Sidebar

«Փոքրիկիս ոտքերի եղունգները շերտավորվում են և շուտ կոտրվում: Ի՞նչ խորհուրդ կտաք». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Անուն: Արմինե

Հարց: Ի՞նչ կարող եմ տալ յոթ  ամսական  երեխայիս: Արդյոք կարո՞ղ  եմ  յոգուրտ տալ:

 

Պատասխան։ Հարգելի Արմինե, սկսեք Ձեր երեխային տալ բանջարեղենի պյուրե, հնդկացորենի, սպիտակաձավարի կամ եգիպտացորենի թանձր շիլա՝  կաթով և կարագով կամ բուսական յուղով պատրաստված։ Սպիտակուցային սնունդ՝ ձու, կաթնաշոռ, եփած անյուղ միս կամ ձկնեղեն` քերիչով անցկացրած վիճակում։ Կաթնաթթվային մթերք՝ կեֆիր, մածուն, թան։ Բազմազան մրգեր։ Ընտանեկան սեղանից լապշա, հաց և այլ մակարոնեղեն։ Կարող եք փոքրիկին տալ նաև մրգային հյութեր և կամպոտներ։ Սկսեք քիչ քանակներից (2-3 թ/գ) աստիճանաբար ավելացնելով մինչև 250 գ։

Անուն: Անի

Հարց: Բարև  Ձեզ , փոքրիկս  հինգուկես ամսական է, քաշը՝ 10 կգ, գլուխը  շատ  թույլ է պահում, միշտ կամ  ուսերի  աջ  մասում  է , կամ՝  ձախ:   Ի՞նչ  խորհուրդ  կտաք:

Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Անի, խորհուրդ կտամ Ձեզ դիմել մանկական նյարդաբանի և զարգացման մանկաբուժի։

Անուն: Էլեն

Հարց: Բարև  Ձեզ: Իմ  փոքրիկը  վեցուկես   ամսական:  Ամբողջ  մարմնի  վրա  մանր, կարմիր  գույնի  ցաներ  են  հայտնվել: Հնարավո՞ր է, որ դա առաջացած լինի ծիրանի ու սալորի խառնուրդից   պատրաստած  հյութից: Ի՞նչ անեմ, որպեսզի  անհետանան: Կանխավ  շնորհակալություն :

Պատասխան։ Բարև  Ձեզ, հարգելի Էլեն, իհարկե ծիրանից ու սալորից ալերգիկ ռեակցիան հնարավոր է։ Կարծում եմ մինչ իմ` Ձեր հարցին պատասխանելը և այն վեբ կայքում տեղադրելը, Դուք խնդիրը ինչ-որ կերպ լուծած կլինեք, ուստի ապագայի համար խորհուրդ կտամ Ձեզ նման դեպքերում դիմել բժշկի, այլ ոչ թե հարցը գրել կայքում և սպասել պատասխանի, քանի որ նման խնդիրները պետք է լուծել արագ։

Անուն: Անի

Հարց:Հարգելի  բժիշկ, ինչո՞վ է  պայմանավորված մեկ ամսական  փոքրիկի  խորխային  հազը: Բժիշկը  լսել  է   թոքերը, որոնք  կոշտացած  չեն: Փոքրիկս  անհանգիստ  չէ և տաքություն  չունի: Կանխավ  շնորհակալություն:

Պատասխան։ Հարգելի Անի, կդժվարանամ Ձեզ օգնել շփման այս ֆորմատով, քանի որ ես ո՛չ զննել եմ Ձեր փոքրիկին, ո՛չ էլ որևէ տեղեկություն ունեմ նրա անալիզների և առողջության մասին։

Անուն:Թամարա

Հարց:Բարև Ձեզ: Բալիկս մեկ տարեկան վեց ամսական է: Ոտքերի եղունգները շերտավորվում են և շուտ կոտրվում: Նշեմ, որ բալիկս ուտելու հետ որևէ խնդիր չունի, մանկաբույժն ասաց, որ վիտամինի պակասից է լինում, բայց որևէ  նշանակում  չարեց: Դուք ի՞նչ խորհուրդ  կտաք:

Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Թամարա, խորհուրդ կտամ Ձեզ կալցիումով, ֆոսֆորով և երկաթով հարուստ սնունդը շատացնել երեխայի ռացիոնում և չմոռանալ վիտամին Դ-ի մասին։

