Պետությունը կաջակցի երիտասարդ մայրերին՝ նպաստելով աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը. womennet.am  

Լուրեր

Բազմաթիվ  երիտասարդ  կանայք ամուսնությունից և հատկապես ծննդաբերությունից հետո բախվում են ուսում ստանալու, աշխատանքը շարունակելու խնդրին:

Մասնագիտություն ունեցող կանայք, տանը նստելով և երեխային խնամելով, կորցնում են մրցունակությունն աշխատաշուկայումԻսկ միջնակարգ կրթություն ունեցող  կանայք երազում են բարձրագույն կրթություն ստանալու մասին: Հետագայում հենց այս կանայք են ավելի հաճախ հայտնվում գործազրկության խնդրի առաջ: ՀՀ կառավարության սեպտեմբերի 28-ի  նիստում  հավանության արժանացած  «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում  փոփոխությունները միտված են  աջակցելու   նման խնդիրներ ունեցող  երիտասարդ  մայրերին:

… «Համարվում է , որ կնոջ առաքելությունն առաջին հերթին ընտանիք ունենալն է, մայր դառնալն է, բայց կարծում եմ, որ պետք է հեռու մնալ այն կարծատիպից, թե կինը միայն տնային տնտեսուհի է և երեխաներ դաստիարակող»,- WomenNet-ի հետ զրույցում ասում է 37-ամյա Քրիստինե Առաքելյանը: Քրիստինեն ամուսնացել է 18 տարեկանում, դպրոցն ավարտելուց հետո փորձել է բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվել, բայց դրական միավորի շեմը չի հաղթահարել: Ամիսներ անց ամուսնացել է, իսկ  բարձրագույն կրթություն ստանալը  դարձել է անիրականանալի երազանք:  «20 տարեկանում ունեցա առաջնեկիս, երկու տարի անց՝ երկրորդ զավակիս, ու այդպես էլ չկարողացա կրթություն ստանալ: Սկսեսուրս աշխատում էր, երեխաներին պահող չունեի, իսկ հետո մտածում էի, որ անիմաստ է կրթության մասին մտածել: Տարիներ հետո հասկացա, թե ինչ սխալ եմ գործել: Այսօր ֆինանսական լուրջ խնդիրներ ունենք, ամուսնուս աշխատավարձով  մի կերպ ենք  ծայրը ծայրին հասցնում, ես էլ արդեն 6 ամիս է՝ չեմ աշխատում»,- պատմում է Քրիստինեն: Նրա խոսքով՝  եթե բարձրագույն կրթություն ունենար, ապա կկարողանար ավելի հեշտ աշխատանք գտնել: Այսօր, ըստ նրա, միայն կարող է ինչ-որ արտադրամասերում, խանութում աշխատել. «Աշխատում էի փոքրիկ արտադրամասում, բայց դա էլ փակվեց ու հիմա անգործ եմ: Դիմել եմ տարբեր տեղեր, բայց պատասխան չկա: Երբեմն մտածում եմ որևէ մասնագիտություն ստանալ, բայց  դրա համար ֆինանսական միջոցներ են հարկավոր: Հիմա առաջին հերթին երեխաներիս կրթության հարցերն են ինձ մտահոգում»,- ասում է Քրիստինեն:

 Նշենք, որ ՀՀ սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավմանը, արտագաղթի կանխարգելմանն ու երիտասարդ մայրերի աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանն ուղղված զբաղվածության նոր պետական ծրագրերի ներդրման նպատակով` ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծով սահմանվում է երիտասարդ մայրերի համար բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալուն նախապատրաստման աջակցության իրավունքը, ինչպես նաև երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության իրավունքը:

Նախագծի մշակման շրջանակներում կարևորվել է առկա միջազգային փորձը: Աշխատանքը և ծնող լինելը համատեղելու հնարավորությունը ժամանակակից աշխարհում հաջողված ժողովրդագրական քաղաքականության բանալին է: Զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ ծնելիությունը ներկայում ավելի բարձր է այն տարածքներում, որտեղ աշխատող մայրերի տոկոսն ավելի բարձր է, որտեղ կանանց կրթական մակարդակն ավելի բարձր է և որտեղ գործազրկության մակարդակն ավելի ցածր է: Օրինակ՝ Իսլանդիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում և Դանիայում, որտեղ ծնելիության մակարդակը տատանվում է 1.9-2.2 երեխայի ծնունդ մեկ կնոջ հաշվով սահմաններում, 25-54 տարեկան բոլոր մայրերի 75-85 տոկոսը զբաղված են: Նման երկրներում մինչև երեք տարեկան երեխաներ ունեցող մայրերն ավելի հաճախ են վերադառնում աշխատանքի, քան ցածր ծնելիության մակարդակ ունեցող երկրներում:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

 

Գովազդ