Աշխարհի միակ երկիրը, որտեղ հայրերը երեխաների հետ ավելի շատ ժամանակ են անցկացնում, քան մայրերը

Լուրեր

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության(OECD)վերջին զեկույցը հետաքրքիր վիճակագրություն է ներկայացրել 5.5 միլիոն բնակչություն ունեցող Ֆինլանդիայի մասին:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, պարզվում է ` Ֆինլանդիան զարգացած աշխարհի միակ երկիրն է, որտեղ հայրերը դպրոցական տարիքի երեխաներին ավելի շատ ժամանակ են հատկացնում, քան մայրերը: Ի դեպ Ֆինլանդիան 2016 թվականին համարվել է գենդերային առումով աշխարհում երկրորդ հավասար երկիրը, իսկ աշխատող մայրերի համար` լավագույնը: Որն է նման ցուցանիշի գաղտնիքը: Guardian-ը գրում է, որ նման փոքր ազգի հաջողությունը պայմանավորված է հավաքական գործողություններով և քաղաքական կամքով, սոցիալական ժողովրդավարության ուժեղ ավանդույթներով և բարենպաստ հարկային համակարգով: Բացի այդ, Ֆինլանդիայում հարցին այլ տեսանկյունից են նայում` ոչ թե ինչն է հարմար մեծահասակների համար, այլ ինչն է լավ երեխայի համար:

«Սա գենդերային հարց է, բայց ավելի շատ կապված է երեխաների իրավունքների հետ»-ասում է Ֆինլանդիայի ընտանեկան հարցերի և սոցիալական ծառայությունների նախարար Անիկա Սաարիկոն` 9 նախարարներից բաղկացած կաբինետի 7 կին նախարարներից մեկը: «Հարցը մոր կամ հոր իրավունքը չէ, հարցը երկու ծնողների հետ հավասար ժամանակ անցկացնելու երեխայի իրավունքն է»,-ավելացնում է նախարարը:

Ֆինլանդիայում հավատում են, որ հայրերը վճռական դեր են կատարում երեխայի զարգացման գործում: Կառավարությունը հայրերին առաջարկում է հետծննդաբերական կամ նախածննդյան 9 շաբաթվա արձակուրդ, որի ընթացքում վճարում է աշխատավարձի 70%-ը, և սա միակ խրախուսանքը չէ:

Աղբյուրը՝ Ankakh.com

Գովազդ