorama.am