Շնորհավոր Ամանո՜ր. 2016-ը դիմավորենք 3 հրաշագործ բառերով՝ «ներողություն», «շնորհակալություն», «խնդրում եմ»

Լուրեր

Սիրելի պստիկներ, պստիկների մայրիկներ ու հայրիկներ, մի քանի ժամից Ձմեռ պապիկը կազդարարի 2016-ը՝ հիշողություն դարձնելով մեր փոքրիկների՝ անցնող տարվա բոլոր կամակորությունները, մայրիկների հոգնությունն ու բարկությունը, հայրիկների՝ պարտեզից ու հանդեսից ուշացումները, տատիկների ու պապիկների՝ թոռնիկների չարաճճիությունից գանգատները:

Սիրելի պստիկներ, պստիկների մայրիկներ ու հայրիկներ, մի քանի ժամից Ձմեռ պապիկը կազդարարի 2016-ը՝ հիշողություն դարձնելով մեր փոքրիկների՝ անցնող տարվա բոլոր կամակորությունները, մայրիկների հոգնությունն ու բարկությունը, հայրիկների՝ պարտեզից ու հանդեսից ուշացումները, տատիկների ու պապիկների՝ թոռնիկների չարաճճիությունից գանգատները:

 

Այո, բոլոր պստիկներն էլ անում են չարաճճիություններ, ու մայրիկներն էլ,  օրվա վազքից հոգնած, երբեմն չեն դիմանում եւ մի քիչ բարկանում են տանը: Իսկ տատիկներն ու պապիկներն արդեն մի քիչ մեծ են ու ավելի շուտ են հոգնում, դրա համար երբեմն կարող է եւ չհանդուրժեն թոռնիկների կամակորությունները: Հայրիկներն էլ ախր շատ են աշխատում, որպեսզի իրենց ընտանինքներն անհոգ ապրեն, դրա համար էլ, այո, երբեմն ուշանում են:

«Իմ փոքրիկ»-ը հորդորում է իր բոլոր ընթերցողներին դասեր քաղել 2015-ի սխալներից ու 2016-ը դիմավորել անքննելի ներողամտությամբ,  սիրո անսահման պաշարով, հոգատարությամբ ու հույսով, զիջելով ու լավատեսությամբ, նվիրումով ու անկեղծությամբ,  աշխատասիրությամբ ու բարիք գործելու ազնիվ մղումով, ուսումը գնահատելով եւ սեփական սխալները գիտակցելու համարձակությամբ՝ բացառելով նախանձը, բարկությունն ու ագահությունը:

Եթե բոլորս կարողանանք հետեւել այս սկզբունքներին՝ մեր բոլորի ընտանիքներում կիշխի սերը, խինդը եւ ուրախությունը:

Սիրելի մայրիկներ ու հայրիկներ, եկեք լինենք շնորհակալ հենց նրա համար, որ ունենք ընտանիք՝ աշխարհի ամենաթանկ ու տաքուկ անկյունը, որի ջերմությունն ապահովում են մեր հրաշամանուկները՝ թեկուզ բարկացնելով  ու չարաճճիություններ թույլ տալով: Չէ՞ որ հենց դա է մանկության հաճույքը:

Եվ հիշեք այն 3 հրաշագործ բառերը, որոնք հաճախ արտաբերելով՝ 2016-ը կարող եք դարձնել ավելի լավը՝  «ներողություն», «շնորհակալություն», «խնդրում եմ»:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ  Ծնունդ...

ՀԳ. «Իմ փոքրիկ»-ը բոլորին մաղթում է անմոռաց տոներ եւ տեղեկացնում, որ կայքի թարմացումներին կարող եք հետեւել հունվարի 11-ից:

Գովազդ