Ընտանեկան բռնությունները` հանցագործության պատճառ

«Որդիս 9 տարեկան է, բայց ես հիմա եմ տեսնում նրա արցունքները, պատմում է Հայաստան Գևորգյանը,-սկզբնական շրջանում նրա  վարքագծում ոչինչ չէի նկատում»:

Որոշ ժամանակ անց  մայրը  նկատել է, որ որդին ոչ ոքի հետ չի շփվում, բացի մի քանի շատ մոտ հարազատների:«Այդ ժամանակ նա 2,5 տարեկան էր, մանկապարտեզում բացարձակապես ընկերներ չուներ և ամեն ինչից վախենում էր, հատկապես բարձր ձայներից, փակ տարածություններից ու մարդկանցից:Նրա խոսքը գնալով պակասում էր:Եվ այդ ամենն ընտանեկան  վեճերի պատճառով»:     Մինչ Հայաստանում կանայք բռնության են  ենթարկվում, վիճակագրությունն անում է իր «սև գործը»: Կանանց իրավունքների կենտրոնի  Ազգային թեժ գիծը 2010թ-ին  գրանցել է 1777 զանգ, որից 701-ը  (39,4%)  եղել է ընտանեկան բռնության վերաբերյալ:Իսկ 701-ից  424-ը` (60,5 %)  հոգեբանական, 264-ը` (37,6 %)  ֆիզիկական,  13-ը`  (1,8 %)  սեռական բռնության վերաբերյալ:

«Կան ընտանեկան բռնության տարբեր ձևեր` բարի, երբ ծնողն անգիտակցաբար  իր «չի կարելի»-ներով բռնանում է երեխայի վրա և հարվածային բռնության ձևը, այդ թվում ծեծը, ձայնի բարձր տոնը»,-ասում է Եղվարդի 3-րդ մանկապարտեզի տնօրեն, մանկան

հոգեբան Գոհար Ալեքսանյանը:Հոգեբանի համոզմամբ երեխան  կարող է կոմպլեքսավորվել, շրջապատում կարող է   դառնալ թույլ օղակ` անկարող, և ամենավտանգավորը`  երեխային կարող է  դարձնել հանցագործ:

 

Հայաստանը  3,5 տարեկան որդուն` Արտակին,  տանում է մասնագետի մոտ, պարզվում է, որ երեխան տառապում է աուտիզմ հիվանդությամբ` անկարողությամբ. «Մասնագետն ասաց, որ ձեռքբերովի աուտիզմը բուժվում է, բայց ոչ ամբողջությամբ»,- նշում է մայրը:

«Եթե երեխայի մոտ այս հիվանդությունը ձեռքբերովի է, ապա ծնողների, շրջապատի հոգատարության միջոցով  նա կարող է բուժվել: Դպրոց , մանկապարտեզ, ծնող եռանկյունին կարող է օգնել երեխային դուրս գալ այդ վիճակից:Նա  պիտի շփվի սովորական երեխաների հետ, իրեն օտարված չզգա: Չզգա իր հիվանդությունն ու շրջապատի խղճահարությունը: Լիակատար բուժումը կախված է ընտանիքի տրամադրվածությունից, լավ մթնոլորտից»,-ասում է հոգեբանը:

«Հիմա նրա վարքագծում բավականին առաջխաղացում կա, դպրոց է հաճախում, վախը հաղթահարել է, շփվում է մարդկանց հետ, հետաքրքրությունների շրջանակը փոխվել է:Եվ այս ամենն ընտանեկան սիրո և ջերմության շնորհիվ»,-հավելում  է Հայաստանը:

Երեխային մի ասա «քեզ սովորեցնում եմ, քեզ բուժում եմ, դա անխոս արա»,-վստահեցնում  է հոգեբանը:

9-ամյա Արտակն այժմ մայրիկի հետ  սիրով է  գնում  զբոսանքի, հատկապես  Կենդանաբանական այգի:Այնինչ Հայաստանի հավաստմամբ երեխան միշտ անտարբեր է եղել կենդանիների նկատմամբ:«Հիմա, երբ տանը մեկնումեկը սկսում մի քիչ բարձր խոսել, Արտակը զայրանում է, ձեռքը խփում է սեղանին, հիմա նա արձագանքում է այդ ամենին: Իսկ փոքր տարիքում նա փակվում էր սենյակում և օրերով չէր խոսում ոչ ոքի հետ»,-պատմում է Արտակի մայրը:

 

Արփինե Մինասյան