Անուն: Մարինե

Հարց: Բարև Ձեզ: Ինչպե՞ս բարձրացնել երեխաների իմունիտետը ծով տանելուց առաջ: Ի՞նչ դեղորայք  տանել  մեզ  հետ: Երեխաները երեք և հինգ տարեկան են: Շնորհակալություն:

Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Մարինե, եթե երեխան ծով գնալուց առաջ առողջ է, ապա պետք է ենթադրել, որ նրա իմունիտետի հետ ամեն ինչ կարգին է և պետք չէ միջոցներ ձեռնարկել այն ավելի բարձրացնելու համար։ Եթե երեք և հինգ տարեկան երեխաները գնում են ծով, դա դեռ չի նշանակում, որ վերադառնալիս նրանք պետք է հիվանդ լինեն։ Այնուամենայնիվ, խորհուրդ կտամ Ձեզ հետ ունենալ ջերմիջեցնող միջոց և դեղորայք լուծի դեմ` որպես առաջին օգնության միջոցներ։

Անուն: Սոֆի

Հարց: Բարև Ձեզ: Իմ աղջիկը  երկու  տարեկան  հինգ ամսական է, արդեն ութ  ամսականից նա տարօրինակ շարժում  էր  անում հետույքի  հատվածով: Բժշկի դիմել եմ, շատ տարօրինակ բուժումներ են նշանակել, նույնիսկ մի անգամ  հոգեմետ  դեղ էին  նշանակել,  բայց վախեցա ու  չտվեցի: Հետո կարծում  էի տակդիրներից  է: Բայց  հիմա չի հագնում ու շարունակում է էլի անել, ու թվում է, որ  բոլոր   մկանները  ձգված են,  ու ինքը շատ  նյարդային  է: Մի   խորհուրդ  տվեք, ես շատ եմ անհանգստանում , երբ  այդպես  է  անում: Նախապես  շատ  շնորհակալություն:

Պատասխան։Բարև ձեզ հարգելի Սոֆի, ցավում եմ, բայց ոչնչով չեմ կարող օգնել, քանի որ դուք չպարզաբանեցիք, թե ինչ շարժումների մասին է խոսքը։ Ես չկարողացա հասկանալ խնդրի էությունը:

Անուն:Թերեզա

Հարց: Իմ  բալիկը  մեկ կիլոգրամ  նիհարեց 20 օրում:  Ի՞նչ  կարող  եմ  կերակրել,  որ քաշը  ավելանա:

Պատասխան։ Հարգելի Թերեզա, նախ պարզեք նիհարելու պատճառը, որպեսզի որևէ հիվանդություն բաց չթողնեք: Եթե ամեն ինչ կարգին կլինի,  կարող եք երեխայի ռացիոնում ավելացնել սպիտակուցներով և ճարպերով հարուստ սննդամթերքը։

Անուն:Հեղինե

Հարց: Հարգելի բժիշկ , չգիտեմ հարցս ճիշտ մասնագետի եմ ուղղում, թե ոչ, բայց խնդրում եմ խորհուրդ տաք: Ինչպե՞ս անեմ, որ տղաս սկսի միրգ ուտել: Նա արդեն երկու տարեկան է: Շնորհակալություն:

Պատասխան։ Հարգելի Հեղինե, կարող եք մրգերը տալ հարիչով (բլենդեր)  հարած վիճակում կամ պյուրեների տեսքով, պաղպաղակի մեջ կտրատած և այլն։

Անուն: Թերեզա

Հարց: Բարև Ձեզ,  իմ  բալիկը վեց  ամսական է: Արդեն  կարո՞ղ եմ բանան և կաթնաշոռ  տալ նրան:

Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Թերեզա, իհարկե, կարող եք տալ։ 6-12 ամսական փոքրիկին կարող եք տալ նաև բանջարեղենի պյուրե, հնդկացորենի, սպիտակաձավարի կամ եգիպտացորենի թանձր շիլա՝ կաթով և կարագով կամ բուսական յուղով պատրաստված։  Սպիտակուցային սնունդ՝ ձու, կաթնաշոռ, եփած անյուղ միս կամ ձկնեղեն` քերիչով անցկացրած վիճակում։ Կաթնաթթվային մթերք՝ կեֆիր, մածուն, թան։ Բազմազան մրգեր։ Ընտանեկան սեղանից լապշա, հաց և այլ մակարոնեղեն։ Մրգային հյութեր և կամպոտներ։ Սկսեք քիչ քանակներից (2-3 թ/գ), աստիճանաբար ավելացնելով մինչև 250գ։