Խտացրած կաթի անվան տակ վաճառվել է բուսական յուղից պատրաստված մթերք. ՏՄՊՊՀ-ն խախտումներ է հայտնաբերել. Tert.am

Լուրեր

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում կայացած նիստի ընթացքում ներկայացվեց, թե ինչ խախտումներ են հայտնաբերվել խտացրած կաթի, յուղի և հալած պանրի շուկաներում:

ՀՀ ՏՄՊՊՀ անբարեխիղճ մրցակցության պաշտպանության բաժնի պետ Արեգ Հովհաննիսյանը իր զեկույցում հայտնեց, որ խախտումներ են հայտնաբերվել, ընդհանուր առմամբ 30 ընկերություններում, ինչի համար ՀՀ ՏՄՊՊՀ որոշմամբ վերջիններիս տրվեց խիստ նախազգուշացում՝ խնդիրը  հնգօրյա ժամկետում վերացնելու հանձնարարականով: 

Այսպիսով, ըստ բացահայտված խախտումների՝ խտացրած կաթի անվան տակ վաճառվել է բուսական յուղից պատրաստված մթերք, նույնը նաև հայտնաբերվել է թթվասերի, յուղի և հալած պանրի շուկաներում:

«Դիտանցումներ են իրականացվել  խոշոր սուպերմարկետներում, ինչի արդյունքում պարզվել է, որ առկա են մի շարք խնդիրներ: Մասնավորապես, բոլոր դեպքերում, առանց բացառության գնապիտակների վրա նշված է եղել խտացրած կաթ անվանումը, այն դեպքում, երբ վաճառվող ապրանքը իրականում եղել է բուսական յուղից և այլ բաղադրիչներից պատրաստված մթերք»,-ասաց նա:

Նա պարզաբանեց, որ խտացրած կաթ կարող է կոչվել բացառապես մաքուր կաթից պատրաստված մթերքը: «Բացի այդ, հայտնաբերված մի շարք դեպքերում էլ արտադրանքի ռուսերեն մակնշման մեջ մանրամասն նշված է եղել, որ այն պատրաստված է բուսական յուղերից՝ մի շարք հավելանյութերի ավելացմամբ, մինչդեռ մատակարարը այն հայերեն թարգմանել է որպես խտացրած կաթ, ինչն անթույլատրելի է: Նույն խնդիրը առկա է նաև թթվասերի, յուղի և հալած պանիրների շուկայում: Այս պարագայում ևս մակնշումները արվել են սխալ՝ շփոթության մեջ դնելով և մոլորեցնելով սպառողներին»,-ասաց նա:

Արեգ Հովհաննիսյանն ասաց, որ տնտեսվարողների մի մասը ընդունել է իրենց կողմից խախտումներ կատարելու փաստը՝ նշելով, որ վարույթի հարուցումից անմիջապես հետո խնդիրը շտկվել է, որոշներն էլ Հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումների ընթացքում տեղեկացրել են, որ իրենց թյուրիմացության մեջ են գցել մատակարարները, քանի որ վերջինները մատակարարման հաշիվ-ապրանքագրերում նշված ապրանքները մատակարարել են հենց խտացրած կաթ, թթվասեր, հալած յուղ և հալած պանիր անվանումներով:

Այսպիսով, հանձնաժողովն ուսումնասիրել է նաև մատակարար ընկերությունների գործունեությունը  և պարզել, որ բազմաթիվ դեպքերում վերջիններս ապրանքի մատակարարման ժամանակ իրացրել են բուսական յուղից պատրաստված մթերքներ, սակայն դրանք ներկայացրել են որպես ամբողջովին մաքուր կաթից պատրաստված թթվասեր, հալած յուղ, հալած պանիր և խտացրած կաթ:  

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրի կայքում

Գովազդ